«2013 թվականի բյուջեի նախագիծն իր տրամաբանությամբ, ուղղվածությամբ նախորդ բյուջեից չի տարբերվում, հետեւաբար այն խմբակցությունները, որ նախորդ բյուջեին դրական էին քվեարկել, ես չեմ հասկանում այս բյուջեին ինչ տրամաբանությամբ են բացասական քվեարկելու»,-այսօր «Արմատ» ակումբում ԱԺ-ում բյուջեի քննարկման վերաբերյալ ասաց քաղաքագետ Էդգար Հակոբյանը:
Նրա կարծիքով, խորհրդարանում ընդդիմադիրների բացասական արձագանքը շատ բնական է, սակայն բյուջեի քննադատումները թեեւ շատ աշխույժ են անցել, սակայն այնքան էլ սուր քննադատության չեն ենթարկվել: Պարոն Հակոբյանի դիտարկմամբ, 2009-ից մինչեւ այս տարվա 9 ամիսներին, բյուջեի մուտքերի 75-76%-ը ապահովել են խոշոր ձեռնարկությունները, իսկ ՓՄՁ-ն` 23-24%. «Այստեղից պարզ երեւում է, որ ստվերի կրճատում եղել է: ստվերի դեմ պայքարը կա եւ բյուջեի եկամուտների ավելացումը պայմանավորված է ստվերը հարկային դաշտ բերելու գործընթացով»:
Aravot.am-ի այն հարցին, որ ի տարբերություն այլ երկրների, որտեղ ՓՄՁ-ն բյուջեի ձեւավորման մեջ մեծ դերակատարություն ունի, իսկ մեզ մոտ` ոչ, ի՞նչի մասին է խոսում, արդյոք դա նշան չէ՞, որ ՓՄՁ-ն չի զարգանում, ասուլիսի մյուս մասնակիցը՝ տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն ասաց. «Դա խոսում է այն մասին, որ մեզ մոտ շատ ոլորտներ մոնոպոլիզացված են, հետեւաբար պետության միակ խնդիրը մրցակցության խթանումն է, խոշոր բիզնեսին չասենք` մասնատել, բայց անել այնպես, որ ՓՄՁ-ն էլ կարողանա այդ ոլորտ ներթափանցել»:
Aravot.am-ի այն հարցին էլ, արդյոք ժամանակը չէ՞ սոցիալական բյուջեից անցնել այլ որակի բյուջեի, ասենք` զարգացման, գոնե ստվերի դեմ արդյունավետ պայքարի հաշվին, տնտեսագետն ասաց.«Իհարկե լավ կլիներ պետական բյուջեն 2-3 անգամ ավելի մեծ լիներ, բայց…»: Մեր հարցին չունե՞նք ներուժ, պարոն Խաչատրյանն այսպես պատասխանեց. «Ունե՞նք, ստվերի հաշվի՞ն նկատի ունեք, եթե վերջին 10 տարիների դինամիկան նայենք, միջազգային կազմակերպությունների ցուցանիշներով, մեր երկրում ստվերի ծավալները հետզհետե կրճատվում են: Հավատացեք, միանգամից 35% ստվերը կրճատել 1-2 տարում ռեալ չէ ոչ մի երկրի համար»:
Կարդացեք նաև
Քաղաքագետն էլ արձագանքելով մեր հարցին, ասաց` ստվերը համաշխարհային երեւույթ է: Քաղաքագետի դիտարկմամբ` 2013 թվականի սոցիալական բնորոշված բյուջեն ինքըստինքյան այդպես էլ պետք է լիներ եւ 500 հազարից ավելի թոշակառուներ եւ հազարավոր նպաստառուների կառավարությունը չէր կարող անտեսել. «Ճիշտ է, եկամուտների մի փոքր ավելացման դեպքում գուցե հնարավոր է անցնել ասենք ներդրումային կամ խրախուսող բյուջեի, բայց ամեն դեպքում առկա իրավիճակում, մի մոռացեք, որ մեր տարածաշրջանը պայթյունավտանգ իրավիճակում է, հիմա Իսրայել-Պաղեստին Գազայի հատված, ԱՄՆ նախագահի ընտրությունների ավարտը, Սիրիայի իրավիճակը, շատ հնարավոր է, որ իրադարձությունները շատ կտրուկ զարգանան եւ այդ պարագայում տարածաշրջանում պատերազմ ծագի: Բնականաբար, բյուջեի եկամուտները նվազելու են, եւ ճիշտ է, որ այս բյուջեն իրատեսական է՝ հաշվի առնելով առկա եկամուտները»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ