ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ երիտասարդների միության նախագահ Վահե Էնֆիաջյանը ի պատասխան Aravot.am-ի հարցի՝ «Հանրապետական» կուսակցությունը ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ որպես նվեր Ձախ Հարութին է երգացրել, ձեր նվերը ո՞րն է լինելու, ասաց. «Նախ ասեմ, որ երիտասարդության համաշխարհային օրը նոյեմբերի 10-ն է, իսկ ուսանողության միջազգային օրը՝ նոյեմբերի 17-ը: Ամսի 10-ի հետ կապված «Հանրապետականը» երեւի օրը խառնել է, կամ ուշացել:
Մենք նոյեմբերի 10-ին կլոր սեղաններ, ժամանցային միջոցառումներ ենք կազմակերպել: Իսկ այսօրվա հետ կապված, ինչպես ամեն տարի, միջոցառում է նախատեսված, բայց մասշտաբների առումով ծրագիրը ընդլայնել ենք: Մարզահամերգային համալիրում մեծ համերգ է լինելու, որտեղ մասնակցելու են մեր էստրադայի ճանաչված ու սիրված աստղերը: Նրանց ընտրությունը կատարվել է քվեարկության միջոցով, որն անցկացվել է մեր պաշտոնական եւ սոցիալական կայքերում: Ուսանողներն իրենք են ընտրել, թե ում են ցանկանում տեսնել իրենց տոնին: Բացի այդ՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից 2012-2013 թթ. ուսումնական տարվա համար շուրջ 300 ուսանող կստանա անվանական կրթաթոշակ»:
Ըստ ԲՀԿ-ի քվեարկության արդյունքների՝ երիտասարդներն իրենց տոնին ցանկացել են տեսնել երգչուհի Սոֆի Մխեյանին, Արմինկային, բացի այդ, ըստ Էնֆիաջյանի՝ անակնկալ է լինելու, արտերկրից ժամանած հյուրեր էլ են գալու, իսկ միջոցառումն ավարտվելու է դիսկոտեկով:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանն էլ՝ Ձախ Հարութը ԱԺ ընտրությունների ժամանակ երգեց «Ժառանգության» քարոզարշավին, այժմ՝ ՀՀԿ-ն է հրավիրել, հնարավո՞ր է, որ նախագահական ընտրությունների ժամանակ էլ ԲՀԿ-ի համար երգի, Էնֆիաջյանը նշեց. «Չի բացառվում: Նա երգիչ է, եւ ինքն է որոշում, թե ում համար երգի»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ