«Առավոտի» հետ հարցազրույցներում արտերկիր հյուրախաղերի մեկնող արվեստագետները հավաստիացնում են, որ մշակութային հարաբերություններում դերակատարում ունեն նաեւ արտերկրյա հայկական դեսպանությունները։ Պակաս կարեւոր չէ, թե այս կամ այն դեսպանը մշակույթի ո՞ր ժանրի սիրահար է։
Վերջերս Կանադա կատարած հյուրախաղերից վերադարձած «Շելլ» դաշնամուրային տրիոյի երաժիշտներն ու երգչուհի Իրինա Զաքյանը մեզ հետ զրույցում հավաստիացրին, որ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը դասական երաժշտության երկրպագու է։ Համերգները կայացել են Օտտավայի, Մոնրեալի եւ Տորոնտոյի հեղինակավոր համերգասրահներում: Բացի համաշխարհային դասական գրականության էջերից, հնչել են հայ կոմպոզիտորների, այդ թվում՝ Բաբաջանյանի, Բաղդասարյանի, Երկանյանի, Կոմիտասի եւ մյուսների գործերն ու մշակումները։
Հետաքրքրությանը՝ մերօրյա ժամանակակից հայ կոմպոզիտորներից ովքեր են ստեղծագործում դաշնամուրային տրիոյի ժանրում, «Շելլ»-ի դաշնակահար Շուշան Հակոբյանը նախ նշեց, թե դաշնամուրային տրիոյի համար ստեղծագործել են մեր կոմպոզիտորներից Կոկժաեւը, Աճեմյանը, Չաուշյանը, Մելիքյանը եւ այլն, հետո էլ ասաց. «Այնպես չէ, որ այս ժանրը գտնվում է ուշադրությունից դուրս, օրինակ՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան եւ Հայաստանի կոմպոզիտորների միությունը պարբերաբար կազմակերպում են համերգներ, որտեղ հնչում են անգամ ուսանող ստեղծագործողների երկեր»։ «Շելլ»-ի ջութակահար Լիլիթ Զաքարյանն էլ հավելեց, թե երիտասարդ կոմպոզիտորների հասցեին հարկ չկա քննադատության խոսքեր ուղղել, թե նրանք չեն անդրադառնում այս կամ այն ժանրին, որովհետեւ պատճառ ունեն՝ դեռեւս փնտրտուքների մեջ են։
Կարդացեք նաև
Անդրադառնալով հյուրախաղերին, մեր զրուցակիցները հայտնեցին, որ «Շելլ»-ի կազմում Կանադայում իբրեւ թավջութակահար հանդես է եկել Կարեն Քոչարյանը, իսկ տրիոյի հիմնական կազմում հայրենիք վերադառնալուց հետո անդամագրվել է Անժելա Սարգսյանը։
Դիտարկմանը, թե ինչու «Շելլ»-ի հայաստանյան համերգները մշտապես լինում են ազատ մուտքով, Շուշան Հակոբյանը պատասխանեց. «Արդեն 15 տարի մեր համերգների մուտքն ազատ է՝ ուզում ենք բարձրարվեստ երաժշտությանը հաղորդակից դարձնել դասական արվեստի սիրահարներին։ Տարիներ շարունակ հետեւելով հայաստանյան դասական երաժշտության համերգներին, եկել ենք եզրահանգման, որ տոմսերի վաճառքից շահույթ ակնկալելը գոնե մինչ այսօր պարապ խոսակցություն է»։
Բազմաթիվ միջազգային փառատոների դափնեկիր «Շելլ»-ից հետաքրքրվեցինք՝ իրենցից յուրաքանչյուրը չի՞ երազում մենակատարի կարիերայի մասին։ Խոսքները կարծես մեկ արած՝ երաժիշտները ժպտալով ասացին, որ իրենք այդ հարցում բացառություն են։
Երգչուհի Իրինա Զաքյանին, ով պատրաստվում է այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կայանալիք համերգին, ընդամենը մեկ հարց ուղղեցինք՝ չի՞ ափսոսում ժամանակին Ազգային օպերային թատրոնից հեռանալու համար. «Թատրոնում ինձ չեն նեղացրել, ինքս եմ հեռացել. ավելին՝ կարճ ժամանակահատվածում բեմ եմ բարձրացել Վիվալդիի «Տիգրան Մեծ» եւ Դոնիցետիի «Պողիկտոս» ներկայացումներում։ Ինձ ավելի ձգում է կամերային բեմը: Ֆիլհարմոնիկ նվագախմբի օպերային ձեռնարկներում գլխավոր դերերգերով հանդես եմ եկել Լեոնկավալոյի «Պայացներ»-ում, Վերդիի «Օթելլո»-ում, «Սիմոն Բոկանեգրա»-ում, Պուչինիի «Տուրանդոտ»-ում եւ այլն»։
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ