Հայ երաժշտական արվեստի հեղինակավոր անուններից մեկը՝ Ռոբերտ Ամիրխանյանը, այսօր տոնում է իր ծննդյան 76 ամյակը: Մաեստրոն ծնվել է Երևանում, ավարտել է Երևանի կոնսերվատորիան: Նա երաժշտություն է գրել 16 խաղարկային և շուրջ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար: 1998 թվականին պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Հայ մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունները շարունակում են մնալ ամենասիրվածների շարքում, դա էին փաստում այն արձագանքները, որ ունեցան երիտասարդները, երբ իմացան, որ այսօր մաեստրոյի ծննդյան օրն է:
«Շնորհավորում եմ և մաղթում անսպառ եռանդ, – ասաց 22-ամյա Հայկն ու առանձնացրեց իր ամենասիրելի ստեղծագործությունը՝ «Հայի աչեր»:
24-ամյա Սոնան ևս շնորհավորում է մաեստրոյին և ասում. «Շնորհակալ եմ, որ ունենք Ձեզ նման տաղանդավոր կոմպոզիտոր, ում երգերը լսելիս ամեն անգամ հաճույք եմ զգում, շնորհակալ եմ Ձեր արվեստի համար, առողջ եղեք»:
«Այնպես ուզում եմ անունդ թողնել կեսգիշերային ավազի վրա…», – իմանալով, որ այսօր հայ մեծ կոմպոզիտորի ծննդյան օրն է սկսեց այս ստեղծագործությունը կատարել 20-ամյա Մարինեն. «Անչափ հպարտ եմ ինձ զգում, որ նման տաղանդավոր կոմպոզիտորի հայրենակիցն եմ. շնորհավոր ծնունդդ մաեստրո», – ասաց նա:
«Կարմիր ծաղիկ մը գարունի», – սա այն ստեղծագործությունն է, որն առաջինը մտաբերեց 19-ամյա Արփին, ու նշեց, որ այն շատ է սիրում և միջոցառումների ժամանակ հաճախ է կատարում. «Թող այսպիսի ստեղծագործությունները հարատև լինեն, առողջություն և հաջողություններ Ձեզ մաեստրո», – ավելացրեց նա:
«Առավոտ երիտասարդականը» ևս շնորհավորում է հայ մեծ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին՝ մաղթելով ամենալավն ու բարին:
Տիգրանուհի Թասլակյան