Լրահոս
Օրվա լրահոսը

Առավել բանական տարբերակը

Նոյեմբեր 17,2012 12:33

Հայ ազգային կոնգրեսը հանրահավաք չի անի այնքան ժամանակ, մինչեւ նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չորոշի՝ առաջադրվում է, թե ոչ: Իսկ առաջին նախագահը դա չի ասի այնքան ժամանակ, մինչեւ Գագիկ Ծառուկյանը չասի՝ նա ինքնուրո՞ւյն է առաջադրվում, թե՞ պաշտպանում է որեւէ այլ թեկնածուի: Ինքնին այն փաստը, որ ՀԱԿ-ի գործողություններն ամբողջությամբ պայմանավորված են ԲՀԿ-ի գործողություններով, իսկ առաջին նախագահի հետագա քայլերը կախված են ԲՀԿ-ի առաջնորդի քայլերից, մեղմ ասած՝ օգուտ չի բերում ոչ Կոնգրեսին, ոչ էլ նրա ղեկավարին: Եթե դու ինքնուրույն քաղաքական ուժ ես եւ ունես քո հստակ նպատակները (պայմանականորեն այդպես անվանենք «օր առաջ այս ռեժիմից ազատվել»-ը՝ չնայած այստեղ էլ որոշակի խնդիր կա), ապա դու պետք է առաջարկես մյուսներին միանալ քեզ, ոչ թե քո ծառայություններն առաջարկես ուրիշներին՝ հարմարվելով նրանց օրակարգին, որը հստակ չէ, բայց ակնհայտորեն «ռեժիմից ազատվելը» չէ: Ըստ երեւույթին, Լեւոն Տեր-Պետրոսյանի համար ավելի ձեռնտու է կողմնորոշվել ավելի շուտ, քան դա Ծառուկյանը կանի՝ հակառակ դեպքում ձգձգման ամեն մի օր հաստատում է Կոնգրեսի երկրորդական, օժանդակ, «կցորդային» դերը: Եթե, այնուամենայնիվ, այդպիսի երկարատեւ «պաուզայից» հետո Տեր-Պետրոսյանը որոշի չառաջադրվել եւ պաշտպանել որեւէ այլ թեկնածուի, դա լուրջ տեղաշարժեր կառաջացնի Կոնգրեսում, եւ այդ քայլը կողջունեն միայն նրանք, ովքեր վստահ են, որ առաջին նախագահի բոլոր մտքերն ու քայլերը հանճարեղ են:

Ինչ մնում է ԲՀԿ-ին, ապա այնտեղ, որքան հասկանում եմ, քննարկվում է երեք տաբերակ. 1/ առաջադրվում է Ծառուկյանը (դա, իմ կարծիքով, կուսակցության համար լավագույն տարբերակն է), 2/ կուսակցությունը պաշտպանում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը (պակաս գերադասելի է, որովհետեւ այդ դեպքում ԲՀԿ-ն ստիպված կլինի հրաժարվել թե Օսկանյանից եւ թե բազմաթիվ ընդդիմադիր ձեւակերպումներից), 3/ չառաջադրվել եւ ոչ մեկին չպաշտպանել (ինձ թվում է՝ ամենավատ տարբերակն է, որովհետեւ կասկածի տակ կդնի կուսակցության կենսունակությունը):

Դժվար է, իհարկե, կանխատեսել, թե ինչպես է հանգուցալուծվելու այս ինտրիգը, բայց ամենահավանական եւ ամենաբանական տարբերակը հետեւյալն է՝ առաջադրվում են թե Տեր-Պետրոսյանը, թե Ծառուկյանը, բայց հայտարարում են, որ միասնական գործողություններ են իրականացնելու՝ ընտրությունների արդարությունն ապահովելու ուղղությամբ, եւ այդ համագործակցությունը պետք է լինի ավելի խորը եւ բազմակողմանի, քան Հմայակ Հովհաննիսյանի համակարգած «միասնական շտաբը»:

Մի բան կարող եմ կանխատեսել 100 տոկոսով՝ անկախ նրանից, թե ինչպես կընթանան ընտրությունները եւ ով կհաղթի դրանցում, ավազակապետությունը չի կազմաքանդվի եւ ռեժիմը չի փոխվի: Բայց դա այլ թեմա է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930