Անցյալ տարի առաջին անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի եւ Webtv.am հեռուստատեսության նախաձեռնությամբ կազմակերպվեց համահայկական առաջին առցանց «WebԾիրան» կինոփառատոնը: Aravot.am-ի հետ զրույցում Webtv-ի տնօրեն Արայիկ Մանուկյանը նշեց, որ արդեն երկրորդ փառատոնի վրա են աշխատում: «WebԾիրան-2012»-ը կմեկնարկի նոյեմբերի 20-ին:
«Երբեմն չեմ հասկանում, թե ինչու որոշ ռեժիսորներ, որ չարչարվել ու ֆիլմ են նկարել, պահում են դրանք: Այլ հարց է, որ հատկապես երիտասարդները մտածում են, թե իրենց նկարածը գլուխգործոց է եւ նպատակ ունեն մասնակցել Կաննի կամ Վենետիկի փառատոներին, որտեղ կանոնակարգերը թույլ չեն տալիս նախապես ցուցադրված ֆիլմեր ուղարկել: Բայց եթե այդ հեռանկարը չի սպասվում իրենց ֆիլմին, ինչի համար է այդ պասիվությունը: Կուզենայի, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը, «Հայկ» կինոստուդիան, որտեղ ֆիլմեր են հավաքված, որոշակի ակտիվություն ցուցաբերեին, որովհետեւ շատ ֆիլմերի հեղինակային իրավունքներն իրենց է պատկանում, եւ ի վերջո ֆիլմը հասարակության համար է: Մենք որեւէ խնդիր չունենք հեղինակային իրավունքների հետ կապված, շահ եւս չունենք: Ընդհակառակը՝ անում ենք ծախսեր, պահում ենք աշխատակազմ, որը ֆիլմերը ինտերնետով հեռարձակում է: Իսկ մենք ընդամենը ուզում ենք, որ այդ հարթակն օգտագործվի»,-ասում է պարոն Մանուկյանը:
Webtv-ի տնօրենը մի ցանկություն էլ ունի ապագայի հետ կապված. «Ոսկե ծիրանի» փառատոնային ծրագրերից որեւէ մեկը առցանց լինի, նույնիսկ առցանց տոմսեր վաճառվեն՝ փառատոնին մասնակցելու համար, ինչպես արվում է, օրինակ, Վենետիկի կինոփառատոնում: Գուցե առաջիկա հոբելյանական «Ոսկե ծիրանում» հնարավոր լինի դա իրականացնել, քանի որ կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը եւս այդ գաղափարի կրողն է: Ի վերջո, ոմանք չեն հասցնում գալ դահլիճ ֆիլմ նայելու, իսկ օնլայն տոմսի դեպքում կարելի է ունենալ գաղտնաբառը եւ սիմվոլիկ գումարով նայել ֆիլմը՝ հարմար ժամի, հարմար վայրից»:
Մանրամասները՝ տպագիր «Առավոտում»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ