Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայկական պանիրը» հարցականի տակ է

Նոյեմբեր 17,2012 12:39

Ծրագրի ղեկավարի կարծիքով՝ անորակ պանրով խայտառակ չլինելու համար տարիներ են պետք, մինչեւ որակ ստանանք ու նորից արտահանենք

Երկու-երեք տարի առաջ, երբ կառավարությունը ոգեւորեց պանիր արտադրողներին, թե՝ «Հայկական պանիր» բրենդ ենք ստեղծում, եկեք համախմբվեք, ներդրում կատարեք, եւ սկսենք պանիր արտահանել, այդ ոլորտի գործարարներին թվաց, թե ուր որ է՝ նրանց արտադրանքը «կզարդարի» միջազգային տաղավարները: Սակայն պանրագործների ուրախությունը կարճ տեւեց, ընդամենը 2 խմբաքանակ արտահանվեց Ռուսաստան, հետո «Հայկական պանիր» ծրագիրը կանգ առավ եւ, ինչպես պանրագործներն են ասում՝ բրենդի լոգոտիպ ու կայքէջ ստեղծելուց այն կողմ գրեթե չանցավ. ծրագիրը մնաց հարցականի տակ:

«2 անգամ ցույց տվեցինք, որ կարելի է որակ էլ, քանակ էլ ապահովել, բայց պարբերաբար ու շարունակական աշխատելու համար պետք է ձեւավորված համակարգ լիներ, պետք է կազմակերպված աշխատանք լիներ: Մենք չարչարվեցինք, մարդ գտանք, ասեցինք՝ խնդրում ենք վերցրեք մեր պանիրը, բայց չի կարելի անընդհատ խնդրել Ռուսաստանի գործարարներին, թե վերցրեք, մեր պանիրը լավն է: Կոպիտ ասած՝ շարիկը բաց թողնելու համար մենք արեցինք էդ գործերը ու բավականին հաջող եղավ, բայց ծրագիրը չշարունակվեց»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը: Ի՞նչն էր պատճառը, որ ծրագիրը շարունակություն չունեցավ՝ մեր հարցին պարոն Գիգոյանը չկարողացավ հստակ պատասխան տալ՝ նշելով, որ կառավարության այն պատճառաբանությունն էլ, որ որակ չեն կարողացել ապահովել, այնքան էլ ճիշտ չէ, քանի որ իրենք գոնե 2 անգամ արտահանելով՝ կարողացել են ապացուցել, որ անհրաժեշտ որակը ստացել են: Միության նախագահը նաեւ ընդունում է, որ ոլորտում եւ ձեռնարկություններում իսկապես թերություններ կան՝ սկսած որակով կաթ ձեռք բերելուց մինչեւ տեխնոլոգիաները, բայց երբ ծրագիրը աշխատում էր, եւ դրսում մարկետինգ էին անում, դրան զուգահեռ անհրաժեշտ էր նաեւ կառավարության աջակցությունը՝ այդ թերությունները շտկելու համար. «Ախր, խնդիր է, որ էդ անտեր կաթը պտուկից մինչեւ գործարան մաքուր գա հասնի: Իսկ մեզ մոտ այդքան ֆերմա չկա, որ մեծ ծավալով անհրաժեշտ որակի կաթ ապահովի. այս խնդիրն է պետք շտկել: Միայն այդ կոմպլեքս աշխատանքի արդյունքում արտահանումը շարունակական կլիներ: Սիստեմատիկ ձեւով աշխատելը լուրջ մոտիվացիա էր ներքին շուկայում արդեն ոչ թե արհեստական, այլ բնական մրցակցային դաշտ ձեւավորելու համար, ու մյուսներն էլ կփորձեին ձգտել ու հասնել արտահանողների որակին»:

Թե ինչո՞ւ «Հայկական պանիրը» շարունակություն չունեցավ՝ «Առավոտի» հետ զրույցում Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը մի շարք պատճառներ բերեց: «Ծրագիրը չհաստատվեց, որովհետեւ, ենթադրենք, մենք գովազդեինք ծրագիրը, մենք բավականին լուրջ պատվերներ ունենայինք, գալու էինք Հայաստան եւ իմանայինք, որ չենք կարող ապահովել այդ պատվերները»: Մեր դիտարկմանը, որ դրան զուգահեռ անհրաժեշտ էր պանրագործներին օգնել՝ թերությունները շտկելու եւ որակ ապահովելու համար, պարոն Հարությունյանն ասաց, որ դա էլ են փորձել՝ դրսից մասնագետ են հրավիրել, որը մատնանշել է, թե ինչ պետք է արվի, բայց պարզվել է, որ դրա համար մեծ ֆինանսական ներդրումներ են պետք: Այդ ներդրումների համար էլ, ըստ տնօրենի, ՓՄՁ զարգացման կենտրոնի էժան վարկեր են առաջարկել պանրագործներին: Հետո պարզվել է, որ պանրագործների մի մասն արդեն վարկերի տակ են, մի մասն էլ չի ցանկացել վարկի տակ ընկնել եւ այլն: Հետո գործակալությունը պարզեց, որ որակյալ կաթի խնդիր կա. գյուղացիներից դույլերով կաթ վերցնելը որակ չի ապահովում, իսկ ֆերմաները քիչ են:

Պարոն Հարությունյանի ներկայացմամբ՝ ծրագիրը շարունակելու համար դրսում եւ ներսում զուգահեռ աշխատանք տանելն իրեն չի արդարացնի, նախ՝ պետք է ներսի խնդիրները լուծել, որպեսզի, պարոն Հարությունյանի խոսքերով, դրսում խայտառակ չլինենք անորակ պանրով: «Երբ տեսանք, որ պատրաստ ենք որպես ինստիտուտ հայկական պանիրը արտահանել, կառավարությանն ասացինք՝ մենք պատրաստ ենք, եկեք հասկանանք՝ փողն ինչի՞ համար ենք վերցնում: Կառավարությունն էլ ասաց՝ ես փող չեմ տա գովազդելու համար, ավելի լավ է՝ փող տամ ոլորտի խնդիրները լուծեք, ներսը կարգավորեք, հետո նոր սկսեք արտահանել: Հիմա պետք է ծրագիրը ներկայացնենք, քննարկենք, կառավարությունը ռազմավարություն մշակի»,- վստահեցրեց գործակալության տնօրենը: Իսկ այս պահին, ըստ տնօրենի, դրսում կան գործընկերներ, որոնք ճիշտ է՝ ոչ անհամբեր, բայց սպասում են «Հայկական պանրին»: Իսկ ռազմավարության եւ ծրագրի խթանման առաջին քայլերից մեկը պարոն Հարությունյանի ներկայացմամբ՝ կաթի արտադրությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություններն են: Սրա համար էլ ներդրողներ են անհրաժեշտ, որոնց, տնօրենի վստահեցմամբ, արտոնություններ կտրվեն, միայն թե ցանկություն հայտնեն գործը սկսելու:

Մեր այն դիտարկմանը, որ նման ֆերմաներն էլ գյուղացիների «հացը կկտրեն», պարոն Հարությունյանն ասաց, որ գյուղացիներին էլ առաջարկվել է համախմբվել եւ կոոպերացիաներ ստեղծել, որպեսզի որակյալ կաթ արտադրեն, բայց դեռ արդյունք չկա:

«Հայկական պանիր» ծրագիրը որոշակի բյուջե է ունեցել, որում ներդրում են արել նաեւ պանրագործները: Մեր հարցին, թե ինչպե՞ս է ծախսվել այդ գումարը, պարոն Հարությունյանն ասաց. «3 միլիոն 170 հազար դրամ՝ մեր կողմից, եւ մոտ նույնչափ պանրագործների միությունն է տվել: Դա դրվել է դրսի մասնագետին պահելու համար, փաթեթավորման հումքերը ձեռք բերելու եւ 2 խմբաքանակ պանիր ուղարկելու համար: Այս պահին ֆինանսական վճարումներ կամ բյուջե չունենք «Հայկական պանրի» համար»:

Առաջիկա տարիներին «Հայկական պանիրը» չի «զարդարի» միջազգային տաղավարները, որովհետեւ, ինչպես տնօրենը վստահեցրեց, մինչեւ նշված խնդիրները շտկվեն՝ երկար տարիներ են պետք:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930