Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստան-Ադրբեջան-2012. Ադրբեջանի միգրացիոն գործընթացների առանձնահատկությունները

Նոյեմբեր 17,2012 12:48

Հարցազրույց Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի Կոնֆլիկտաբանության եւ միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովի հետ:

– Ինչպիսի՞ն է այսօր Ադրբեջանում միգրացիոն իրավիճակը: Փոխվե՞լ են, արդյոք,  միգրացիայի պատճառներն անցած տարիների համեմատ:

– Հետխորհրդային Ադրբեջանում միգրացիոն գործընթացները մի քանի փուլով են զարգացել, որոնք տարբեր ազդեցություն են գործել հասարակության սոցիալ-տնտեսական եւ քաղաքական կյանքի վրա: Առաջին փուլը (1988-1994 թթ.) սկսվեց դեռեւս ԽՍՀՄ-ի տարիներին եւ կապված էր Ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաեւ ԽՍՀՄ փլուզման հետ: Միգրացիոն հոսքն Ադրբեջանից հիմնականում ուղղված էր դեպի Ռուսաստան եւ Հայաստան, ինչպես նաեւ՝ ԱՊՀ երկրներ: Նախկին ԽՍՀՄ-ի սահմաններից դուրս Ադրբեջանի քաղաքացիներն ամենից շատ նախընտրում էին Իսրայելն ու ԱՄՆ-ն:

Երկրորդ փուլը սկսվեց 1994թ.-ին շփման գծում ռազմական գործողությունների դադարեցումից հետո: Հենց այս ժամանակից սկսած պետք է խոսել Ադրբեջանից աշխատանքային արտագաղթի մասին, ինչը կապված է հզոր տնտեսական ճգնաժամի հետ: Միգրացիոն այս հոսքի հիմնական դերակատարներն արդեն ադրբեջանցիներն էին՝ հիմնականում շրջանների բնակիչները: Ադրբեջանից միգրանտների հոսքը  առաջվա նման ուղղված էր դեպի Ռուսաստան, ինչպես նաեւ ԱՊՀ երկրներ:  Ռուսաստանում եւ ԱՊՀ այլ երկրներում ընդհանուր առմամբ այսօր ապրում եւ աշխատում է մոտ 1,5 մլն ադրբեջանցի: 1996թ.-ից ադրբեջանցի միգրանտները սկսեցին հետաքրքրվել արեւմտյան ուղղություններով: Մեծամասնությունը նախընտրում էր Գերմանիան, Հոլանդիան եւ ԱՄՆ-ն:

Երրորդ փուլը սկսվեց 1998թ.-ի Ռուսաստանի օգոստոսյան ճգնաժամից հետո, ինչը վերջնականապես ուղղորդեց ադրբեջանցի միգրանտներին դեպի արեւմտյան եւ մերձավորարեւելյան երկրներ: Դեպի Արեւմուտք եւ Արեւելք միգրացիոն հոսքը միայն աշխատանք գտնելու ցանկությամբ չէր պայմանավորված: Ադրբեջանի շատ քաղաքացիներ երկրից հեռանում էին քաղաքական պատճառներից դրդված, իսկ երիտասարդությունը գնում էր կրթություն ստանալու եւ նրանցից շատերն այլեւս չէին էլ վերադառնում հայրենիք: Ընդհանուր առմամբ 2012 թ.-ի դրությամբ Ադրբեջանից արեւմտյան երկրներ մեկնել է ավելի քան 120 հազար մարդ: Միաժամանակ Ադրբեջանի նախկին քաղաքացիներից ավելի քան 44 հազարը դիմել են, որպեսզի ստանան փախստականի կարգավիճակ: Այս պահի դրությամբ այդ կարգավիճակը ստացել է մոտ 3 հազար մարդ:

 

 

Հատկապես 1999թ.-ին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շահագործումից ու Կովկասում արեւմտյան եւ այլ նավթային ընկերությունների ակտիվացումից հետո, Ադրբեջանում զգալիորեն մեծացավ օրինական եւ անօրինական աշխատանքային միգրանտների քանակը: Ադրբեջանը Հարավային Կովկասում առաջատար դիրքեր ուներ եւ այլ երկրներին աշխատուժ մատակարարելու, եւ  Մերձավոր Արեւելքի եւ Հարավարեւելյան Ասիայի երկրներից աշխատանքային ու տարանցիկ միգրանտներ դեպի իրեն ձգելու հարցում:

– Ի՞նչ նշանակություն ունեն Ադրբեջանի համար միգրանտների դրամական փոխանցումները:

– Միգրանտների դրամական փոխանցումները կամ, այսպես կոչված՝ «միգրադոլարները» կարեւոր դեր են խաղում: Հատկապես շրջաններում: Չէ՞ որ էներգառեսուրսների իրացումից ստացված ողջ շահույթը կուտակվում է մայրաքաղաքում, իշխող վերնախավի եւ նրա շրջապատի գրպաններում: Իսկ շրջաններում բնակչությունը հիմնականում գոյատեւում է հատկապես Ռուսաստանում աշխատող միգրանտների դրամական փոխանցումների շնորհիվ: Համաշխարհային բանկի տվյալներով՝ Ադրբեջանի քաղաքացիների դրամական փոխանցումներն անընդհատ աճում են (1999թ.՝ 54 մլն դոլար, 2011թ.՝ 1,7 մլրդ դոլար): Հատկապես 90-ականներին միգրանտները մեծ գումարներ էին փոխանցում իրենց բարեկամների եւ ընկերների միջոցով,  եւ դրա արդյունքում միգրադոլարների շոշափելի մասը չի արտացոլված վիճակագրության մեջ: Չնայած դրան, պաշտոնական տվյալներն էլ են շատ բան վկայում:

– Ի՞նչ խնդիրների հետ են բախվում ադրբեջանցի միգրանտները իրենց բնակության երկրներում, ինչո՞վ են տարբերվում Ռուսաստան եւ եվրոպական երկրներ մեկնած միգրանտների խնդիրները:

– Միգրանտների ինտեգրման խնդիրը միշտ էլ  ամենասուրն ու կոնֆլիկտայինն է եղել: Կարեւոր դեր է խաղում միգրանտներին ընդունող երկրի իրավիճակը: Այն երկրներում, որտեղ օրենքը հասարակության կյանքում կարեւոր դեր ունի, իսկ սոցիալ-քաղաքական իրավիճակը կայուն է, միգրանտները լուրջ խնդիրներ չունեն: Նրանք պարզապես պետք է հաշվի առնեն այնտեղ գործող կանոններն ու պահանջները (պետք է լեզվի եւ օրենքների իմացություն): Բայց եթե այս կամ այն երկրում չեն հարգում օրենքը, իսկ սոցիալ-քաղաքական իրավիճակը բարդ է, ապա միգրանտների համար բազում լրացուցիչ խնդիրներ են առաջանում: Այս ամենը պարզ երեւում է Ռուսաստանի օրինակից: Նացիոնալիզմի եւ շովինիզմի կտրուկ աճը, սկինհեդների գործողությունները, բայց ավելի շատ՝ իշխանությունների անօրինական գործողությունները նախկին ԽՍՀՄ-ից եկած քաղաքացիների նկատմամբ էապես դժվարացնում են միգրանտների կյանքը: Արեւմտյան երկրներում իրավիճակն այլ է: Հյուրընկալ երկրում օրինապաշտ միգրանտի համար ինտեգրումը դժվար բան չէ: Խնդիրներ ունենում են օրենքը խախտած միգրանտները: Դրան գումարած՝ արեւմտյան երկրների սոցիալ-քաղաքական իրավիճակն այդքան էլ ծանր չէ, եւ նույնիսկ եվրագոտու ճգնաժամը չանդրադարձավ միգրանտների վրա: Բայց կա լեզվի խնդիրը: Ահա թե ինչու են այնուամենայնիվ Ադրբեջանից Ռուսաստան մեկնում գյուղաբնակները, իսկ արեւմտյան երկրներ՝ առնվազն անգլերեն իմացող կիրթ  երիտասարդությունը, ինչպես նաեւ նրանք, ովքեր քաղաքական պատճառներով են ստիպված լքում երկիրը:

– Ինչպիսի՞ն է Ադրբեջանի քաղաքականությունը միգրացիոն ոլորտում: Ինչպե՞ս է ազդում Ռուսաստանի եւ եվրոպական երկրների վարած քաղաքականությունը Ադրբեջանի միգրացիոն իրավիճակի վրա:

– Պարադոքսն այն է, որ չնայած ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ադրբեջանը բախվեց լայնամասշտաբ միգրացիոն գործընթացների հետ, որոնց մեջ ներքաշված էր բնակչության մեկ երրորդ մասը, իշխանությունները երկար ժամանակ չէին ցանկանում լրջորեն զբաղվել միգրացիոն քաղաքականության կազմակերպման եւ  հատուկ պետական կառույցի ստեղծման գործով: Իրավիճակը փոխվեց 90-ականների վերջից, երբ միջազգային հումանիտար կազմակերպությունները սկսեցին լքել երկիրը եւ աճեց աշխատանքային միգրացիան: Իշխանությունները սկսեցին ուշադրություն դարձնել միգրացիայի խնդիրներին: Հիմնականում դա տեղի ունեցավ  Միգրացիայի Միջազգային Կազմակերպության (ՄՄԿ) ակտիվ աշխատանքի ազդեցության տակ: 2000 թ. կեսերի դրությամբ արդեն կային 50-ից ավելի իրավական ակտեր, այդ թվում՝ «Ներգաղթի մասին օրենքը» (1998 թ.-ի դեկտեմբերի 22) եւ «Աշխատանքային միգրացիայի մասին» օրենքը (1999 թ.-ի հոկտեմբերի 28):

Բայց գլխավոր գործոնը 2006 թ.-ին ադրբեջանա-ռուսական հարաբերությունների կտրուկ վատացումն էր, ինչը վերջապես ստիպեց Ադրբեջանի իշխանություններին ավելի լուրջ ուշադրություն դարձնել միգրանտների վիճակի վրա: 2006 թ, այսինքն՝ անկախացումից՝ 15 եւ Ղարաբաղյան հակամարտության սկսվելուց 18 տարի հետո միայն Ադրբեջանը ձեռնամուխ եկավ իր միգրացիոն քաղաքականության ձեւավորմանը: Վերջապես 2007 թ. մարտի 19-ին նախագահի հրամանով ստեղծվեց Պետական միգրացիոն ծառայություն, որը պատասխանատու է միգրացիոն քաղաքականության ձեւավորման եւ միգրացիոն ոլորտի խնդիրների լուծման համար:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930