Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորը էլեկտրալարերով փորձել էր ինքնախեղման դիմել

Նոյեմբեր 17,2012 12:41

4 օր առաջ՝ երեկոյան ահազանգ ստացանք, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր քննության է դրված եղել ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Զավեն Մակարյանի կալանավորման վերաբերյալ գործը, կալանավորը սպառնացել է դիմել ինքնասպանության:

ՔԿՀ ահազանգից հետո մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը հայտնեց մեզ, թե ճշտվել է, որ կալանավորը բողոքում է քննիչից ու դատարանից, եւ որ հսկողություն կիրականացվի նրա նկատմամբ:

Մենք նաեւ նշել էինք, որ այս կալանավորը հակում ունի ինքնախեղմամբ իր բողոքներն արտահայտելու:

Հսկողություն չգիտեմ եղել էր, թե ոչ, բայց նա մեր ահազանգի օրը, գիշերը էլեկտրալարերով ինքնախեղման փորձ էր կատարել:

Նրա պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մարտիրոսյանը թե դատարանում, թե նաեւ մեր զրույցի ժամանակ հայտնեց, որ դեմ է արտահայտվել իր պաշտպանյալի նկատմամբ կալանք ընտրելու որոշմանը:

Քննիչը, ըստ փաստաբանի, Զ. Մակարյանի կալանավորման մասին միջնորդությունը դատարանում արել էր հետեւյալ հիմնավորմամբ. «Նկատի ունենալով, որ Զավեն Մակարյանը հանդիսանում է դատապարտյալ, կարող է կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք եւ նկատի ունենալով վերջինիս կատարած հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը»:

Ըստ փաստաբանի, կալանքի միջնորդության նման հիմնավորումը չէր բխում իրականությունից, եւ որ քննիչը ունեցել է կանխակալ վերաբերմունք, քանի որ Վ. Մարտիրոսյանի կարծիքով՝ իր պաշտպանյալի նախկինում դատապարտված լինելու հանգամանքն է շեշտվել:

«Քննիչը պարտավոր էր հաշվի առնել այլ հանգամանքի հետ, երբ որոշակի սպառնալիք էր ստեղծվել իմ պաշտպանյալի առողջության եւ կյանքի համար: Քննիչն ուսումնասիրելով գործի հանգամանքները՝ չէր կարող չիմանալ, որ Զավեն Մակարյանը տառապում է հոգեկան խանգարումով, որի համար օրենքով սահմանված կարգով բժիշկների կողմից կատարվել են որոշակի հոգեմետ դեղերի նշանակումներ»,- ասում է փաստաբանը: Ի դեպ, Զավեն Մակարյանն այս տարվա սեպտեմբերից մինչ նոյեմբեր անօրինական կերպով հիմնարկից չի ստացել վերոնշյալ հոգեմետ դեղերը: Դա պատճառ էր դարձել, որ նա հոգեմետ դեղ ստանար… հանձնուքի մեջ, ինչին էլ հետեւել է քրեական գործի հարուցումը:

«Էրեբունու» վարչակազմը, ըստ փաստաբանի, զրկել է Մակարյանին այդ դեղերը ընդունելու հնարավորությունից, եւ նրա պաշտպանյալը ընկել է ֆիզիկական եւ հոգեկան սուր ցավերի մեջ: Բժիշկների գնահատմամբ՝ հիվանդի մոտ ախտորոշվել է «աբստինենտ համախտանիշ կամ հանման համախտանիշ»:

Զավեն Մակարյանը հոգեմետ դեղերի կախվածություն ունի, եւ նրա կատարած ցանկացած քայլ բխում է սրանից:

Պաշտպանը մեղադրում է նաեւ քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, գտնելով, որ Զավեն Մակարյանի գործողությունները վարչակազմի անօրինական գործողությունների հետեւանքով են.

«Նա հանցագործությունը կատարել է, որպեսզի փրկի իր կյանքը»:

Վ. Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ միջնորդելու է, որպեսզի Զավենի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն կատարվի, վերջապես որոշվի՝ նա մեղսունակ է, թե՝ անմեղսունակ:

Նա դեմ է, որ իր պաշտպանյալին տեղափոխել են «Էրեբունիից» «Նուբարաշեն»: Մակարյանն ունի բարձր ճնշում, նրա համար լեռնային բարձր գոտում գտնվելը նույնպես վնասակար է:

Մեր տրամադրության տակ գտնվող բժշկական տեղեկանքներից պարզվում է, որ Զավեն Մակարյանը տառապում է 11 հիվանդությամբ, մասնավորապես, ունի հոգեկան անկայուն խանգարում, ուղեղի հետվնասվածքի խանգարում, շաքարային դիաբետ, ձախ աչքի տեսողության բացակայություն, հիպերտոնիկ հիվանդ է, ճնշումը բարձրանում է եւ կարող է ընկնել կոմայի մեջ՝ աջ աչքի թարախակալմամբ, ունի խրոնիկ կոլիտ:

Բացի այդ, ազատազրկված լինելով, ինքնավնասման ժամանակ 47 կար է դրվել որովայնի շրջանում, երբ իր հայտարարության համաձայն, նրան մահափորձի է դրդել «Դատապարտյալների հիվանդանոցի» պետ Ա. Խաչատրյանը:

Ըստ բժշկական տեղեկանքի, Զ. Մակարյանի վերքը մշակված չէր, դրված էր վիրակապ, որը հեռացնելուց հետո սկսվել է արյունահոսություն, դատապարտյալին մասնագիտական օգնություն ցույց տալու համար տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Այդ նույն տեղեկանքի համաձայն՝ դատապարտյալի ձախ նախաբազկի շրջանում առկա է եղել երեսային 7 վերք:

Դատապարտյալը դիմել է ՀՀ նախագահին, տեղեկացնելով, որ կդիմի ինքնասպանության, եթե իրեն հասանելիք հոգեմետ դեղամիջոցը չտրամադրվի իրեն եւ իր կալանքն էլ չփոխվի:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930