Լրահոս
Օրվա լրահոսը

58 միլիոն դրամի գողոնից՝ միայն մեկ ոսկե մատանի

Նոյեմբեր 16,2012 16:09

Օգոստոսի 14-ից Բերդ քաղաքում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկել է 20 միլիոն դրամի ոսկեղենի գողության դատը: Բերդ քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Էդուարդ Քոսակյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2010թ. սեպտեմբերի լույս 12-ի գիշերը, ժամը 03.30-ի սահմաններում, գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով նախնական համաձայնության է եկել ինքնությունը չպարզված անձանց հետ, որից հետո մուտքի դուռը երկաթյա գործիքների գործադրմամբ դեֆորմացնելու միջոցով ապօրինի մուտք է գործել Բերդ քաղաքում գտնվող, Սերյոժա Մեջլումյանին պատկանող ավտոպահեստամասերի խանութ-կրպակ եւ հափշտակել տարբեր տեսակի 420 հատ ոսկյա զարդեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 20 միլիոն դրամ:

Բացի այդ, նա մեղադրվում է այն բանում, որ 2010թ. սեպտեմբերի 17-ին ապօրինի ձեռք է բերել եւ բնակարանում պահել ինքնաձիգի 104 հատ փամփուշտ:

Քոսակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խոշոր չափերի գողություն) եւ 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի զինամթերք պահել):

Այս գործով դատական հերթական նիստը կայացել է նոյեմբերի 14-ին, որի ժամանակ հրապարակվել են քրեական գործով ապացույց հանդիսացող փաստաթղթեր: Ամբաստանյալ, նախկինում չդատված Է. Քոսակյանը դատարանում պնդում է, որ ինքը ոսկեղենի գողություն չի կատարել, ոստիկաններն «իր գլխին սարքել են»: Նա նախաքննության ընթացքում ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել, հրաժարվել դրանցից, հեռացել Ռուսաստանի Դաշնություն, որտեղ հայտնաբերվել եւ բերվել է Հայաստան:

Սույն քրեական գործի նախաքննությամբ չեն հայտնաբերվել գողացված 20 միլիոն դրամ արժեքով ոսկե զարդերը: Նշենք, որ Բերդի տարածաշրջանում կատարված խոշոր չափերի գողության մյուս դեպքում եւս գողոնը չի հայտնաբերվել:

Հոկտեմբերի 23-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում սկսվել է 2012թ. հունվարի 18-ին Բերդ քաղաքի բնակիչ Վլադիմիր Վանեսյանի ննջասենյակի պահարանից 38 միլիոն 488 հազար դրամ արժեքով կանխիկ գումարի եւ ոսկեղենի գողության մեջ մեղադրվող Կորյուն Ալավերդյանի եւ Մայիս Խաչատրյանի դատավարությունը: Այս դեպքում եւս ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն համարում, գողոնից հայտնաբերվել եւ դատարանում որպես իրեղեն ապացույց առկա է միայն մեկ ոսկե մատանի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930