Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԵՐԱՐԿՈՒՆ ԵՎ ՇԻՇԸ

Նոյեմբեր 16,2012 17:19

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Գլուխ տասնմեկերորդ

ՎԵՐԱՐԿՈՒՆ ԵՎ ՇԻՇԸ

Եվ Ֆերեշեթը քթի տակ փնթփնթալով Ներսիսյանին ասաց՝ «իզուր էլ անկեղծացել ու պատմել եմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդ դեպքը մատի փաթաթան ես սարքել, Էֆենդի», եւ Ներսիսյանը փռթկացնելով հարցրեց՝ «ո՞ր դեպքը», եւ Ֆերեշեթը նեղսրտելով ասաց՝ «էդ Ստենդալի դեպքը», եւ Ներսիսյանը ժպտալով Ֆերեշեթին հարցրեց՝ «Ստենդալի՞, թե, այնուամենայնիվ, «Նապոլեոն» կոնյակի», եւ Ֆերեշեթը փնթփնթալով ասաց՝ «Ստենդալի ու «Նապոլեոն» կոնյակի» եւ փնթփնթալով ավելացրեց՝ «էդ մի հատիկ դեպքն ա էղել», եւ Ներսիսյանը ժպտալով Ֆերեշեթին հարցրեց՝ «կարելի՞ է իմանալ՝ այդ մեկ հատիկ դեպքը երբ է տեղի ունեցել», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մոտավորապես տասնհինգ  տարի առաջ», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «փաստորեն,  մոտավորապես տասնհինգ տարի առաջ ագահաբար կլանել եք «Նապոլեոն» կոչեցյալ այդ թանկագին հրաշքը», եւ Ֆերեշեթը փռթկացնելով ասաց՝ «ի՞նչ ագահաբար. կում-կում էի խում», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «փաստորեն, մոտավորապես տասնհինգ տարի առաջ մենմենակ կլանել եք  բոնապարտյան այդ շշի ողջ բովանդակությունը», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «էդ թվերին քո մոտ գնալգալ չունեի, Էֆենդի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «թե չէ՝ էդ «Նապոլեոնը» մենմենակ չէի խմի», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «նրբացուցիչ դեպք հանցանաց» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «ձեր անմեղության կանխավարկածն ավելի քան զորեղ է» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «այնուամենայնիվ, մենմենակ ու մեկուսի եք կլանել բոնապարտյան այդ երջանկահիշատակ շշի ողջ բովանդակությունը», եւ Ֆերեշեթը մեղավոր ժպտալով ասաց՝ «հա. ի՞նչ մեղքս թաքցնեմ», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու Ֆերեշեթին ասաց՝ «դուք բավական կարդացած երիտասարդ եք եւ պարտավոր եք իմանալ, որ միայնակ ու մեկուսի խմելը ալկոհոլիզմի առաջին ու գլխավոր ախտանշանն է», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «էդ առաջին ու միակ դեպքն ա էղել, Էֆենդի», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «դուք բավական կարդացած ու կրթված երիտասարդ եք եւ պետք է իմանաք, որ բոլոր հաջորդ  դեպքերը սկիզբ են առնում առաջինից», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «էդ դեպքը շարունակություն չունեցավ, Էֆենդի», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու Ֆերեշեթին ասաց՝ «փաստորեն, խորհրդային տարիներին միանգամայն բարեկեցիկ կյանք եք ապրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բոնապարտյան կոնյակներ եք գրողի ծոցն ուղարկել», եւ Ֆերեշեթն արդարանալով նորից ասաց՝ «էդ առաջին ու միակ դեպքն ա էղել», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆերեշեթին հարցրեց՝ «իսկ պատահաբար Ռիո Դե Ժանեյրոյում չե՞ք եղել», եւ Ֆերեշեթը փռթկացնելով  պատասխանեց ու ասաց՝ «չէ», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կլինեք» եւ մի  քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դուք դեռ տակավին երիտասարդ եք», եւ Ֆերեշեթը փռթկացնելով ասաց՝ «ի՞նչ երիտասարդ. արդեն էշի մոր թայն եմ, Էֆենդի», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու Ֆերեշեթին հարցրեց՝ «քառասուն կա՞ք», եւ Ֆերեշեթը պատասխանեց ու ասաց՝ «ուղիղ քառասուն եմ», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շա՜տ ափսոս», եւ Ֆերեշեթը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ համար ես ափսոսում, Էֆենդի», եւ Ներսիսյանն ասաց՝ «սովորաբար քառասունը չեն նշում. ասում են՝ քառասունը նշելը վատ նշան է» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «այլապես կարող էինք ձեր եւ ավանակի մայրիկի քառասուն ամյակները համատեղ նշել» եւ մի քիչ էլ  մտածեց ու ժպտալով ասաց՝ «հենց այս պահին եւ հենց այս սեղանի շուրջ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ընկեր Պեպանը կասեր՝ էս նմուտին, էս սհաթին», եւ Ֆերեշեթը զարմացած նայեց Ներսիսյանին ու ասաց՝ «ի՞նչ Պեպան», եւ Ներսիսյանը ժպտալով Ֆերեշեթին հարցրեց՝ «մի՞թե արդարության եւ արդարադատության աննկուն մարտիկ Պեպոյին չեք ճանաչում» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «իսկ ինձ թվում էր՝ կարդացած ու բանիմաց երիտասարդ եք», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու կմկմալով ասաց՝ «Պեպոյին գիտեմ, բայց ավանա՞կն ինչ կապ ունի», եւ Ներսիսյանը ժպտալով ասաց՝ «ոչ թե ավանակը կապ ունի, այլ՝ ավանակի  մայրիկը», եւ Ֆերեշեթը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ կապ», եւ Ներսիսյանը զարմացած նայեց Ֆերեշեթին ու ժպտալով ասաց՝ «ավանակի մայրիկին անձամբ դուք հիշեցիք» եւ մեզ նայելով ավելացրեց՝ «տղաները վկա են», եւ Ֆերեշեթը զարմացած հարցրեց՝ «ե՞րբ եմ հիշել», եւ Ներսիսյանը փռթկացնելով Ֆերեշեթին ասաց՝ «դուք քիչ առաջ հրապարակավ եւ անթաքույց հրճվանքով հայտարարեցիք, որ էշի մոր թայն եք», եւ Ֆերեշեթն անակնկալի գալով՝ մի քիչ մտածեց ու կմկմալով ասաց՝ «էդ ժողովրդական խոսք ա» եւ մի քիչ էլ մտածեց ու կմկմալով ավելացրեց՝ «ժողովուրդն ա ըտենց ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու կմկմալով բացատրեց՝ «որ ասում են՝ էշի մոր թայն ա, էդ նշանակում ա, որ ահագին մեծ ա», եւ Ներսիսյանը հիացմունքով նայեց Ֆերեշեթին ու ժպտալով ասաց՝ «շնորհակալություն մեկնության համար» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ձեր մակարդակի մտավորականն ու բանահավաքը ոչ թե պիտի կուրորեն կրկնի ժողովրդական  ասույթներն ու ասացվածքները, այլ պիտի փորձի բացատրելով մեկնաբանել դրանք», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես բանահավաք չեմ», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց, չափազանց խիստ հայացքով նայեց Ֆերեշեթին ու անսպասելի գոռաց՝ «եթե բանահավաք չեք, ինչո՞ւ եք այդ կիսադատարկ շշերն աղբամաններից հավաքում ու հետներդ ման տալիս», եւ Ֆերեշեթն արդարանալով ասաց՝ «էդ կիսադատարկ շիշը մերն ա», եւ Ներսիսյանը զարմացած նայեց Ֆերեշեթին ու հարցրեց՝ «այսինքն»,  եւ Ֆերեշեթն ասաց՝ «այսինքն, ոչ մի աղբամանից էլ չեմ հավաքել», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու Ֆերեշեթին ասաց՝ «ես փորձում էի մոռացության մատնել այդ տխրահռչակ շշի լինելիության փաստը, սակայն դուք ինձ ստիպեցիք հիշել» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտելով  ավելացրեց՝ «ես մշտապես ջանացել ու ջանում եմ մոռացության մատնել անցանկալի երեւույթներն ու դիպվածները», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու կմկմալով ասաց՝ «ուրեմն, էդ շշի գոյության մասին մոռանանք», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «այդ դեպքում՝ ձեր վերարկուի տեղը պետք է փոխեք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «այն ուղղակի աչք է ծակում եւ տխուր հիշողություններ է արթնացնում», եւ Ֆերեշեթը ժպտալով հարցրեց՝ «վերարկո՞ւն, թե՝ շիշը», եւ Ներսիսյանը  մի քիչ մտածեց ու ասաց՝ «տվյալ դեպքում դրանք նույնն են», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու Ներսիսյանին ասաց՝ «քո համար են նույնը» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որովհետեւ դու իրերի ու առարկաների խորքը թափանցելու գերբնական հատկություն ունես», եւ Ներսիսյանն արհամարհական նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «մի անգամ էլ եք  նվաստիս կապակցությամբ դույն հաճոյախոսությունն արել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ես ձեզ խորհուրդ եմ տալիս՝ հաճոյախոսություններից անցնել գործի», եւ Ֆերեշեթը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ գործ», եւ Ներսիսյանը գոռաց՝ «այդ չարաբաստիկ վերարկուն աչքիս առաջից ռա՛դ արեք», եւ Ֆերեշեթը խորամանկ ժպտալով Ներսիսյանին  հարցրեց՝ «վերարկո՞ւն, թե՝ շիշը», եւ Ներսիսյանն իրեն զսպելով ու ձայնը ցածրացնելով պատասխանեց ու ասաց՝ «երկուսն էլ», եւ Ֆերեշեթը վեր կացավ ու ժպտալով ասաց՝ «եթե պետք ա՝ կարամ լուսամուտից դուրս շպրտեմ», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու քմծիծաղով Ֆերեշեթին հարցրեց՝ «շի՞շը, թե՝ վերարկուն», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «էրկուսն էլ», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «առաջինի դեպքում թույլ տվեք կասկածել» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «դուք դեռեւս հասունացած չեք նման ինքնազոհաբերման համար» եւ մի քիչ էլ մտածեց ու մի կերպ ծիծաղը զսպելով գոռաց՝ «արագացրե՛ք», եւ Ֆերեշեթը գնաց, կախիչից վերարկուն վերցրեց, տարավ միջանցքի խորքն ու հետ վերադարձավ, եւ Ներսիսյանը Ֆերեշեթին հարցրեց՝ «կարելի՞ է իմանալ՝ ուր տարաք», եւ Ֆերեշեթը ժպտալով հարցրեց՝ «ի՞նչը ուր տարա», եւ Ներսիսյանը պատասխանեց ու ասաց՝ «վերարկուն» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ շիշը», եւ Ֆերեշեթը  կմկմալով ասաց՝ «վերարկուս միջանցքի բազկաթոռին դրեցի» եւ մի քիչ մտածեց ու կմկմալով ավելացրեց՝ «շիշն էլ վերարկուիս գրպանում ա», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու խիստ տոնով Ֆերեշեթին հարցրեց՝ «համոզվա՞ծ եք, որ շշի պարունակությունը չի թափվի», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ընենց եմ դրել, որ հաստատ չի թափվի» եւ մի քիչ էլ մտածեց ու կմկմալով ավելացրեց՝ «համ էլ՝ շշի բերանը շատ պինդ ա փակած», եւ Ներսիսյանը խիստ տոնով Ֆերեշեթին հարցրեց՝ «համոզվա՞ծ եք», եւ Ֆերեշեթը  ժպտալով  պատասխանեց ու ասաց՝ «միանգամայն», եւ Ներսիսյանը խեթ նայեց Ֆերեշեթին ու խիստ տոնով ասաց՝ «եթե համոզված եք, որ շիշը հուսալիորեն է փակ,  կարող եք նստել», եւ Ֆերեշեթը փռթկացնելով ասաց՝ «համոզված եմ», եւ Ներսիսյանն առանց Ֆրեշեթին նայելու  ասաց՝ «կարող եք նստել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «նստեք եւ սկսեք», եւ Ֆերեշեթը զարմացած հարցրեց՝ «ի՞նչը սկսեմ», եւ Ներսիսյանը խեթ նայեց Ֆերեշեթին ու խիստ տոնով ասաց՝ «նախ՝ նստեք», եւ Ֆերեշեթը նստեց, եւ Ներսիսյանը խիստ տոնով ավելացրեց՝ «իսկ հիմա կարող եք սկսել», եւ Ֆերեշեթը զարմացած հարցրեց՝ «ի՞նչը սկսեմ», եւ Ներսիսյանը տհաճությամբ նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «այդ չարաբաստիկ շշի պատմությունը» եւ մի քիչ մտածեց ու քամահրանքով ավելացրեց՝ «ամենայն մանրամասնությամբ պատմեք՝ ինչը ինչպես եղավ», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու կմկմալով հարցրեց՝ «այսինքն, ո՞նց պատմեմ», եւ Ներսիսյանն արհամարհական նայեց Ֆերեշեթին ու քամահրանքով ասաց՝ «աշխատեք այնպես պատմել, որ ներկաներին ձանձրույթ չպատճառեք», եւ Ֆերեշեթը քթի տակ ինչ-որ բան փնթփնթաց, եւ Ներսիսյանը խիստ տոնով Ֆերեշեթին ասաց՝ «փորձեք առավել լսելի եւ առավել հոդաբաշխ արտահայտվել», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու քթի տակ խնդմնդալով ասաց՝ «բայց արտահայտվելը պարտադիր ա՞», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու չափազանց խիստ տոնով Ֆերեշեթին ասաց՝ «ես պարտավոր եմ իմանալ՝ ինչպես է այդ կիսադատարկ շիշը հայտնվել ձեր ծոցագրպանում» եւ մի քիչ էլ մտածեց ու հոգոց հանելով ավելացրեց՝ «ինչպես նաեւ՝ իմ բնակարանում»  եւ մի քիչ էլ մտածեց ու քմծիծաղով ավելացրեց՝ «իմիջիայլոց՝ վերջին հանգամանքն առավել էական ու առավել կարեւոր է» եւ մի քիչ էլ մտածեց ու չափազանց խիստ տոնով Ֆերեշեթին ասաց՝ «լսում եմ. կարող եք սկսել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես պետք է ամեն ինչ իմանամ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «առնվազն ինձ  վերաբերող ու ինձ առնչվող մասով», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու Ներսիսյանին ասաց՝ «էդ պատմությունը ոչ մի մասով քեզ չի առնչվում», եւ Ներսիսյանը զարմացած գոռաց՝ «ինչպե՞ս թե՝ ինձ չի առնչվում» եւ մի քիչ մտածեց ու բարկացած  ավելացրեց՝ «չէ՞ որ այդ կիսադատարկ շիշն անձամբ իմ բնակարանում է հայտնվել» ու մի քիչ էլ մտածեց եւ իրեն զսպելով ու ձայնը ցածրացնելով ավելացրեց՝ «ընդ որում՝ ձեր միջոցով եւ ձեր ձեռամբ»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930