ՀԱԿ-ԲՀԿ քաղաքական ուժերին համախմբո՞ւմ է Սերժ Սարգսյանի ռեժիմի վերացման հարցը: Aravot.am-ի այս հարցին ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը պատասխանեց. «Եթե ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իրեն ուղղված այդ հարցը ոչ կոռեկտ է համարել, ուրեմն՝ ոչ : Իրենք բազմիցս հանդես են եկել կառավարության ծրագրի դեմ, բայց Նաիրա Զոհրաբյանը այդ հարցը կոռեկտ չի համարել ու չի պնդել Զուրաբյանի ասածը, այսինքն ամեն քաղաքական ուժ ինքն է պնդում իր տեսակետները: Այս դեպքում Լեւոն Զուրաբյանն ասել է այն, ինչ միշտ ասել է ՀԱԿ- ը՝ ռեժիմի դեմ պայքար: Նրանք ավելի շատ պայքարում են երեւի մարդու դեմ, դա այնքան էլ նորմալ չէ: Ավելի լավ կլինի համախմբվեն եւ իրենց թեկնածուի վրա կենտրոնանան, որին այսօր ես չեմ տեսնում: Նույն ՀԱԿ-ում կան խնդիրներ, խմորումներ եւ եթե ավելի համախմբված աշխատեին, ավելի պատրաստ կլինեին նախագահական ընտրություններին մասնակցելու համար»:
Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության քարտուղար Լեւոն Զուրաբյանը , անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը, երեկ ասել էր, որ իրենց նպատակն է հասնել Սերժ Սարգսյանի ռեժիմի վերացմանը. «Դա է մեզ միավորում, ես վստահ եմ, որ գնալով հզորանում, ուժեղանում է մեր համախմբումը»:
Մեր հարցին, թե ի՞նչն է համախմբում ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին, տիկին Աճեմյանն ասաց՝ ԲՀԿ-ի չկողմնորոշված լինելը. «Երեւի թե այս քննարկումները՝ կապված համամասնական, մեծամասնական ընտրակարգերի հետ, երեւի այն, որ ԲՀԿ-ն այսօր դեռ չի կողմնորոշվել՝ որ դաշտում է ու հստակեցնում է իր անելիքները, այս ամենը նպաստում են, որ քննարկումներ լինեն»:
Մեր հարցին, թե ԲՀԿ-ի չկողմնորոշվելու պատճառը կախվա՞ծ է ՀՀԿ-ի հետ քաղաքական առեւտուրից, ՀՀԿ պատգամավորն ասաց. «Դատելով իրենց թիրախներից կա այդպիսի խնդիր, ժամանակը ցույց կտա իհարկե: Ամեն քաղաքական ուժ որեւէ տեսակետ, որեւէ բացարձակ միտք հայտնելուց առաջ պետք է մտածի, որ հետագայում, եթե իրադարձություններն այնպես դասավորվեն, որ իրենց համար նպաստավոր կամ ոչ նպաստավոր լինեն, քաղաքական ուժերը, մարդիկ մի օր հիշելու են իրենց ասածները: Այսինքն տրամաբանություն պետք է լինի գործերի ու ասածների միջեւ : Ես չասացի, որ քաղաքական առեւտուր է գնում , նման քննարկումներ դեռ չկան, բայց դատելով իրենց թիրախներից՝ կառավարությանն ուղղված քննադատությունից, իրենք ինչ-որ պահանջներ ունեն: Դա ուժ է, որն իր հետեւում հասարակության մեծ բանակ ունի, ու երեւի թե իրավունքներ ունեն ինչ-որ պահանջներ դնելու, բայց ձեւն է, ինձ թվում է, ոչ կոռեկտ: Այն առումով, որ պետք է ավելի ազնիվ լինել քաղաքական դաշտում, հստակեցնել ինչի դեմ ես պայքարում ու ինչի համար»:
Կարդացեք նաև
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունն էլ տիկին Աճեմյանի համար ավելի հստակ է դարձրել, թե ով է կանգնած ԲՀԿ-ի հետեւում. «Չեմ կարծում, որ դա մեկնաբանման կարիք ունի: Ամեն ինչ շատ հստակ է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ