Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը կանխատեսում է ԲՀԿ-ի խորհրդակցությունների ելքը

Նոյեմբեր 16,2012 22:15

Թե ինչով կավարտվի ԲՀԿ-ի նախաձեռնած խորհրդակցությունների շարքը քաղաքական ուժերի հետ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կանխատեսում արեց. «Բազմաթիվ տարբերակներ կան, որոնք, խորհրդակցություներն անելուց հետո կարող են զարգանալ: Օրինակ, ես չեմ բացառում, որ այդ խորհրդակցութուններից հետո, ճանաչելով նաեւ Սերժ Սարգսյանին, իմանալով ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի նմանությունները, Սերժ Սարգսյանը հայտարարի, որ քանի որ ԱԺ-ում ներկայացված ուժերը նման տեսակետ են առաջարկել, իսկ ինքը նաեւ այդ տեսակետը հայտնող կուսակցությունների նախագահն է, երկրի նախագահն է, չնայած ինքը դեմ է դրան, ինքը խոստանում է, որ ընտրություններից հետո, եթե ինքը դառնա նախագահ, այդ հարցը կդնի հանրաքվեի: Ու ինքը երաշխավոր կլինի, որ այն մարդիկ, ովքեր դեմ են նախագահական կառավարման համակարգի փոփոխության, իր «դեմ»-ն արտահայտեն, «կողմ» լինողը՝ կողմ-ն արտահայտի: Իմ կարծիքով՝ սա բավարար կլինի, որ ԲՀԿ-ն հայտարարի, որ Սերժ Սարգսյանը բավարարեց իր պահանջը եւ կպաշտպանի Սերժ Սարգսյանին: Դա կբավարարի նաեւ Դաշնակցությանը: Իրենք գաղափարի մարդիկ են, իրենք կգերադասեն, որ իրենց գաղափարը լսելի դարձավ ու կգնան այնպես, ինչպես արել են 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո, այնպես ինչպես արել են 2003-ին՝ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելով: Վերջիվերջո, քաղաքական ուժերը, որոնք պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար, ճիշտ չի այդ պատասխանատվությունը թղթի Սահմանադրության վրա թողնել: Այդ գիրքն էլ իմաստ ունի»:

Մեր հարցին՝ իսկ ՀԱԿ-ը ի՞նչ խնդիր է լուծում, ըստ Ձեզ, ԲՀԿ-ի հետ խորհրդակցելով ու համագործակցելով՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Գիտեք, քաղաքականությունը խորհրդակցելու արվեստ է: Քաղաքականությունը ցանկալի է վարել առանց առճակատումների եւ ցանկացած ուժի հետ փորձել տեսակետները համոզել: Ես չեմ ուզենա մեկնաբանել ՀԱԿ-ի մոտեցումները: Ես ՀԱԿ-ի մասով իմ մոտեցումները ժամանակին ասել եմ: Ես լուծումներ տեսնում եմ այդ գործընթացների մեջ, բայց չեմ ուզենա անդրադառնալ դրան, որովհետեւ հետո կասեն՝ այ, կողքից, չուզեցին, խանգարեցին եւ այլն: Թող փորձեն: Ժամանակն իրենցն է: Թող փորձեն»:

Արամ Սարգսյանն ինքը կողմնակից է կառավարման նախագահական համակարգին. «Հոկտեմբերի 27-ից հետո երկրում շատ ծանր իրավիճակ էր, եւ այդ վիճակում ես վարչապետ դարձա: Ես կարող եմ ասել, որ կիսանախագահական համակարգը իրեն արդարացնում է: Ես որպես մարդ, որպես անհատ, ինձ ավելի հոգեհարազատ եմ համարում ամբողջական նախագահական համակարգը՝ Հայաստանի համար: Եվ ես չեմ գտնում, որ կառավարման մեխանիզմների փոփոխությունը Հայաստանում տեղ գտած բացասական երեւույթների լուծման բանալին է: Դա այդպես չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930