«Սերժ Սարգսյանը դեռ հնարավորություն ունի խուսափել ավելի ծանր պատասխանատվությունից՝ ՀԱԿ երիտասարդներին ազատ արձակելով»,- այսօր գլխավոր դատախազության շենքի առջեւ ՀԱԿ ակտիվիստներին ազատ արձակելու պահանջով հերթական բողոքի ակցիայի ժամանակ մեզ հետ զրույցում ասաց «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնության անդամ Արեգ Գեւորգյանը:
Ըստ նրա, իրենք շարունակելու են փողոցային պայքարը. «Այս իշխանությունները պայքարի ուրիշ հնարավորություն չեն թողել: Պայքարելու ենք, որ երիտասարդները հայտնվեն ազատության մեջ , անկախ այն բանից կարդարացվեն, թե՝ ոչ: Տեսել ենք՝ երբ գործը հասնում է ազատ արձակելուն, նրանք առանց արդարացնելու են անում»:
Մեր հարցին, սպասո՞ւմ եք ՀՀ նախագահի «բարի կամքի» դրսեւորմանը, Ա. Գեւորգյանը պատասխանեց. «Նախագահն իր բարի կամքը արդեն շատ վաղուց ցույց է տվել ազատասեր երիտասարդների դեմ պայքար մղելով, սեփական քաղաքացիներին հալածելով, ժողովրդի լայնածավալ թալանն ապահովելով : Նա բազմիցս ապացուցել է իր մեծահոգությունը: Եվ իրեն նախագահ համարող անձնավորությունից ակնկալել հասարակության նպաստող որեւէ քայլ, միամտություն է»:
ՀԱԿ ակտիվիստի խոսքերով, ՀԱԿ երիտասարդների հետ համատեղ, վաղը բողոքի միջոցառում են անցկացնելու Խնկո ապոր գրադարանի մոտից, որտեղ տեղի են ունեցել օգոստոսի 9-ի հայտնի դեպքերը: «Եթե մարտի 4-ին փուչիկների տեղը 180 հոգի մարդ է վիրավորվել ու այդ մարդուն մեկ տարի են տվել, իսկ Տիգրան Առաքելյանը, որ կոնգրեսի անդամ է, ընդդիմություն է, իրեն տալիս են 6 տարի: Ինչ արդարության մասին է խոսքը: Սա քաղաքական պատվեր է: Եթե ինչ-որ վերեւից բան չիջնի, հրաշք չլինի, հույս չեմ դնում, որ երիտասարդներին ազատ կարձակեն»,- հավելեց ՀԱԿ համախոհներից մեկը:
Կարդացեք նաև
Ակտիվիստ Սարգիս Գեւորգյանն էլ ասաց, թե հրաշք ասելով համախոհները նկատի ունեն հազարավոր մադկանց ճնշումները իշխանության վրա, ինչի արդյունքում իշխանությունները տեղի են տալու ու հրաժարվեն իրենց գործելաոճից :
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ