Անցյալ տարի առաջին անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի եւ Webtv.am հեռուստատեսության նախաձեռնությամբ կազմակերպվեց համահայկական առաջին առցանց «WebԾիրան» կինոփառատոնը: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց Webtv-ի տնօրեն Արայիկ Մանուկյանը, «WebԾիրան-2012»-ը կմեկնարկի նոյեմբերի 20-ին եւ կավարտվի դեկտեմբերի 20-ին: Կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես Webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ:
Պարոն Մանուկյանն ասում է, որ նման փառատոնի անհրաժեշտություն ծագել է, երբ ինքը թերթել է հայկական կինոյի կատալոգը ու տեսել, որ հարյուրավոր ֆիլմեր ստեղծվել են ու մնացել «դարակներում»: Բացի սրանից, նրա խոսքով, այսօրվա տեխնոլոգիական ժամանակաշրջանում չօգտագործել համացանցի հնարավորությունները, միամտություն կլինի, մանավանդ կան ռեժիսորներ եւ ընդհանրապես ստեղծագործող մարդիկ, որոնք տարբեր միջոցներով ֆիլմեր են արել, բայց ներկայանալու հնարավորություն չունեն: Իսկ «WebԾիրան»-ը այս առումով բացառիկ հարթակ է:
Webtv-ի տնօրենի համոզմամբ, առաջին առցանց փառատոնը ստացվել էր, ավելին՝ իրենք ավելի շուտ են հղացել առցանց փառատոնի գաղափարը, քան YouTube-ը:
Կարդացեք նաև
«Հետաքրքիր էր, որ առաջին փառատոնի ժամանակ 49 ֆիլմը 52000 անգամ դիտեցին: Ֆիլմ դիտելու համար այդքան այցելու ունենալը լուրջ ցուցանիշ է: Բնականաբար, պետք է շարունակեինք փառատոնը, եւ լավ է, որ «Ոսկե ծիրանն» ու «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կրկին տեր կանգնեցին «WebԾիրան»-ին»,- նշում է մեր զրուցակիցը: Նա մտածում է, որ գուցե ժամանակի ընթացքում փառատոնը ինչ-որ առումով ձեւաչափը փոխի, ասենք՝ մի անգամ լինի անիմացիոն օնլայն ֆիլմերի փառատոն, հաջորդ անգամ՝ զուտ մաքուր վավերագրական եւ այլն: «Չի բացառվում, որ, օրինակ, առաջարկենք նկարահանել ֆիլմեր Երեւանի մասին, եւ ա՛յդ ֆիլմերը կմասնակցեն փառատոնին»,- հավելում է Արայիկ Մանուկյանը:
«WebԾիրան-2012»-ին մրցանակային ֆիլմերը կգնահատվեն պրոֆեսիոնալ ժյուրիի միջոցով, որի կազմում, ըստ Մանուկյանի, անպայման կլինեն երիտասարդ կինոքննադատներ. «Սա նաեւ թույլ կտա օգնել կինոքննադատության դպրոցին: Ժամանակին լուրջ կինոքննադատություն կար ԽՍՀՄ-ում, որի մի մասն էլ Հայաստանն էր կազմում, հիմա առանձին մարդիկ են մնացել: Վերջերս Հայաստան էր եկել ճանաչված կինոգետ Անտոն Դոլինը: Երբ իրեն լսեցի, հասկացա, որ ի տարբերություն Հայաստանի, Ռուսաստանում շատ լուրջ կինոքննադատական դպրոց կա: Նույն եզրակացության եկա նաեւ «Ոսկե ծիրանի» ժամանակ Ալյոնա Շումակովայի հետ հարցազրույց վարելիս: Էնպես որ, թող մեր փառատոնում երիտասարդ մարդիկ գնահատեն ֆիլմերը եւ ժյուրիի անդամ լինելը դրական ազդակ լինի նրանց համար: Համացանցում ամենաշատ դիտումներ ունեցող ֆիլմը կստանա «Համակրանք» խրախուսական մրցանակը»:
Մեր զրուցակիցը ցանկություն ունի, որպեսզի Հայաստանի ազգային կինոկենտրոնը, «Հայկ» կինոստուդիան, Կինեմատոգրաֆիստների միությունը, Թատրոնի եւ կինոյի ինստիտուտը եւս ակտիվորեն մասնակցեն փառատոնին.
«Երբեմն չեմ հասկանում, թե ինչու որոշ ռեժիսորներ, որ չարչարվել ու ֆիլմ են նկարել, պահում են դրանք: Այլ հարց է, որ հատկապես երիտասարդները մտածում են, թե իրենց նկարածը գլուխգործոց է եւ նպատակ ունեն մասնակցել Կաննի կամ Վենետիկի փառատոներին, որտեղ կանոնակարգերը թույլ չեն տալիս նախապես ցուցադրված ֆիլմեր ուղարկել: Բայց եթե այդ հեռանկարը չի սպասվում իրենց ֆիլմին, ինչի՞ համար է այդ պասիվությունը: Կուզենայի, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը կամ «Հայկ» կինոստուդիան, որտեղ ֆիլմեր են հավաքված, որոշակի ակտիվություն ցուցաբերեին, որովհետեւ շատ ֆիլմերի հեղինակային իրավունքներն իրենց է պատկանում, եւ ի վերջո ֆիլմը հասարակության համար է: Մենք որեւէ խնդիր չունենք հեղինակային իրավունքների հետ կապված, շահ եւս չունենք: Ընդհակառակը, անում ենք ծախսեր, պահում ենք աշխատակազմ, որը ֆիլմերը ինտերնետով հեռարձակում է, հեռուստատեսային կայք ենք պահում, ու ուզում ենք, որ այդ հարթակն օգտագործվի, թե չէ՝ հաճախ բողոքում են, որ հարթակ չկա, հեռուստատեսությունը հասանելի չէ, կինոթատրոններ չկան…»:
Webtv-ի տնօրենը մի ցանկություն էլ ունի՝ ապագայի հետ կապված. «Ոսկե ծիրանի» փառատոնային ծրագրերից մեկը առցանց լինի, նույնիսկ առցանց տոմսեր վաճառվեն՝ փառատոնին մասնակցելու համար, ինչպես արվում է, օրինակ, Վենետիկի կինոփառատոնում: Գուցե առաջիկա հոբելյանական «Ոսկե ծիրանում» հնարավոր լինի դա իրականացնել, քանի որ կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը եւս այդ գաղափարի կրողն է: Ի վերջո, ոմանք չեն հասցնում գալ դահլիճ ֆիլմ նայելու, իսկ օնլայն տոմսի դեպքում կարելի է ընդամենը ունենալ գաղտնաբառ եւ սիմվոլիկ գումարով նայել ֆիլմը՝ հարմար ժամի, հարմար վայրից»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ