Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխող համակարգի երկրորդ շնչառությունը

Նոյեմբեր 17,2012 12:00

Այն, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը Հայաստանի պայմաններում առավել նախընտրելի է, քան մեծամասնականը, որը ապաքաղաքական տարրերին առավել մեծ հնարավորություններ է ստեղծում ներթափանցելու խորհրդարան` անվիճելի է: Այստեղ, սակայն, մեղմ ասած` հարաբերական է համամասնականի անխոցելիության խնդիրը` նույն այդ ապաքաղաքական տարրերի կողմից:

Հայաստանում կուսակցական համակարգերը կայացած չեն, և համամասնական ընտրացուցակներում հայտնվում են անուններ, որոնք, մեղմ ասած, ոչնչով չեն տարբերվում մեծամասնականում առաջադրվողներից: Վերցրեք ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, «Օրինաց երկրի» համամասնական ցուցակները, որոնցով այդ կուսակցությունները 2012 թվականին գնացին խորհրդարան, կամ որոնցով գնացել են 2007 թվականին, և դուք այնտեղ կտեսնեք օլիգարխիայի և թաղային հեղինակությունների մականունավոր ամբողջ բոմոնդը, որոնց համար մեծամասնականում պարզապես տեղ չի եղել, և նրանք խորհրդարանում տեղ են ստացել համամասնական ցուցակի շնորհիվ:

Այդ ցուցակներում լինում են մի քանի, այսպես ասած, շղարշային դեմքեր, որոնք քաղաքական կերպար են տալիս ցուցակին, իսկ մնացածը նույն այն տարրերն են, որոնց նմանները մեծամասնականում են առաջադրվում և անցնում խորհրդարան:

Այստեղ հարցն, իհարկե, այլ է: Բանն այն է, որ մեծամասնականի շնորհիվ իշխանությունը կարողանում է փոխհատուցել այն, ինչ անխուսափելիորեն կորցնում է համամասնականում: Այսինքն` մեծամասնականը իշխանություններին հնարավորություն է տալիս ավելի շատ ընտրակաշառքով և ավելի քիչ աղմուկով ունենալ ապահովված, երաշխավորված մանդատներ և համամասնականում չգնալ առավել ցայտուն ու աղաղակող կեղծիքների: Եթե մեծամասնականները չլինեն, իշխանությունները ստիպված են լինելու համամասնականում գրել 50 տոկոս և ավելի, իսկ դա բարդ բան է, հավելյալ դժվարություններ է պահանջում: Այսինքն` համամասնականը ընդամենը բարդացնում է իշխանություններին բացարձակ մեծամասնություն կազմելը և ստիպում է նրանց գործընկերներ փնտրել:

Ահա այս խնդիրն է, որ լուծվում է համամասնականի և մեծամասնականի տիրույթում: Զուտ ընտրական, իրավիճակային առումով սա, իհարկե, շահավետ կարող է լինել այն տեսանկյունից, որ իշխանություններին կզրկի անխնա և անբռնազբոս կեղծելու հնարավորությունից: Բայց խնդիրը այստեղ այն է, որ միջնաժամկետ և երկարաժամկետ առումով այս իրավիճակը Հայաստանում կարող է ընդամենը ավելացնել իշխանություն կոչվող փակ բաժնետիրական ընկերության փայատերերի շրջանակը, իսկ բովանդակությունն ըստ էության կմնա նույնը, որովհետև առկա մեխանիզմը առևտրի հնարավորություններն է մեծացնում և ընդամենը կբացի գործող իշխանական համակարգի երկրորդ շնչառությունը:

Այդ պարագայում միգուցե ավելի լավ է, որ համակարգը պարզապես «շնչահեղձ» լինի:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930