Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը պատասխանել է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամների հարցերին

Նոյեմբեր 16,2012 18:56

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում հանդիպել է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամներին: Վարչապետը պատասխանել է վերջիններին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերվել են Հայաստանի ինտեգրացիոն գործընթացներին, Ռուսաստանի, հարևան երկրների և Եվրամիության հետ հարաբերություններին, մեր երկրում ժողովրդավարության զարգացմանն ուղղված քայլերին և այլն:

Վարչապետը նշել է, որ Ռուսաստանը համարվում է Հայաստանի  ռազմավարական գործընկերը և մեր երկիրը շահագրգռված երկկողմ կապերի ընդլայնմամբ և խորացմամբ: «Հայաստանը հետաքրքրված է ԱՊՀ-ի և ԵվրԱզԷՍ-ի  շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներով: Հայաստանի և Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպման ժամանակ նշվել է. քանի որ   Հայաստանը չունի ընդհանուր սահմաններ Մաքսային միության երկրների հետ, ուստի մեր երկրի հետ պետք է ձևրավորվեն համագործակցության հատուկ մեխանիզմներ: Նախագահների հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որն էլ պետք է առաջարկի նոր գործիքակազմ, որոնք կօգտագործենք այդ ինտեգրացիոն գործընթացներում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Միաժանմանակ, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է նաև եվրամիության շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներով: «ԱՊՀ-ի, ԵվրԱզԷՍ-ի և ԵՄ-ի շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն պրոցեսները չի կարելի հակադրել միմյանց, հակառակը՝ դրանք պետք է տեսնել և դիտարկել որպես միմյանց փոխլրացնող հարաբերություններ: Մենք շահագրգռված ենք ԵՄ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներով և այսօր մեզ համար առաջնային նշանակություն ունի Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները մեկնարկել են ընթացիկ տարվա փետրվարին և նախատեսվում են ավարտել 2013 թվականի վերջին»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով հարևան պետությունների հետ հարաբերություններին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ և անվտանգության հաստատմամբ: «Մենք հարգում ենք Վրաստանի ժողովրդի որոշումը և պատրաստ ենք լավագույնս համագործակցել Վրաստանի նոր իշխանությունների հետ: Մենք շահագրգռված ենք Վրաստանի բարգավաճմամբ, քանի որ դա բխում է նաև Հայաստանի և հայ ժողովրդի շահերից: Մեզ համար կարևոր նշանակություն ունի նաև Իրանի հետ հարաբերությունները, ինչին ևս մեծ նշանակություն ենք տալիս»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով Ադրբեջանին՝  վարչապետը նշել է, որ Հայաստանը կողմ է վերջինիս հետ ուղիղ երկխոսությանը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով և ՌԴ-ի նախաձեռնությամբ վերջին տարիներին կազմակերպվում էին երկկողմ հանդիպումներ, որոնք շատ օգտակար էին: Նման հանդիպումների արդյունքում ձևավորվում է նաև  փոխվստահություն, կողմերը միմյանց համար ավելի կանխատեսելի են դառնում, ինչը թույլ է տալիս լուծել բազմաթիվ հարցեր: Վերջին շրջանում  ԼՂ խնդրի շուրջ բանակցություններն առաջ չեն շարժվում՝ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հետևանքով, ինչը բոլորն են տեսնում»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների շուրջ՝ վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանն առանց նախապայմանների է գնացել երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման նախաձեռնությանը, ինչը ողջունել են և սատարել ԵՄ-ն, ԱՄՆ-ը ու ՌԴ-ն: «Արձանագրությունները ստորագրվեցին, սակայն Թուրքիան հրաժարվեց դրանք վավերացնել՝ առաջ քաշելով նախապայմաններ: Հնարավոր է՝ Թուրքիան չէր սպասում, որ Հայաստանը կարող է գնալ նման քայլի: Դա նրանց համար անսպասելի էր: Կարծում եմ՝ Հայաստանի այս նախաձեռնությունը նպաստեց, որ մեր երկրի՝ հուսալի գործընկերոջ համբավը միջազգային ասպարեզում կտրուկ բարձրանա: Տեղի ունեցածին միջազգային հանրությունն արդեն տվել է իր գնահատականը, գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում»,- փաստել է գործադիրի ղեկավարը:

Պատասխանելով Հայաստանում ժողովրդավարության զարգացման վերաբերյալ հարցին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը գնում է քաղաքացիական հասարակության կառուցման ճանապարհով, այդ ուղղությամբ վերջին տարիներին լուրջ քայլեր են կատարվել: «Այդ մասին է հայտարարել նաև  ընդդիմությունը: Բոլոր որոշումներն ընդունելուց առաջ նախ քննարկում ենք հասարակական կազմակերպությունների հետ: Կառավարության բոլոր քայլերը բաց են և թափանցիկ, ցանակացած մարդ կարող է օն-լայն ռեժիմով հետևել գործադիրի բոլոր քայլերին, այդ թվում բյուջետային ծախսերին: Բոլոր բարեփոխումները, որոնք իրականացվել են ՀՀ նախագահի գլխավորությամբ, տվել են իրենց դրական պտուղները»,- ասել է վարչապետը:

Հանդիպմանը մասնակից ուկրաինական լրատվամիջոցի ներկայացուցիչն անդրադարձել է նաև Դոնեցկի «Շախտյոր»-ում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին և խնդրել վարչապետին իր կարծիքն արտահայտել երիտասարդ կիսապաշտպանի խաղի վերաբերյալ, ով ներկայում գլխավորում է Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը: Վարչապետ Սարգսյանը նկատել է, որ Մխիթարյանի շնորհիվ ֆուտբոլը Հայաստանում նոր շունչ է ստացել: «Հենրիխ Մխիթարյանի և նրա տաղանդավոր խաղընկերների գեղեցիկ խաղի շնորհիվ հայկական ֆուտբոլի վարկանիշը միջազգային ասպարեզում կտրուկ բարձրացել է և ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը մեր երկրում էապես աճել»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930