Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրապետ Գալստյան. «Հիվանդներին մերժում են ազատ մահճակալ չունենալու պատճառով»

Նոյեմբեր 16,2012 18:04

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանն օրերս հայտարարեց, որ այս պահին մոտ 260 հիվանդի կյանքը

մազից է կախված, քանի որ սպասում են, թե երբ կլինի լրացուցիչ պետական ֆինանսավորում, որպեսզի ուռուցքով հիվանդները կարողանան իրենց քիմիոթերապիան ստանալ: Այսօր Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը ասուլիս էր հրավիրել, ներկայացնելու ուռուցքաբանության վիճակը մեր երկրում, ձեռքի հետ էլ հերքեց իր ենթակայի ասածները` վստահեցնելով, որ թյուրիմացություն է տեղի ունեցել. «Թեկուզեւ մեր գործընկերն է եղել, մեր կլինիկական բաժանմունքներից մեկի ղեկավարն է եղել պրոֆեսոր Բադալյանը, որը նման հայտարարություն է արել, նա պարզապես բաժանմունքի ղեկավար է, բուժող բժիշկ է, հարգում ենք իրեն, բայց ինքը վարչական ապարատում ընդգրկված չէ եւ ինքը չգիտեր, թե ինչումն է հարցը, մի բան է, եթե ազատ տեղ չկա եւ հիվանդին չես կարող ընդունել, այլ բան է, որ հիվանդներին մերժում են: Հերթագրման սկզբունքը միշտ էլ եղել է կա եւ կլինի: Իսկ ինչ վերաբերում է իր հայտարարությանը, ես կարծում եմ, որ դա պարզապես վրիպում է եղել»:

Aravot.am-ի հարցին, թե մահճակալները չեն բավականացնում, բայց, փաստորեն կա պահանջարկ, կենտրոնը մտադիր չէ՞ առողջապահության ոլորտի պատասխանատուների առաջ մահճակալների քանակն ավելացնելու հարց բարձրացնել, պարոն Գալստյանը նշեց, թե մասնավորապես` ինչ ծրագրեր ունեն. «Մեր կենտրոնը եկող տարի ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ տեխնիկական համագործակցության շրջանակներում ստանալու է նոր ճառագայթային բուժման սարք` էլեկտրոնային արագացուցիչ, ինչ վերաբերում է ապագային, ապա տեսաք, որ ՀՀ նախագահի հովանու ներքո ֆիզիկայի ինստիտուտի տարածքում ուռուցքաբանության նոր կենտրոնի ստեղծման վերաբերյալ, դա մի ամբողջ ցիկլ է իր մեջ պարունակում գերժամանակակից սարքավորումներով հագեցած: Այսօր Հայաստանից զգալի թվով մարդիկ դուրս են գնում ռադիոակտիվ ճառագայթային բուժում ստանալու համար, մեր քաղաքացիներն այլեւս չեն մեկնի օտար երկրներ: Սակայն չեմ կարող ասել, որ այդ կենտրոնի հնարավորություններն այնքան մեծ են լինելու, որ բոլորը սպասարկվեն, բայց կարծում ենք մոտ ապագայում կենտրոնը կյանքի կկոչվի եւ կընդլայնվի»:

Այս տարվա հոկտեմբերի 1-ից այս կենտրոնում ներդրվել է համավճարի համակարգը, սակայն ըստ Հայրապետ Գալստյանի, այն չի տարածվում քիմիաթերապեւտիկ ծառայության վրա: Համավճարով կարվեն միայն չարորակ ուռուցքների վիրահատությունը եւ մասամբ ճառագայթային բուժումը: Համավճար չեն վճարի ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիները: Պարոն Գալստյանը նաեւ նշեց, որ տարեցտարի չարորակ ուռուցքներով հիվանդացության եւ մահացության ցուցանիշներն աճում են: Անցյալ տարի մեր երկրում արձանագրվել է 7856 առաջնային հիվանդ, ինչը 100 հազար բնակչի հաշվով 239 մարդ է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930