Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստան-Ադրբեջան-2012. «Կարծում են, որ ով մեկնել է, լավ է ապրում»

Նոյեմբեր 17,2012 12:46

Որո՞նք են հայերի եւ ադրբեջանցիների միգրացիայի այսօրվա պատճառները, ի՞նչ  խնդիրների հետ են բախվում միգրանտներն իրենց բնակության երկրներում, արդյո՞ք Հայաստանն ու Ադրբեջանը քայլեր են անում միգրացիան կրճատելու ուղղությամբ: Այս եւ հարակից այլ հարցեր են բարձրացվում ստորեւ ներկայացված ցույգ հարցազրույցներում:

Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող զուգահեռ հարցազրույցները «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են: Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Առավոտ» եւ Ադրբեջանում՝ «Նովոյե Վրեմյա» թերթերում: Ադրբեջանում հարցազրույցներն անց է կացնում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն

Կարծում են, որ ով մեկնել է, լավ է ապրում

Հարցազրույց ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանի հետ:

– Ինչպիսի՞ն է այսօր Հայաստանում միգրացիոն իրավիճակը: Փոխվե՞լ են, արդյոք, Հայաստանում միգրացիայի պատճառներն անցած տարիների համեմատ:

–  Ինչպես հայտնի է, միգրացիոն իրավիճակի բնութագրման համար անհրաժեշտ են վիճակագրական տվյալներ, որոնք ո՛չ պետական, ո՛չ էլ միջազգային կառույցներն այսօր Հայաստանում ամբողջությամբ չեն տիրապետում:  Մենք կարող ենք հիմնվել միայն սահմանահատումների մասին տվյալների վրա եւ փաստել, որ տարեցտարի Հայաստանում 20-25%-ով ավելանում են ուղեւորափոխադրումները: Սակայն չենք կարող այս փաստով բնութագրել միգրացիոն իրավիճակը Հայաստանում: Շատ դժվար է հաշվառել ՀՀ քաղաքացիների միգրացիան դեպի այնպիսի երկրներ, որոնց համար մուտքի վիզա չի պահանջվում, օրինակ՝ ԱՊՀ երկրները:

Միգրացիայի միջազգային կազմակերպությունն աջակցում է ՀՀ կառավարությանը միգրացիոն հոսքերի վերաբերյալ տեղեկությունների համակարգերը բարելավելու գործում: ՀՀ կառավարությունն արդեն ընդունել է «ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականություն» հայեցակարգը եւ 2012-2016թթ. համար դրա իրականացման ծրագիրը: Դրա իրականացումից հետո մենք կունենանք ինֆորմացիայի հավաքագրման բարելավված համակարգեր եւ վիճակագրություն:

Զբաղվածության ծառայության տվյալներով՝ Հայաստանում գործազրկությունը 30% է: Ես կարծում եմ՝ սա եւ  բավարար վարձատրվող աշխատատեղերի պակասն են հիմնական պատճառը, որ մարդիկ ցանկանում են մեկնել Հայաստանից: Եվս մեկ պատճառ է այն, որ բուհերում պատրաստվող մասնագիտությունները չեն համաձայնեցվում աշխատաշուկայի պահանջարկին: Օրինակ, Հայաստանում տարեկան պատրաստվում են 100 փաստաբաններ, որոնք հետո աշխատանք չեն գտնում:

Արտագաղթին նպաստող մյուս հանգամանքը հայկական մեծ սփյուռքի առկայությունն է: Մեկնողները գիտեն, որ իրենց ժամանման երկրում կա հայ համայնք, կան հարազատներ, ծանոթներ, որոնք կօգնեն ինտեգրվելու ու աշխատանք գտնելու գործում:

Պետք է նաեւ հաշվի առնել կարճաժամկետ աշխատանքային միգրացիան: Դեռեւս խորհրդային տարիներից է մեր գյուղաբնակ բնակչությունը մեկնում հիմնականում Ռուսաստան սեզոնային աշխատանքների, քանի որ նրանք չեն կարողանում իրենց ապրուստն ապահովել տնտեսություն վարելու միջոցով:

Ինչպես տեսնում եք, միգրացիայի պատճառները հիմնականում սոցիալ-տնտեսական բնույթի են, սակայն մեկնում են նաեւ կրթություն ստանալու նպատակով, կամ՝ անարդարության դեպքերից դրդված:

– Ի՞նչ նշանակություն ունեն Հայաստանի համար միգրանտների դրամական փոխանցումները:

– Ըստ ԱՄՀ տվյալների՝ վերջին 5 տարիների ընթացքում բանկային փոխանցումները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 16%-ը, որից 89%-ը՝ փոխանցումներ են Ռուսաստանից: Այդ գումարով սպառվում է ներմուծված ապրանքի 40%-ը: Սա շատ մեծ թիվ է, եւ 2 անգամ ավելին է, քան ուղղակի արտասահմանյան ներդրումները: Հայաստանը դրամական փոխանցումների հաշվին իր տնտեսությունը պահող աշխարհի 15 երկրների շարքում է:

Արտասահմանից ստացված գումարները հիմնականում սպառվում են առաջնահերթ կարիքների համար: Գումարի որոշ մասը պահվում է որպես խնայողություն: Այս գումարները չեն օգտագործվում որպես ներդրումներ, օրինակ՝ միկրոբիզնես սկսելու համար:

– Ի՞նչ խնդիրների հետ են բախվում հայ միգրանտները իրենց բնակության երկրներում, ինչո՞վ են տարբերվում Ռուսաստան եւ եվրոպական երկրներ մեկնած միգրանտների խնդիրները:

– Խնդիրների բարդության աստիճանը կամ տեսակները եւ Ռուսաստանում, եւ եվրոպական երկրներում պայմանավորված են հիմնականում միգրանտի կարգավիճակով: Ռուսաստանում վիզայի հետ կապված խնդիր չկա, սակայն կա գրանցման բարդություն եւ, իհարկե, աշխատանքային միգրանտների համար առաջին խնդիրը ակնկալիքից ցածր ստացած վարձատրությունն է:

Եվրամիության դեպքում խնդիրը վիզաներն են, հիմնականում՝ տուրիստական այցելությունների համար: Դրանցով աշխատանքի թույլտվություն չեն ստանում: Խնդիր են՝ լեզվի չիմացությունն ու մշակութային օտարվածությունը:

Որպես կանոն, միգրանտները չեն պատմում իրենց բացասական փորձի մասին: Ես կարծում եմ, որ սա հոգեբանական բարդույթ է. մարդիկ չեն ցանկանում իրենց ձախողումների մասին խոսել: Իսկ երբ հարցնում ենք, թե ինչո՞ւ են վերադարձել, պատասխանում են, որ ընտանեկան խնդիրներ են ծագել կամ կարոտել են հարազատներին: Որպես կանոն, լռում են այն մասին, որ ցածր վարձատրություն էին ստանում, տհաճ աշխատանք անում կամ օտարված էին իրենց զգում: Միգրացիայի բացասական փորձառությունը չի տարածվում ամենուր, կա միայն ընդհանուր տպավորություն, որ ով մեկնել է, հրաշալի ապրում է ուրիշ երկրում: Սա էլ է միգրացիայի պատճառներից մեկը:

– Ինչպիսի՞ն է Հայաստանի քաղաքականությունը միգրացիոն ոլորտում: Ինչպե՞ս է ազդում Ռուսաստանի եւ եվրոպական երկրների վարած քաղաքականությունը Հայաստանի միգրացիոն իրավիճակի վրա:

– Երկրի միգրացիոն իրավիճակն ավելի շատ բնութագրվում է ներգաղթողներով, եւ երկրում միգրացիոն իրավիճակի կառավարումը միտված է վերահսկելու, հեշտացնելու եւ կառավարելու ներգաղթող մարդկանց հոսքերը տվյալ երկիր: Պետությունն ավելի շատ պատասխանատու է իր երկրի ներսում ընթացող գործընթացների համար, քան՝ դրսի: Հետո միայն արդեն միջազգային պայմանավորվածությունների շրջանակում պետությունը հոգ է տանում իր քաղաքացիների մասին արտերկրում:

Մարդիկ խոսում են, թե ինչպե՞ս կարելի է կանգնեցնել միգրացիան: Բայց այն հնարավոր չէ կանգնեցնել եւ պետք էլ չէ: Այսօր ունենք ժողովրդագրական խնդիր. բնակչությունը չի վերարտադրվում: Սա շատ վտանգավոր է, եւ առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել բնակչության վերարտադրության խնդրին: Բայց կարծում եմ, որ ճիշտ չէ եւ հնարավոր էլ չէ ժողովրդագրական խնդիրները լուծել միգրացիայի կանգնեցման հաշվին:

Ինչ վերաբերում է ուրիշ երկրների քաղաքականությանը, ապա, իհարկե, այն ազդում է մեր երկրի վրա: Եվրոպական երկրները մի կողմից հեշտացնում են շենգենյան վիզայի տրամադրման գործընթացները, մյուս կողմից՝ ՀՀ կառավարության հետ կնքված համաձայնագրերի շրջանակներում եւ միջազգային կամ տեղական կազմակերպությունների միջոցով աջակցում են ՀՀ քաղաքացիների վերադարձին եւ հայրենիքում նրանց վերաինտեգրմանը: Այդ նպատակով վերադարձողներին տրամադրում են որոշակի նյութական օգնություն, ինչի շնորհիվ վերադարձող քաղաքացիները կարող են  հայրենիքում սեփական գործը սկսել կամ լուծել իրենց կենսապահովման այլ խնդիրներ:

Կես տարի առաջ Ռուսաստանի կառավարության աջակցությամբ Հայաստանում մեկնարկեց «Հայրենակիցներ» ծրագիրը: Իմաստն այն է, որ ԱՊՀ երկրների քաղաքացիները ցանկության դեպքում մեկնեն Ռուսաստան, ստանան քաղաքացիություն եւ բնակեցվեն հիմնականում սակավաբնակ բնակավայրերում: Այսպես Ռուսաստանը ձգտում է իր երկրում բնակեցնել մշակութային ժառանգության իմաստով նմանություն ունեցող մարդկանց, քանի որ տարածքի բնակեցման խնդիր ունի: Չէի ասի, որ այս քաղաքականությունը հատուկ տարվում է հայերի հանդեպ. Ռուսաստանն արդեն իսկ բնակեցված է մոտ 1 մլն հասնող հայերով եւ հենց այս գործոնն ավելի շատ է գրավում մեկնողներին, քան պետական աջակցության ծրագրերը: Համենայնդեպս, դատելով նրանց վիճակագրությունից, ծրագիրը մեծ ազդեցություն չի գործում միգրացիայի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930