«Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր, Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը «Արմենիան ուիքլի»-ի հետ զրույցում ասել է, որ եթե հավաքենք միլիոնավոր դոլարներ, կունենանք բավարար ֆոնդեր բոլոր սիրիահայերին օգնելու համար՝ և՛ Սիրիայում գտնվող, և՛ Հայաստան կամ այլ վայրեր մեկնածներին:
Սիրիայի խնդրին քաղաքական ուժերի ներգրավվածության մասին Սասունյանն ասել է. «Քաղաքական նախաձեռնություններն այնքան կարևոր են, որքան մարդասիրական օգնությունը: ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում և այլ երկրների մեր քաղաքական ուժերը Սիրիայի խնդրին ներգրավված բոլոր կողմերի, հատկապես Թուրքայի, վրա պետք է ճնշում գործադրեն, որպեսզի նրանք զերծ մնան քաղաքացիներին վնաս հասցնելուց, այդ թվում հայերին: Ես հավատում եմ, որ Այդպիսի ջանքեր արդեն գործադրվում են Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի, Հայաստանի կառավարության, և այլոց կողմից»:
Ապստամբերի կողմից հայկական եկեղեցին պղծելու մասին Սասունյանն ասել է. «Մենք պետք է մեր կոնգրեսի անդամներին և Օբամայի վարչակազմին համոզենք, որ ավելի բարձրաձայն դատապարտեն ԱՄՆ-ի կողմից հովանավորվող զինյալների նման անընդունելի վարքը»:
Վերջում Հարութ Սասունյանը պատմել է Սիրիայի հայ համայնքի մասին. «Ես ծնվել եմ Հալեպում: Մինչ այս դեպքերը, ես Սիրիա և Դամասկոս մեկնելու հնարավորություն ունեի: Մենք հիանալի հայ համայնք ունենք այդ երկրում: Սիրիահայերը համառորեն պահպանել են իրենց լեզուն, կրոնը և ավանդույթները: Մենք պետք է ամեն ինչ անենք մեր քույրերին և եղբայրներին պաշտպանելու համար: Վաղն արդեն կարող է ուշ լինել»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ