Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Մանվելի հոգեկան խնդիրներ ունեցող մարտական ընկերոջը զրկել են անգամ դեղորայքից (ֆոտոշարք )

Նոյեմբեր 16,2012 16:34

Գյումրու ՀԱԿ ակտիվիստ, Ղարաբաղյան պատերազմի մասնակից Ժորա Աթոյանին դատելուց ու նրան մահվան հասցնելուց հետո, այժմ էլ նույն անձնակազմով` Շիրակի մարզի առաջին ատյանի դատավոր Մարտին Սարոյանի նախագահությամբ ու դատախազ Հարություն Հարությունյանի մեղադրանքով, դատում են գյումրեցի մեկ այլ ազատամարտիկի`55-ամյա Հովհաննես Բաղդասարյանին: Նրան ևս մեղադրում են կոնտուզիայով չտառապելու, սակայն կեղծ փաստաթղթերով զինվորական կենսաթոշակ ստանալու համար:

Այսօր Aravot-am-ի հետ զրույցում ազատամարտիկը դժգոհեց, որ իր փաստաթղթերում առկա է բոլորի կնիքը` այդ թվում և գեներալ Մանվելի, կա ռազմաբժշկական հանձնաժողովի որոշում այն մասին, որ ինքը կոնտուզիա է ստացել 1994 թվականին:

«Դատախազ պարոն Հարությունյանը ինձ չի հավատում, ինձ պատերազմի դաշտում չի տեսել, չի հանդիպել, չի հավատում, բայց ես ունեմ փաստաթուղթ, որ ես 15 տարի բուժվել եմ «Սթրես» կենտրոնում: Ես գրանցված եմ նաև հոգեբուժարանում, թուղթ ունեմ. 2-3 անգամ պառկել եմ այնտեղ: 1993-1997 թվականներին` 4 տարի շարունակ մասնակցել եմ Ղարաբաղյան պատերազմին, ընդ որում գնացել եմ ինքնակամ` եղել եմ Հորադիզում, Մարտակերտում, Հակոբ Կամարում: Գեներալ Մանվել Գրիգորյանի մոտ եմ մնացել, նույնիսկ գումարտակի տղաները փախան, բայց ես մնացի դիրքերում: Միշտ եղել եմ մարտական գործողությունների մեջ, մարտական խրամատներում: Հակոբ Կամարի ուժեղ մարտերի ժամանակ արկի պայթյունից ստացել եմ կոնտուզիա, հետո 2 ամիս անց նորից մեկնել եմ Մանվել Գրիգորյանի մոտ` պաշտպանելու Գյումրիի գումարտակի պատիվը»,- այսպես ներկայացրեց իր կենսագրականը ազատամարտիկը:

Նրա ասելով, գեներալ Գրիգորյանն իրեն սպայի կոչում է տվել, սակայն դրանից հետո սկսել են իրեն դատել: Aravot-am-ի այն հարցին, թե ինչո՞ւ գեներալ Մանվելն իրեն տեր չի լինում, ազատամարտիկը պատասխանեց, որ ինքը դատարան է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ստորագրությամբ փաստաթուղթ, սակայն դատախազը կասկածի տակ է վերցրել` պնդելով, որ դա գեներալի ստորագրությունը չէ: «Մենք փորձաքննություն ենք պահանջում, սակայն դատախազը չի համաձայնում: Վաղը մյուս օրն էլ կասեն, որ ոչ մի պատերազմ էլ չի եղել, դա ես եմ հորինել», -նեղսրտեց Հովհաննես Բաղդասարյանը:

2-րդ խմբի հաշմանդամ ազատամարտիկը չափազանց վատառողջ է, գրացված է Գյումրու հոգեբուժարանում, սակայն արդեն երկրորդ տարին է` հասանելիք դեղորայքը չեն տրամադրում: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դեռ շարունակվում է նրա դեմ հարուցված քրեական գործի քննությունը, ազատամարտիկի մեղքը փաստացի ապացուցված չէ, սակայն նախաքննական մարմնի պահանջով դադարեցրել են հոգեմետ դեղերի տրամադրումը, որն էլ շատ վատ է անդրադառնում Հովհաննես Բաղդասարյանի առողջության վրա:

Նրան զրկել են անգամ թոշակից, աղքատության նպաստից: «Ես դեղեր եմ խնդրում իմ այն մարտական ընկերներից, որոնք հոգեմետ դեղեր են օգտագործում, երբեմն աչքի դեղեր եմ վերցնում, տեսողությունս շատ վատ է, սա հաստատել է նաև պրոֆեսոր Մալայանը», -ասաց նա:

Ի դեպ, ազատամարտիկը հանուն հայրենիքի կորցրել է նաև ընտանիքը. նա ամուսնալուծված է , պատերազմ գնալու պատճառով կինը, երկու մանկահասակ որդիներին վերցնելով, հեռացել է: Նա այժմ Գյումրու քաղաքապատկան վթարային թանգարաններից մեկում է բնակվում 82-ամյա ծեր մոր հետ և փաստացի անօթևան է:

«Ես երկրաշարժից անօթևան եմ մնացել, ոչինչ չունեմ, նույնիսկ անձնագիր, բայց եթե տուն ստանամ, խոստանում եմ Հայաստանի Հանրապետությանը նվիրել: Եթե էս երկրում դեղի փողն են խլում, ուրեմն էլ ոչինչ չունեմ ասելու: Ես նաև ՀՀԿ-ական եմ, Սերժ Սարգսյանի կուսակիցը, 34 ընտրատարածքում եղել եմ նրա վստահված անձը: Նա ինձ անձամբ է ճանաչում, նա երևի այս մասին չգիտի էլ , իմ մարտական ընկերներն են իմ դեմ գործ տվել»,- դժգոհեց Հովհաննես Բաղդասարյանը:

Ազատամարտիկի դատն այսօր էլ սկսվելուն պես հետաձգվեց, արդեն երկու օր է հետաձգվում է, սակայն նրա ծեր մայրը`Ասյա Մինասյանը դժգոհեց, որ որդու առողջական վիճակը գնալով սարսափելի է դառնում:

PrevPhoto
NextPhoto

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930