Այսօր «Ելակետ» ակումբում ուսանողների խնդիրներից խոսեցին ԵՊՀ ուսանողների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը և Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Հակոբջանյանը:
Ռուբեն Մարկոսյանը նշեց, որ ուսանողներն առաջնահերթ ունեն սոցիալ-տնտեսական խնդիրներ. «Օրինակ, մարզաբնակ ուսանողի համար կարող է հանրակացարանի խնդիր առաջանալ, իսկ ընդհանուր առմամբ` հիմնական մտահոգությունը ուսման վարձավճարի հետ է կապված: Մյուս խնդիրը կրթության որակն է: Փաստեմ, որ ուսանողները հաճախ չեն բարձրաձայնում դրա մասին, անգամ ես հուշում եմ, թե ինչի վրա է պետք է ուշադրություն դարձնել, բայց, ցավոք, հարցը չի լուծվում: Երբ որեւէ դաս տեղի չի ունենում, ուսանողները չեն թակում ռեկտորատի դուռը եւ պահանջում լրացուցիչ դասաժամ: Հասկանալի է, որ 1500 հոգանոց դասախոսակազմի որոշ անդամներ երբեմն բացակայում են գործուղումների կամ առողջական խնդիրների պատճառով, բայց դա չի նշանակում, թե ուսանողը չպետք է հետեւողական լինի: 2,5 տարվա կառավարման ընթացքում ոչ մի անգամ այդ հարցով բողոք չեմ լսել: Փոխարենը, ռեկտորատն է հետեւողական, որպեսզի բոլոր դասաժամերը կայանան»:
Մարկոսյանի խոսքով` կրթության որակի հետ անմիջականորեն կապված են կարիերայի խնդիրները. «Այս հարցում հետեւողական են, մանավանդ` ավարտական կուրսերի ուսանողները: Նրանք գիտակցում են, որ պրակտիկան ապագա աշխատատեղի հետ կարող է կամուրջ ստեղծել»:
Հրաչյա Հակոբջանյանն ասաց, որ ներկայիս ուսումնառության պրոցեսը դասախոսի եւ ուսանողի միջեւ երկխոսությունն է. «Կրթության կազմակերպման ֆունկցիան դասախոսներն են ստանձնում, բայց այդ պարտականությունը նաեւ ուսանողի ուսերին պետք է դրվի, քանի որ նա է կրթության պատվիրատուն եւ հետագայում կանգնելու է աշխատաշուկայի պահանջների առաջ: Մինչդեռ այսօրվա ուսանողն ուրախանում է, երբ դասը չի լինում, կամ երբ դասախոսը խստապահանջ չէ»:
Կարդացեք նաև
Հակոբջանյանը հավելեց, որ վերջին տարիներին արդյունավետ է ուսանողական խորհուրդների աշխատանքը. «Բայց դրանք միշտ չէ, որ գործի գիտակցումով են աշխատում: Երբեմն մի ֆակուլտետի ուսանողին չի հետաքրքրում այլ ֆակուլտետի ուսանողի բարձրաձայնած խնդիրը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ