«Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ գոնե վերջին երկու հարցազրույցներով նա խնդիր է լուծում: Եվ այդ խնդիրը «Բարգավաճ Հայաստանին» ամեն կերպ օժանդակելը եւ առաջ գցելն է: Մնացածն այդտեղ արդեն անտուրաժ են»,- Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարզացրույցը, կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը:
Մեր զրուցակցի հավաստմամբ, անգամ Քոչարյանի այն դիտարկումները, որոնցով նա փաստում է, թե համոզված չէ, որ խորհրդարանական կառավարման համակարգը ճիշտ է, ի վերջո, շարադրությունը հանգեցնում է նրան, որ խորհրդարանական կառավարման համակարգը ճիշտ է:
«Ակնհայտ է, որ այդ խնդիրը լուծելու համար Քոչարյանն ուղղակի օգտագործում է այդ մեկնաբանությունները: Ինքներդ էլ հասկանում եք, որ անկեղծ չէ այդ մտածողությունը: Եթե անկեղծ լիներ, ապա իր իշխանավարման ժամկետում այդ բոլոր քայլերը կաներ, իսկ մենք չենք տեսել այդ քայլերից եւ ոչ մեկը»:
Ինչ մնում է նրան, որ ՕԵԿ-ը եւս մտավ ԲՀԿ-ի նախաձեռնած փակ-գաղտնի քաղաքական կոնսուլտացիաների մեջ, իսկ Վարդան Օսկանյանն էլ հայտարարեց, թե կոալիցիոն ՕԵԿ-ի հետ համագործակցության եզրեր կան, Կարապետ Ռուբինյանը նկատում է. «Չեմ կարծում, որ ՕԵԿ-ն իր միակ հույս ու ապավենից կհրաժարվի եւ կանդամակցի դեռ նոր-նոր նշմարվող ինչ-որ մի ալյանսի: Պարզապես, դաշտը հետազոտելու, հոտոտելու պրոցեսներ են գնում: Դեռ ոչինչ պարզ չէ»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանն՝ արդյոք այս ամենը պայմանավորվածություններով չի՞ ընթանում, քանի որ ՕԵԿ-ը դժվար թե ինքնուրույն որոշում կայացներ եւ բանակցեր ԲՀԿ-ի հետ, Կարապետ Ռուբինյանը հակադարձեց. «Պայմանավորվածությունը մի քիչ դավադրության երանգ ունի: Կարելի է ասել՝ համաձայնություն անպայման ստացել է, որպեսզի գնա եւ տեսնի՝ ի՞նչ է կատարվում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ