Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի կարգադրությամբ՝ վերջերս Սիսիանում ապօրինի ծառահատումներ էին կատարվել: Այդ թեմային անդրադարձել էր «Առավոտ» օրաթերթը, ապա նաև տեղական «Որոտան» եւ մարզային «Սյունյաց երկիր» թերթերը: Ուշագրավ է, որ «Սյունյաց երկիրը» տպագրել է սիսիանցի դպրոցականների նամակն ուղղված Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, որով երեխաները խնդրում են մարզպետին Սիսիանը փրկել քաղաքապետի ապօրինի ու կամայական որոշումներից:
Իսկ ահա սիսիանցիները քաղաքի կրպակներում չեն կարողանում գտնել վերոնշյալ թերթերը: Վաճառողների հավաստմամբ՝ երկու թերթերի ամբողջ քանակությունը գնել է մեկ մարդ, թե ով՝ չասացին:
«Այդ բոլոր թերթերը գնողը քաղաքապետի ենթականերից էր՝ անունը չգիտեմ, եկավ, հարցրեց թե ինչքան է վաճառվել ու մնացածը գնեց: Հետո էլ ասում են թե ԲՀԿ-ն ժողովրդի կողմից է, ընդիմություն չի, բայց այլընտրանք է: Էս մեր քաղաքապետն էլ էդ բառը իր ձեւով է հասկացել՝ որպեսզի ծառերը չխնամի, թափված տերեւները չհավաքի, բռնում, ծառերը քոքից կտրում ա»,- այսպես ներկայացրեց իրողությունը ներկա ականատեսներից մեկը:
Մերի ՍԱՀԱԿՅԱՆ