Այսօր Խնկո Ապոր անվան գրադարանում տեղի ունեցավ դերասան, ռեժիսոր Աշոտ Ադամյանի «Ճեպանկարներ» ֆիլմի շնորհանդեսը: Aravot.am-ի հետ զրույցում Աշոտ Ադամյանը նշեց, որ ֆիլմը նկարահանվել է կանանց, ժողովրդավարության աջակցության «Շահխաթուն» հ/կ-ի պատվերով եւ ներկայացնում է կազմակերպության կողմից անցկացրած սոցհարցումների ընթացքը. «Հարցումները անց են կացվել Հայաստանի տարբեր շրջաններում` Հրազդան, Ախթալա, Քաջարան, Մուսալեռ, Երեւան: Ֆիլմում ցուցադրվում է կանանց ներգրավվածության եւ ակտիվության աստիճանը այնպիսի խնդիրների, դեպքերի եւ երեւույթների առնչությամբ, ինչպիսիք են զինվորների սպանությունները, քաղաքական երեւույթների հանդեպ հետաքրքրությունը: Հարցումներն իրենցից բավական ծավալուն աշխատանք են ներկայացնում: Ընդհանուր առմամբ` ֆիլմը ցույց է տալիս այն միջավայրը, որտեղ անցկացվել են հարցումները»:
Ադամյանի խոսքով` հարցումների արդյունքները միանշանակ ներկայացնել հնարավոր չէ, քանի որ բազմազան են:
Մեր զրուցակիցը նշեց, որ, առհասարակ, հասարակական հնչեղության դեպքեր ամեն օր են լինում. «Օրինակ, օրեր առաջ կամուրջ փլվեց: Կարեւոր է ոչ այնքան դեպքերի թվաքանակը, որքան հասարակական հնչեղությունը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ