Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ նախարար Արմեն Աշոտյանը հանդիպեց ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ:
Շնորհավորելով նրանց տոնի առթիվ` նախարարն ասաց, որ հայ ուսանողության սրբազան պարտքը լավ սովորելն է. «Վերջիվերջո, ձեր ուսանողական կարգավիճակը հետեւանք է այն հանգամանքի, որ բուհում եք սովորում եւ պարտավոր եք պատվով անցնել այդ ճանապարհը եւ արդարացնել ձեր ծնողների, բարեկամների եւ պետության հույսերը` կապված ձեր մասնագիտական առաջընթացի հետ»:
Նախարարի խոսքով. «Վերջին տարիներին կիրառված հստակ քայլերի շնորհիվ կրթական համակարգում ընդլայնվել են ուսանողների իրավունքները: Մեր նպատակն է` հասնել լիարժեք ուսանողակենտրոն կրթական համակարգի, որպեսզի ուսանողը դառնա ուսումնական հաստատության գործունեությունը հիմնավորող եւ արդարացնող սուբյեկտը: Առանց ուսանողի չկա բուհը, հետեւաբար` այն պետք է դեմքով շրջվի դեպի ուսանողը եւ պատրաստ լինի սպասարկել նրա կրթական կարիքները: Անկախ այն հանգամանքից, որ մեզ եւ ուսանողներին մեղադրում են ցածր առաջադիմության եւ կրթության հանդեպ հետաքրքրությունը կորցնելու եւ այլ աշխարհիկ մեղքերի մեջ, փաստեմ, որ ունենք փայլուն ուսանողություն: Այն ամենօրյա տքնաջան աշխատանքով արդարացնում է իր կոչումը: Միաժամանակ, կա ուսանողության մի հատված, որը կարծես չի գիտակցում, որ իր վաղվա օրը կախված է հիմնականում ստացած կրթությունից»:
Արմեն Աշոտյանը փաստեց, որ ուսանողական տարիները գայթակղիչ են ժամանցի եւ կյանքը ուրախ անցկացնելու տեսանկյունից. «Հավաստիացնում եմ, որ լավ սովորելը կարելի է համատեղել ուսանողական կյանքի հաճելի պահերը վայելելու հետ: Պետք է լավ սովորել, քանի որ հայ ծնողը ոչինչ չի խնայում` երեխայի համար լավ կրթություն ապահովելու համար»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ