Լրահոս
Օրվա լրահոսը

Խորխե Օրիկոյի բաց դասը հայ պաշտոնյաներին

Նոյեմբեր 17,2012 10:15

Ուրուգվայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոն երեկ բավական հետաքրքիր դաս տվեց Հայաստանի իշխանություններին, ովքեր սիրում են խոսել Հայաստանի` ժողովրդավարացման ուղի որդեգրելու, եվրոպական արժեքային համակարգին հավատարիմ լինելու և նման այլ վեհ գաղափարների մասին:

Օրիկոյի գլխավորած պատվիրակությունը երեկ Ազգային ժողովի ոսկեզօծ դահլիճում հանդիպեց հայ-ուրուգվայական խորհրդարանական բարեկամության խմբի և մի քանի հայ գործարարների հետ: Ներկայացնելով իր երկիրը` նա հայտարարեց, որ այն բաց է և ժողովրդարավարական` խորհուրդ տալով հայ գործարարներին հանգիստ ներդրումներ կատարել իր ներկայացրած երկրում, քանի որ կարող են ապահով զգալ իրենց ներդրումների համար:

Որպես իր ասածի ապացույց` Խորխե Օրիկոն չմեջբերեց ԵԽ ԽՎ դիտորդական խմբի հայտարարությունն այն մասին, որ Ուրուգվայում խորհրդարանական ընտրությունները մի քայլ առաջ էին նախորդից, կամ հղում չարեց միջազգային ֆինանսական կազմակերպություններից մեկի բարձր գնահատականներին` Ուրուգվայում գործարար միջավայրը ևս 30 կետով բարելավելու մասով:

Նա ընդամենը մի քանի օրինակներ բերեց իր և Ուրուգվայի այլ պաշտոնյաների առօրյայից: «Ես անվտանգություն չունեմ, և աշխատանքի եմ գնում իմ մեքենայով, որը ինքս էլ վարում եմ: Մեր երկրում ժողովրդավարությունը խոսքեր չեն, այլ ապրելակերպ»,- հայ խորհրդարանականների և գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ուրուգվայի խորհրդարանի նախագահը:

Պատկերացնում եք` մարդն ընդամենը երկու օր լինելով Հայաստանում և շփվելով տեղի պաշտոնյաների հետ, որքան արագ է ծանոթացել նրանց կյանքի այնպիսի կարևոր ատրիբուտի հետ, ինչպիսին անվտանգության բազմաշերտ համակարգն է:

Երևի նրան զարմացրել են մեր պաշտոնյաների կորտեժները, նրանց թիկնապահների մեծաքանակությունը, որ նա որոշել է իր օրինակն ի ցույց դնել` որպես իր երկրում ժողովրդավարության առկայության ամենացայտուն օրինակ:

Խորխե Օրիկոն երևի զարմանում է, թե ինչպես կարող է երկրում ժողովրդավարություն լինել, երբ երկրի ընտրովի կամ նշանակովի պաշտոնյաներն իրենց ընտրողներից պաշտպանվում են նման խիստ անվտանգության միջոցառումների շնորհիվ, զրահապատ մեքենաներով ու թիկնապահների բանակով:

Խորխե Օրիկոն մեկ այլ օրինակ էլ բերեց իր երկրի պաշտոնյաների կյանքից և կենցաղից: Նա պատմեց, որ երկրի փոխնախագահը խաղում է մայրաքաղաքի ֆուտբոլային թիմերից մեկում: Եվ երբ նրա ներկայացրած թիմը լեփ-լեցուն մարզադաշտում ֆուտբոլ է խաղում այլ թիմի հետ, այնտեղ ի պաշտոնե որևէ մեկը չի լինում:

Այսինքն` նախագահական նստավայրից որևէ մեկն արարողակարգով պարտադրված չի լինում ներկա գտնվել ֆուտբոլային խաղին միայն այն պատճառով, որ թիմերից մեկի կազմում խաղում է երկրի փոխնախագահը: «Այդ խաղին ներկա են գտնվում միայն նրա երեխաները, որոնք գալիս են աջակցելու իրենց հորը»,- պատմում է` հայկական իշխանական չափանիշներով, մեղմ ասած, միամիտ կամ անբաշար համարվող Խորխե Օրիկոն:

Ուրուգվայի պատմությանն անծանոթ որևէ մեկը կարող է ասել, որ մենք նրանցից տարբերվում ենք, քանի որ, ի տարբերություն Ուրուգվայի` չունենք ժողովրդավարական ավանդույթներ, որ դրանք մեզ մոտ նոր-նոր են ձևավորվում, և մենք երկար ճանապարհ պետք է անցնենք` մինչև հասնենք նրանց:

Բայց դա այնքան էլ այդպես չէ. մինչև 1984թ. Ուրուգվայում եղել է ռազմական դիկտատուրա, և գործել են շատ խիստ քաղաքական բարքեր: Թերևս, այդ պատճառով, նա բավականին լավ պատկերացում ունի, թե ինչ է դիկտատուրան, և ինչ` ժողովրդավարությունը:

Ինչ վերաբերում է Ուրուգվայի տնտեսությանը` նա ասաց, որ ընդամենը մի թիվ կնշի, որից պարզ կդառնա, թե ինչ զարգացում է ապրում Ուրուգվայը: Ըստ նրա, 2004թ. Ուրուգվայի ՀՆԱ-ն կազմել է 12 միլիարդ դոլար, այս տարի կանխատեսվում է, որ այն կհասնի 55 միլիարդի: Համեմատության համար նշենք, որ Հայաստանի ՀՆԱ-ն այս տար կանխատեսվում է 10 մլրդ դոլարի սահմաններում: Հայաստանի և Ուրուգվայի բնակչությունը պաշտոնական վիճակագրությամբ գրեթե հավասար են. Ուրուգվայում ապրում է 3 միլիոն 300 հազար մարդ:

Ավելացնենք նաև, որ չնայած Խորխե Օրիկոն այդքան բարձր կարծիք ունի Ուրուգվայի ժողովրդավարության մակարդակի մասին, բայց իր ներկայացրած երկիրն ունի մի ակնհայտ թերություն, այնտեղ կառավարման համակարգը նախագահական է: Հույս հայտնենք, որ Ուրուգվայի խորհրդարանում ևս կգտնվեն ուժեր, ովքեր կմիավորվեն և կառաջարկեն` հանուն երկրի ավելի ժողովրդավարացման, անցնել խորհրդարանական կառավարման համակարգի:

«168 ԺԱՄ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930