Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցաքննեցին Վահե Ավետյանի երկրորդ ընկերոջը, ամբաստանյալը գլխապտույտից վատացավ

Նոյեմբեր 16,2012 18:13

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ցուցունք տվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում այս տարվա հունիսի 17-ին դաժան ծեծի ենթարկված, սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի ընկերը, նույն գործով տուժող ճանաչված, միջին ծանրության վնասվածք ստացած Գարիկ Սողոմոնյանը:

Ցուցմունք տալուց հետո սկսվեց նրա հարցաքննությունը:

Հարցեր տվեցին մեղադրողներ՝ Շենգավիթ համայնքի նորանշանակ դատախազ Արթուր Դավթյանը եւ այսօր ներգրավված երկրորդ դատախազը՝ ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Արմեն Մարուխյանը, ինչպես նաեւ ամբաստանյալներ Արթուր Բաբլոյանի եւ Գարիկ Մարգարյանի պաշտպանները՝ Արման Խաչատրյանն ու Մարինե Թովմասյանը:

Տուժողի ցուցմունքից եւ հարցաքննությունից պարզվեց, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիր են գնացել ՊՆ ռազմական բժիշկները շարունակելու իրենց ընկերոջ՝ Արկադի Աղաջանյանի ծննդյան օրը:

Նրանց դիմավորել է երգիչ Դավիթը: Ըստ տուժողի, ժ.9.30 են հասել «Հարսաքար»: Չանցած րոպեներ, Վահեն դուրս է եկել լվացվելու ու երբ վերադարձել է, փոքր-ինչ անտրամադիր է եղել: Հարցին, թե ինչ է պատահել, Վահեն հայտնել է, որ սպորտային տաբատով չի կարելի: Նա մատուցող Դավիթ Ադամյանին հարցրել է, թե մինչ երբ է համալիրը բաց, պարզվել է, որ մինչ ժամը 12-ը: Վահեն գնացել է զգեստափոխվելու:

Ուշադրության արժանի էր այն, որ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպանի՝ փաստաբան Մարինե Թովմասյանի հարցին, թե երբ դեպքից 12 օր առաջ տուժողը «Հարսնաքարում է» եղել, նույն այդ ժամի՞ն էր, պատասխանեց, որ եղել են ընկերներով ժամը 12-ից հետո, եւ որեւէ մեկը չի զգուշացրել ռեստորանը փակելու մասին:

Տուժողն ասաց, որ իր տպավորությամբ դեպքի վայրում եղել են մինչեւ 30 անձ, ու երբ ընկերներով խոսել են, այդ ընթացքում ճշտել է, որ նրանց թիվը եղել է 15-20:

Տուժողը հիշում էր միայն ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի գործողությունները, երբ իրենք խոսելով դուրս են եկել ավտոկայանատեղի, Վահեն առջեւից է քայլել:

Տարածքը եղել է օբյեկտի լույսերով լուսավորված, մուտքի մասը՝ մթության մեջ:

Գ.Սողոմոնյանը ասաց, որ ամբաստանյալներից վեցին տեսել է, սակայն ով ում էր հարվածում չի տեսել: Իրեն հանկարծակի շուռ գալով հարվածել է Նորայրը, որից ուշագնաց է եղել:

Նա ասաց, որ ստացել է բազմաթիվ վնասվածքներ, որեւէ մեկը մինչ այդ չէր բաժանում վիճող կողմերին, «խառը վիճակ էր»:

Տուժողն ասաց, որ երբ ուշքի է եկել, տեսել է Վահեն իրենից 5-6 մետր հեռու էր ընկած. «Ընդհանրապես, մարդ չեմ տեսել:Մոտեցա, Վահե, Վահե, խորը շնչում էր, խռխռում էր: Ռեակցիա չկար» նշեց նա:

Պաշտպանական կողմին, մասնավորապես, ամբաստանյալ Արթուր Բաբլոյանի պաշտպանին հետաքրքրեց, թե ինչպես է նախաքննության մարմինը առերեսումներ կատարել, նկարահանել ճանաչումն ամբաստանյալների հետ, վերցրել ցուցմունք, երբ տուժողը հիվանդանոցում էր, ինչը նպատակ ուներ պարզելու, թե արդյոք, նրա ցուցմունքներն ուղղորդվել են:

Այս հարցերի կապակցությամբ տուժող Գ.Սողոմոնյանն ասաց, որ ցուցմունքը վերցրել են դեպքի հաջորդ օրը, ինքն անգամ ի վիճակի չի եղել գրելու եւ այն իր պատմելով գրել է քննիչը; Ճանաչումը տեսանկարահանվել է:

Պաշտպան Մարինե Թովմասյանի հարցին էլ՝ նշե՞լ եք, թե կոնկրետ այս վեցի գործողություններից որ վնասվածքը ում պատճառով եք ստացել,տուժողը պատասխանեց, որ կոնկրետ տեսել է ամբաստանյալներին, բայց նրանցից յուրաքանչյուրը ինչ էր անում՝ չի տեսել:

«Հնարավո՞ր է, որ Ձեզ ծեծողները «Հարսնաքարի» աշխատակիցներ չլինեին» հարցին էլ պատասխանեց.«Հնարավոր է»:

Հարցաքննությունը մնաց անավարտ, քանի որ ամբաստանյալ Արման Խաչատրյանը աշխատանաքային օրվա ավարտից չոպեներ առաջ վատացավ /գլխապտույտ եւ սրտխառնոց էր նախնական վարկածը/, դատավորը հայտարարեց, որ շտապ օգնություն կկանչվի նրա համար:

 Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930