Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարատի» գլխավոր մարզիչ. «Մրցավարներին չեմ հայհոյել»

Նոյեմբեր 17,2012 09:54

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության այս տարվա վերջին երեք հանդիպումները Երեւանի «Արարատը» անցկացնելու է առանց գլխավոր մարզիչ ԱԲՐԱՀԱՄ ԽԱՇՄԱՆՅԱՆԻ, որին որակազրկել է ՀՖՖ կարգապահական կոմիտեն: Պաշտոնական ձեւակերպմամբ` մարզիչը պատժվել է Կապանի «Գանձասարի» հետ արտագնա խաղում մրցավարին հայհոյելու համար: Մասնագետը, սակայն, կտրականապես հերքեց մեղադրանքը:

-Կարող ե՞ք վերհիշել ձեզ մեղադրելու հիմք ծառայած դրվագը:

-Արդեն հայտարարել եմ եւ կրկնում եմ, որ մրցավարներին չեմ հայհոյել: Մենք համարում ենք, որ շատ խիստ եւ անարդարացի որոշում է կայացվել: Ըստ այդմ, բողոքարկել ենք խաղին առնչվող երեք կետեր: Երկուսը վերաբերում են 11 մետրանոց հարվածներին, որոնք, համարում ենք, որ ազդել են հանդիպման ելքի վրա: Ընդ որում, երկու դեպքն էլ տեղի է ունեցել այն ժամանակ, երբ «Գանձասարը» հաղթում էր 1:0 հաշվով: Բողոքարկել ենք նաեւ ինձ որակազրկելու մասին որոշումը: Եթե պատժելու խնդիր կար, ապա դա մեկ խաղից ավել չպետք է լիներ:

-Եթե չեք հայհոյել, ապա ինչի՞ց ելնելով է կարգապահական կոմիտեն պնդում հակառակը:

-Նրանք առաջնորդվել են խաղը սպասարկած անձնակազմի` 4 մրցավարների, նաեւ տեսուչի ներկայացրածով: Որեւէ այլ ապացույց, այդ թվում՝ տեսագրություն, չկա: Եթե ունեն, թող ներկայացնեն, եւ այդ դեպքում պատրաստ եմ կրկնակի պատիժ կրել: Իսկ ահա մենք ունենք փաստեր, որոնք արտացոլում են խաղի դրվագները: Դրանք հիմնավոր փաստեր են:

-Այսինքն՝ ունե՞ք մեղադրանքը հերքող տեսագրություն:

-Տեսագրության մեջ ոչինչ չկա, ընդհանրապես որեւէ հայհոյանք չի լսվում: Մինչդեռ կարգապահական կոմիտեն հիմնվում է մրցավարների եւ տեսուչի ասածի վրա: Դա անթույլատրելի է, քանզի նրանք մեկ անձնակազմ են, միասնական օղակ եւ բնական է, որ պաշտպանում են մեկմեկու շահերը:

-Ձեր բողոքարկումը մերժվելու դեպքում ո՞վ է ղեկավարելու թիմի գործողությունները առաջիկա խաղերում:

-Իմ օգնականները: Առավել եւս, որ չեմ կարող ասել` երբ է քննարկվելու բողոքարկումը: Մինչեւ հիմա տեղյակ էլ չենք, մրցավարներին որակազրկե՞լ են, թե՞ ոչ:

-Ի՞նչ եք կարծում, «Արարատի» ցուցադրած խաղը համապատասխանո՞ւմ է մրցաշարային աղյուսակում թիմի զբաղեցրած դիրքին:

-Երեւի տեղյակ եք, որ թիմը լքել է վերջին տեղը, ինչը մեծ հաջողություն է տվյալ պահին: Մեր նպատակն է ամրապնդել դիրքերը եւ առաջընթաց ապահովել: Իսկ խաղով, ֆունկցիոնալ, տակտիկական եւ հոգեբանական պատրաստականությամբ «Արարատը» այսօր որեւէ թիմի չի զիջում: Եթե մրցաշրջանի սկզբից աշխատեինք, կարծում եմ, թիմը կլիներ ոչ թե նախավերջին տեղում, այլ կպայքարեր ավելի բարձր տեղերի համար: Ընդ որում` հենց այս տղաներով:

-Սակայն առաջնությունը դեռ չի ավարտվել. առջեւում է նաեւ գարնան խաղաշրջանը: Ակումբը ունի՞ թիմի խաղն ուժեղացնելու ներուժ:

-Իհարկե ունի: Եվ այդ առումով ձմեռային ընդմիջումը լինելու է պատեհ շրջան, որի ընթացքում փորձելու ենք բարելավել թիմի խաղը, ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակը` չմոռանալով իհարկե կազմը ուժեղացնելու մասին: Դեկտեմբերին նախատեսում ենք հրավիրել հայկական տարբեր ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստների: Բացի դրանից, ձմռան առաջին ամիսներին մեկնելու եմ արտասահմանյան մի քանի երկիր, որպեսզի ընտրեմ եւ մեր թիմ հրավիրեմ օտարերկրացի խաղացողների:

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930