Չեն դադարում վերջին շրջանում մայրաքաղաքում հայտնված հայ անվանի մեծերի արձանների շուրջ տճահ պատմությունները: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ էլ կոտրել էին Հրանտ Մաթևոսյանի արձանի ոտքը: Ցանկացել են լուսանկարվել, նստել են արձանի ոտքին ու կոտրել այն:
Ի վերջո, արձանների հետ կատարվածը անվանենք մշակութային վանդալի՞զմ, թե՞ խնդիրների առաջացման պատճառն այն է, որ արձաններն այնպիսի նյութից են պատրաստված, որ հեշտ կոտրվում են: Այս հարցը Aravot.am-ը քննարկեց մի շարք քանդակագործների հետ:
Քանդակագործ Դավիթ Մինասյանը խորհուրդ տվեց անձանց չմեղադրել, քանի դեռ փաստեր չկան ու մանրամասնեց. «Առաջացած խնդիրների պատճառն այն է, որ մտահղացումը շատ լավն է, իսկ կատարումը շատ վատը»:
Կարդացեք նաև
Կատարվածը մշակութային վանդալիզմ կարո՞ղ ենք համարել, թե՝ ոչ հարցին, պարոն Մինասյանն այսպես արձագանքեց. «Ժողովուրդ ջան, ախր վանդալիզմը ավելի կարևոր ու պատմական երևույթ է: Այնպիսի բաներ են կատարվում շուրջը, ընկել ենք արձանների հետևից…. սա տեխնիկական խնդիր է, սա մշակութային վանդալիզմ չէ»:
Քանդակագործ Լևոն Թոքմաջյանն, այնուամենայնիվ, կատարվածը վանդալիզմ է համարում և դատապարտում: Միևնույն ժամանակ նշում. «Իհարկե, կոտրվելու հարցում արձանների նյութն էլ է պատճառը: Բայց բոլոր դեպքերում դատապարտում եմ այդ երևույթը: Մենք մեր մեջ պետք է դաստիարակենք այն, որ վերջապես մարդ է աշխատել, ինչքան կարողացել է, արել է: Երևույթը դրական է, քաղաքային իշխանություններն ուզում են, որ քանդակները մտնեն մարդկանց մեջ, կենցաղ, տեսնեն, սիրեն, հարգեն: Բայց հանկարծ տեսնում ենք մեկ մատն են ջարդում, մեկ ոտքը: Սա արդեն անթույլատրելի է: Կարող եք որակել, ինչպես ուզում եք, բայց դա հանցագործություն է ամեն պարագայում: Արվեստի գործը լավն է, թե ոչ՝ դա այլ խնդիր է: Չես հավանում, մի նայի, ձեռք մի տուր, ի վերջո արվեստը սուբյեկտիվ ընկալում է: Այնպես չէ, որ բոլորը միանգամից սկսեն ծափ տալ, երկրորդ անգամ են նայում, նոր բաներ են հայտնաբերում և այլն: Եթե քաղաքային իշխանությունները տեսնեն, որ լավը չէ , չսիրեցին, կփոխարինեն մեկ ուրիշով: Բայց խփել ջարդել չի կարելի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ