Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի կուսակից ազատամարտիկը պատրաստվում է հացադուլ հայտարարել ՀՀԿ-ի գրասենյակի դիմաց

Նոյեմբեր 16,2012 21:31


Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակում են դատել 55-ամյա հաշմանդամ ազատամարտիկ Հովհաննես Բաղդասարյանին ` «ակնհայտ կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու ու օգտագործելու և 2006-ից մինչև 2011 թվականի մարտ ամիսը շահադիտական նպատակով զինվորական կենսաթոշակ ստանալու համար»:

Ըստ առաջադրված մեղադրանքի, ազատամարտիկն այսպիսով պետությանը հասցրել է 2 մլն.64 հազար դրամի վնաս:

Դատարանն այժմ քննում է այն հարցը, թե ո՞ր թվականներին է կոնտուզիա ստացել Հովհաննես Բաղդասարյանը` կռվի՞ դաշտում. մարտական տարիների՞ն, թե՞ դրանից հետո: Իսկ որ վերջինս իրոք տառապում է կոնտուզիայով, երկար տարիներ `մոտ 15 տարի բուժվել է «Սթրես» բժշկական կենտրոնում, գրանցված է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում, սրանք անվիճելի փաստեր են:

Այսօր մեզ հետ զրուցում Հովհաննես Բաղդասարյանը նեղսրտեց, որ իր սիրելի հրամանատար` գեներալ Մանվելը մի կողմից իրեն սպայի կոչում է շնորհել, բայց մյուս կողմից թույլ է տվել, որ իրեն «գնդակահարեն»: «Ես իմ կյանքիս ծաղկուն տարիները`1993-1997 թվականները նվիրեցի հայրենիքիս, բայց էս ի՞նչ ձևով են ինձ հետ վարվում: Սա շնորհակալության տե՞ղն է, ինձ տեսնելով ո՞ր մի պատանի երկրապահը կմեկնի սահմանը պաշտպանելու: Մնացել է ինձ հակա հանեն ազատագրական պատերազմին մասնակցելու համար: Ինձ պարոն ավագ դատախազը պարտադրում է հրաժարվել 55 հազար դրամ թոշակից, թե չէ կկալանավորեն: Բայց ես երկու անգամ եմ վիրավորվել` 1993-94 թվականներին , ու ՀՀ կենտրոնական ռազմական բժշկության վարչության պետ պարոն Փարսադանյանն անձամբ ինձ ուղարկել է Մուրացանի հոսպիտալ, Էրեբունի բժշկական կենտրոն, բոլոր կաբինետներում մանրամասնորեն հետազոտել են` խլություն , տեսողություն, քնի խանգարում, հաճախակի պրիստուպներ եմ ունենում, հայտնաբերել են, ու հանձնաժողովը` բժիշկ –փորձագետների որոշմամբ, 2005 թվականին նշանակել է կենսաթոշակ: Իսկ հիմա իմ մարտական ընկերները ինձանից վրեժ լուծելու համար գործ են տվել»,- ասաց ազատամարտիկը:

Ի դեպ, նա շրջում է ՀՀԿ-ի կուսակցական նշանն ու մարտական շքանշանները դոշին խփած: Նրան պարգևատրել է Ռոբերտ Քոչարյանը` մարտական ծառայության համար, պարգևատրել են նաև Սեյրան Օհանյանը, գեներալ Մանվելը:

«Ես բոլորին էլ յուրահատուկ ձևով եմ հարգում. Կենդանի լեգենդ գեներալ Մանվելի հետ անձամբ եմ շփվել, ինձ համար նա ուրիշ է: Սերժ Սարգսյանի վստահված անձն եմ եղել թիվ 34 ընտրատարածքում, նաև նրա կուսակցության անդամն եմ: Վլադիմիր Գասպարյանն էլ ինձ համար մեծատառով մի մարդ է, իմ նեղության ժամանակ ինձ ֆինանսապես աջակցել է»,-ներկայացնում էր ազատամարտիկը: Մեր այն հարցին էլ ` եթե իր հետ այդքան լավ հարաբերությունների մեջ են, ինչո՞ւ չեն օգնում, պատասխանեց. «Իրոք ինձ հիմա միայնակ են թողել, բայց կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը չգիտի այս մասին: Եթե էսպես շարունակվի. ես այդպես էլ չհասկանամ ո՞րն է իմ մեղքը, ինչո՞ւ են ինձ դատում, ես գնալու եմ ՀՀԿ կենտրոնական շտաբի դիմաց ու հացադուլ եմ հայտարարելու: Ես սպասում եմ Սերժ Սարգսյանի վերադարձին, նա հիմա արձակուրդում է : Պարոն Սարգսյանը ինձ Գյումրիում ասաց` դու 4 տարի մասնակցել ես Ղարաբաղյան պատերազմին, դու արդեն իսկ վիրավոր ես:Ես ժամանակին տեղեկանքներ եմ ուզել հրամանատարներից, նրանք էլ առանց առարկության տվել են: Ես իրավունք ունե՞մ հարցնելու, պարոն հրամանատար, դու իրավունք ունե՞ս տակը ստորագրելու, թե՞ ոչ:Հիմա ի՞նչ են ուզում ինձնից, մինչև ոտքերիս ծալվելը մնացել եմ մարտական դիրքերում, խրամատներից դուրս չեմ եկել: Հիմա էլ հիվանդ եմ , ինչո՞ւ են դեղերի վրա կալանք դնում: ՊՆ հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ Մուշեղ Բուլղադարյանն էլ ինձ զրկել է դեղեր ստանալու իրավունքից»:

Ազատամարտիկն ասաց, որ ինքը ապրում է ծայրահեղ չքավորության մեջ` 82 ամյա ծեր մոր հետ, անօթևան է, ոտքից գլուխ հիվանդ: «Երբ որ պռիստուպներս կբռնեն, գլուխս պատերին կուտամ, 2-3 անգամ էլ պառկել եմ հոգեբուժարանում, վաղուց գրանցված եմ այնտեղ»:

82-ամյա մայրն էլ` Ասյա Մինասյանը, դժգոհեց, որ իր ստացած 27 հազար դրամ թոշակը չի բավարարում տղային հոգեմետ դեղեր գնելու համար, իսկ մի դեղի արժեքը 2000 դրամից պակաս չէ: «Ով որ կեղծ թուղթ է տվել, թող նրան դատեն: Տղայիս հաշմանդամության կարգից զրկեցին, դեղերից զրկեցին, հիմա ո՞նց ապրի: Ես չեմ կարող հիվանդ տղուս պահեմ, թող կալանավորեն, ինքը գաղութում մեռնի, ես էլ էստեղ սովից մեռնեմ ու ես երկրից պրծնենք էլի», -դատարանի միջանցքում հոնգուր-հոնգուր լացեց ծեր կինը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930