Նոյեմբերի 16-ին մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ Հարութ Փամբուկչյանի համերգը՝ նվիրված Երիտասարդության համաշխարհային (նշվում է նոյեմբերի 10-ին) և Ուսանողության միջազգային օրերին (նշվում է նոյեմբերի 17-ին)։ Միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը։ Հարութ Փամբուկչյանի համերգով եզրափակվեց նոյեմբերի սկզբին մեկնարկած՝ երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շարքը։
Համերգին ներկա էին ավելի քան 10000 երիտասարդներ մայրաքաղաքից և հանրապետության մարզերից։ Երիտասարդներին շնորհավորելու էին եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորեց երիտասարդներին տոների կապակցությամբ։ «Տարածված կարծիք է՝ ինչպիսին երիտասարդությունն է, այնպիսին էլ պետության ապագան է։ Նայելով ձեր դեմքերին՝ համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունն ունի պայծառ ապագա։ Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որ դուք ապրեք արժանավայել, ստանաք փայլուն կրթություն ու ունենաք հնարավորություն՝ կերտելու ժողովրդի և պետության ապագան»,- նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կարդացեք նաև
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը, շնորհավորելով երիտասարդներին տոների առթիվ, մասնավորապես նշեց. ՙՀայաստանի իշխանությունները քաջ գիտակցում են երիտասարդների դերը երկրի զարգացման հարցում և դրսևորում են նրանց որոշումների կայացմանը ներգրավելու քաղաքական կամք։ Այսօր առավել քան երբևէ մենք ունենք երիտասարդների մեծ բանակի ներգրավում ինչպես պետական կառավարման համակարգում, օրենսդիր մարմնում, այնպես էլ գործարար շրջանակներում, մասնավոր հատվածում և քաղաքացիական ծառայության ոլորտում՚։ Կ. Ավագյանը երիտասարդներին և ուսանողներին կոչ արեց չկորցնել ժամանակը, աշխատել ու աշխատել, քանի որ բարձունքներ տանող առաջին քայլերը սկսվում են հենց այսօր, այս պահին. ՙԵրիտասարդությունը գիտելիքներ ու հմտություններ կուտակելու ամենալավ տարիքն է։ Դրանք ավելի հաստատուն ու վստահ կդարձնեն ձեր հետագա բոլոր գործողությունները՚։
Համերգն ուղեկցվում էր տոնական տրամադրությամբ ու ծափողջույններով։ Ավելի քան երկու ժամ տևողությամբ համերգային ծրագրում հնչեցին սիրված երգչի հին ու նոր կատարումները։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն