Այսօր «Հենարան» ակումբում Բեռլինի ազատ համալսարանի դասախոս, Գերմանիայում ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ, դոկտոր Ժիրայր Քոչարյանը խոսեց այն թեմայով, թե արդյոք մինչեւ 2015 թվականը Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացն ավելի մեծ տարածում կստանա եւ ինչպե՞ս դրան կարձագանքի Թուրքիան:
Նա փաստեց, որ Գերմանիայում այսօր թուրքական մեծ համայնք կա, որը մեծ կշիռ ունի նման հարցերում: Քոչարյանը մտահոգված է, ասում է՝ հենց այդ պատճառով էլ հայկական ցունամին Գերմանիայում ուժեղ չի լինի:
Ըստ Ժիրայր Քոչարյանի, որ Գերմանիայում Հայոց Ցեղասպանության ճանաչման հանձնախումբը բազմիցս դիմել է Բունդեսթագին Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրով, սակայն հարցին լուծում չի տրվել. «Այս անգամ էլ պատրաստվում ենք դիմել՝ ասելով, որ ցեղասպանությունը Թուրքիայում շարունակվում է՝ հայկական հուշակոթողների ոչնչացմամբ, հայկական տեղանունների թրքացմամբ…Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը հայ ժողովրդի գոյությունը վտանգի տակ է:Եվ որ չդատապարտվելու դեպքում ցեղասպանությունը կարող է կրկնվել…. Թուրքիան կրկնահանցագործ է , քանի որ նույն ժամանակահատվածում ցեղասպանություն է կատարել ոչ միայն հայերի, այլև հույների, եզդիների, ասորիների հանդեպ»:
Բանախոսը գտնում է, որ Գերմանիայում ապրող հայերը պետք է պահանջեն Գերմանիայից Հայոց Ցեղասպանությունը ճանաչել, Հայաստանն էլ հետեւողականորեն պետք է լուրջ ջանքեր գործադրի՝ ցեղասպանության մասին իրազեկման գծով, քանի որ շատ-շատերը առանձնապես տեղյակ չեն ողբերգության մանրամասներին:
Աննա ԱՍԱՏՐՅԱՆ
Լուսանկարը՝ «Հենարանից»