Լրահոս
Օրվա լրահոսը

Ռաիսա Մկրտչյանը դեմ էր դստեր կարիերային

Նոյեմբեր 17,2012 12:54

Որքան էլ «Արամ Խաչատրյան» համերգասրահում նոյեմբերի 18-ին կայանալիք երեկոն հոբելյանական է՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին, կարծում ենք՝ երեկոյի «մեխերից» մեկը կհանդիսանա առաջին անգամ հայ հանդիսատեսին ներկայացող մոսկվաբնակ ջազային երգչուհի Արմինե Սարգսյանի բեմելը։ Նա տիկին Մկրտչյանի դուստրն է, ով 1997 թվականից Օլեգ Լունդստրեմի ղեկավարած պետական կամերային ջազ նվագախմբի մեներգչուհին է։

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Արմինեն ասաց, որ իր համար իսկապես պատիվ է բեմ բարձրանալ լեգենդար նվագախմբի հետ, որի մեներգչուհիներն են հանդիսացել Մայա Կրիստալինսկայան, Ալլա Պուգաչովան, Իրինա Պոնարովսկայան, Իրինա Օտիեւան եւ այլ հայտնի անուններ. «Գինեսի ռեկորդների գրքում Լունդստրեմի 75-ամյա ջազ նվագախումբը գրանցված է իբրեւ ռուսաստանյան ջազային հին կոլեկտիվ։ Ես բախտ եմ ունեցել բեմ բարձրանալ մաեստրոներ Լունդստրեմի, հետո՝ Գեորգի Գարանյանի, հիմա էլ՝ Բորիս Ֆրունկինի ղեկավարությամբ»։

Այս տարի՝ գարնանը, Հայաստանում անցկացված միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում, «փակ» միջոցառման ժամանակ Լունդստրեմի նվագախումբը եւ Հյուսնունցի ղեկավարած Հայաստանի պետական ջազ նվագախումբը «մեջլիս» էին մտել։ Այս առիթով մեր զրուցակիցը ասաց, որ ռուս ջազմենները հիացմունքի խոսքեր շռայլեցին հայ կոլեգաների հասցեին։ Հետաքրքրությանը՝ ինչո՞ւ չի համագործակցում հայ ջազմենների հետ, Արմինեն նախ փորձեց հավաստիացնել, որ պատճառը ժամանակի սղությունն է, հետո էլ ասաց, որ սիրով բեմ կբարձրանա Հյուսնունցի, Վահագն Հայրապետյանի, Լեւոն Մալխասյանի հետ։

Հարցին, թե հայաստանյան շոու -բիզնեսի ներկայացուցիչներից որեւէ անուն հոլովվո՞ւմ է Ռուսաստանում, Արմինեն պատասխանեց. «Ո՛չ…կամ գուցե ես չեմ լսել։ Օրինակ՝ երգչուհի Սոնան էլ է ապրում ու ստեղծագործում Մոսկվայում, գուցե նրա անունը հոլովվում է… Հայության շրջանում մշտապես շրջանառվում է Ռուսաստանում ցանկալի հյուր, երգիչ Թաթա Սիմոնյանի անունը»։

Արմինե Սարգսյանից հետաքրքրվեցինք իր երգացանկով։ Նա հայտնեց, որ մշտապես դիմում է ջազային ավանդական գրականությանը, ֆրանսիական շանսոնին, լատինա-ամերիկյան կրակոտ ռիթմերին, ռուսական ռոմանսին, եւ իհարկե՝ հայկականին։ Ասաց նաեւ, որ Երեւանում կայանալիք համերգին կներկայացնի երկու ջազային ստեղծագործություն եւ «Որսկան ախպեր» ժողովրդական երգը՝ Ռաիսա Մկրտչյանի հետ դուետով։

Մեզ հասած լուրը, թե համերգին հատուկ Երեւան է այցելելու ջազային այնպիսի անուն, ինչպիսին դաշնակահար Դանիիլ Կրամերն է, մեր զրուցակիցը հաստատեց, հավելելով, թե շուրջ 2 տարի է, ինչ տարբեր երկրներում ինքը հանդես է գալիս նաեւ այս ջազային դաշնակահարի հետ։

Ի դեպ, Արմինե Սարգսյանը շեշտեց, որ մայրը դեմ է եղել իր՝ երգչուհու կարիերային:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930