Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արհեստական» լիդերի սպասելիս

Նոյեմբեր 17,2012 12:36

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռանում է քաղաքականությունից

«Բոլոր նախորդ նախագահական ընտրությունները, բացառությամբ 1991 թվականի ընտրությունների, որոնք 1988-ի շարժման հետեւանք էին, ունեցել են ակնհայտ ֆավորիտ ընդդիմադիր թեկնածու: 1996, 2003, 2008… այս ընտրություններում այնպիսի տպավորություն է, որ այդպիսի թեկնածու չկա: Համենայնդեպս, եթե նույնիսկ նշմարվի այդպիսի թեկնածու, նա ի հայտ է գալու շատ մեծ դժվարությամբ»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով առաջիկա քաղաքական զարգացումներին՝ կարծիք հայտնեց «Նոր աջեր» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցը: Հենց այս հանգամանքն էլ մեր զրուցակիցը համարում է 2013 թվականի նախագահական ընտրությունների առանձնահատկություններից մեկը: Սուրենյանցն այնպիսի տպավորություն ունի, որ շատ հնարավոր է՝ ընդդիմադիր դաշտում այդպես էլ ֆավորիտ թեկնածու չունենանք: Այս իրողությունն, իհարկե, նա «շատ բացասական» է համարում, քանի որ եթե ընդդիմադիր դաշտից ի վերջո ունենանք պայմանական լիդեր, ապա «այդ լիդերը բավականին արհեստական է լինելու»: Առաջիկա նախագահական ընտրությունների հաջորդ առանձնահատկությունը քաղաքագետը համարում է այն, որ պայքարը գնալու է ոչ թե քաղաքակիրթ երկրներին բնորոշ տարբերակով՝ իշխանություն-ընդդիմություն հարթությունում, այլ, ըստ էության, լինելու է ներհամակարգային պայքար: Գլխավոր գործող սուբյեկտները լինելու են իշխանության մաս կազմող ՀՀԿ-ն եւ իշխանությունից դեռեւս ամբողջովին չտարանջատված ԲՀԿ-ն: «Պայքարը գնալու է ոչ թե իշխանություն-ընդդիմություն քաղաքական կանոնով, այլ վիճարկվելու է, պայմանականորեն ասած, ՓԲԸ-ում՝ Հայաստանի Հանրապետությունում, ո՞վ եւ ի՞նչ մասնաբաժին է ունենալու: Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն ձգտում է միահեծան իշխանության, ակնհայտ է, որ ԲՀԿ-ն խնդիր ունի մեծացնել իր դերակատարությունն իշխանության ներսում»,- կարծում է Սուրենյանցը՝ այս համատեքստում արդեն էական չհամարելով այն, թե ի՞նչ օրակարգ կառաջարկի ՀՅԴ-ն եւ ի՞նչ լրացումներ կանի ՀԱԿ-ը: «Դժբախտաբար, թե ՀՅԴ-ի, թե «Ժառանգության», թե ՀԱԿ-ի ձայնն այսօր լսելի չէ, եւ նրանք ընտրարշավում, լավագույն դեպքում, սեփական դիմագիծը պահպանելու խնդիր են լուծելու, վատագույն դեպքում՝ ԲՀԿ-ի դռնապահի ֆունկցիան են կատարելու»,- ասում է մեր զրուցակիցը: ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի առաջարկները եւ «Ժառանգության» լրացումները Սուրենյանցը համարում է զուտ քաղաքագիտական փաստաթղթեր՝ պատմության համար:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, բնականաբար, իր օրակարգից չի շեղվելու եւ հատուկ քննարկման սեղանին դնելու է այն խնդիրները, որոնք հրապարակվել են Նաիրա Զոհրաբյանի կողմից: Պարզապես մի քիչ տարօրինակ է, որ նախագահական ընտրություններից առաջ, որպես կոնսոլիդացնող թեմա, ընտրվել են կառավարման համակարգի եւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի խնդիրները: Այնպիսի տպավորություն է, որ միտումնավոր ստվերվում է նախագահական ընտրությունների նշանակությունը: Կառավարման համակարգի շուրջ վեճը լուրջ վեճ է, եւ ես չէի ցանկանա, որ դա էլ իր հերթին ստվերվեր նախագահական ընտրարշավի առաջացրած կոնյունկտուրայով: Դա հաստատ իմաստազրկելու եւ բովանդակազրկելու է այդ վեճը: Ավելի նպատակահարմար էր դա անել ընտրական ցիկլից հետո, որպեսզի 20 տարվա պետություն լինելուց հետո, ի վերջո, ավելի հանգիստ պայմաններում կարողանայինք հասկանալ, թե մեզ ինչպիսի՞ քաղաքական, կուսակցական, կառավարման համակարգեր են պետք»,- ասում է քաղաքագետը: Սուրենյանցը «բացարձակապես դեմագոգիկ» է որակում այն պնդումները, որ միայն նախագահական համակարգն է շատ լավը, կամ, որ միայն խորհրդարանական համակարգը կարող է դեմոկրատիա երաշխավորել: Վկայակոչելով միջազգային փորձը՝ փաստում է, որ տարբեր երկրներում տարբեր մոդելները արդարացրել են իրենց եւ բացահայտել են իրենց թերությունները: Ավելին՝ մեր զրուցակիցը գտնում է, որ գործող կիսանախագահական համակարգը գոնե մեկ անգամ պետք է լիարժեքորեն գործի, որպեսզի հասկանալի լինի՝ Հայաստանում այն կիրառակա՞ն է, թե՞ ոչ:

Ընդհանրապես՝ Սուրենյանցը «քաղաքական բլեֆ» է համարում ընդդիմության միասնական թեկնածուի գաղափարը, որը, իր կարծիքով, բավականին հաջող կերպով շրջանառության մեջ է դրվել իշխանության կողմից՝ հեռահար նպատակով, որպեսզի հետո ցույց տան ընդդիմության անճարակությունը: Բայց միաժամանակ նա վստահ է, որ ընթացող քաղաքական կոնսուլտացիաները կարող են բերել նրան, որ ի վերջո՝ հասարակության համար տեսանելի լինի այն թեկնածուն, որը քիչ թե շատ կարող է մրցակցային լինել գործող նախագահի համար: «Առավոտի» դիտարկմանը՝ ասվածի համատեքստում, փաստորեն, այնքան էլ ամբարտավան չեն ՀՀԿ-ականների հայտարարությունները, որ Սերժ Սարգսյանը այլընտրանք չունի, եւ ով էլ մտնի ընտրապայքար, պայքարելու է երկրորդ տեղի համար, քաղաքագետը պատասխանեց. «Մի քիչ չափազանցված են: Բայց մյուս կողմից էլ՝ եկեք ընդունենք, որ, օրինակ, Շարմազանովը այլ բան ասել չի կարող՝ զուտ PR-ի տեսակետից, այն էլ, եթե խոսքը գործող նախագահի մասին է, որը վերարտադրության է ձգտում: Բայց սա բացարձակապես չի նշանակում, որ Սերժ Սարգսյանն ունի բարձր վարկանիշ: Ֆորմալ իմաստով ՀՀԿ-ականների ասածի հետ գուցե համաձայնեմ, բայց բովանդակային իմաստով համաձայն չեմ: Սերժ Սարգսյանը չունի բարձր վարկանիշ եւ օրինական ընտրությունների պարագայում առաջին փուլում չի կարող հաղթել: Սա ակնհայտ է: Ես չեմ ասում՝ ֆավորիտ թեկնածու չէ, այլ ասում եմ, որ չի տիրապետում վստահության այն ռեսուրսին, որի մասին այդքան խոսում են ՀՀԿ-ականները: Ու ինչքան էլ մեզ հաճելի կամ տհաճ լինի, պարադոքսալ մի իրավիճակ է. եթե անգամ Ս. Սարգսյանն ունենա լուրջ մրցակից, դա կարող է լինել միայն Գագիկ Ծառուկյանը»: Նման կոնֆիգուրացիայում, բնականաբար, ընտրությունները կդադարեն քաղաքական, գաղափարական պայքար լինելուց. «Բայց միայն այդ պարագայում կարող է քիչ թե շատ ինտրիգային լինել ընտրական գործընթացը»: Մեր զրուցակիցը ընտրություններում մեծ լարվածություն չի կանխատեսում, քանի որ «ԲՀԿ-ն այն կուսակցությունը չէ, որը փորձի անզիջում պայքարի գնալ համակարգի դեմ»:

Ինչ մնում է առաջին նախագահի առաջադրմանը՝ Սուրենյանցն ասում է. «Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի 20 տարիների ամենափորձառու, ամենակայացած քաղաքական գործիչն է: Ես նույնիսկ համոզված եմ, որ նա չի էլ առաջադրվելու, որովհետեւ նա մարդ է, ով միշտ առաջնորդվել է իրական քաղաքականությամբ, ի տարբերություն իր թիմի բազմաթիվ ներկայացուցիչների՝ իրականության զգացումը չի կորցնում: Խորապես համոզված եմ, որ նա չի առաջադրվելու: Թերեւս ԲՀԿ-ի հետ սիրախաղի պատճառներից մեկն էլ դա է: Իհարկե, այդ սիրախաղը ճակատագրական եւ ողբերգական հետեւանք է ունենալու ՀԱԿ-ի համար: Բայց այդ քաղաքական սիրախաղի պատճառներից մեկն էլ թերեւս այն է, որ Տեր-Պետրոսյանն իր համար քաղաքականությունից հեռանալու բավարար պայմաններ է ձեւավորում»: Սուրենյանցը համաձայնեց «Առավոտի» դիտարկմանը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցով, այսպես ասած, չկողմնորոշված քաղաքական ուժերին փորձում էր ուղղորդել դեպի ԲՀԿ: «Քոչարյանը մի կողմից՝ փորձում է նախագահական ընտրարշավի գործընթացից իրեն դուրս դնել՝ ասելով, որ նախաձեռնությունն իրենը չէ: Բայց, մյուս կողմից, մի քանի անգամ շեշտադրում է անում ԲՀԿ-ի ազդեցիկության, ԲՀԿ-ում լուրջ քաղաքական թիմի առկայության մասին եւ պատմական էքսկուրս անելով՝ շատ հմտորեն փորձում է արդարացնել անցումը խորհրդարանական կառավարման ձեւին: Այո, սա մեսիջ է՝ հասցեագրված նաեւ Սերժ Սարգսյանին, որ Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ-ի միջոցով ուզում է մասնակից դառնալ ՓԲԸ-ին, որը Հայաստանի պարագայում իշխանությունն է»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930