Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Էլիբեկյանը՝ իսկական մշակույթի ու ծաղրի մասին

Նոյեմբեր 16,2012 15:07

Անվանի գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը հետաքրքրված չէ բյուջեի մասին քննարկումներով: «Առավոտի» հետ զրույցում ասում է՝ իրականությունն արդեն ամեն ինչ փաստում է: «Մեզ շրջապատող ամեն ինչ մշակույթ է, մշակույթը միայն արվեստը, կերպարվեստն ու թատրոնը չէ, մշակույթը միայն կինոն չէ, գրադարաններն են, թանգարանները … Ամեն ինչ մշակույթի հետ սերտ կապ ունի, անգամ հագնվելն ու խոսելը, փողոցում գռեհկություններից զուրկ լինելը, դա եւս մշակույթ է»,- նշում է վարպետը: Իսկ մշակույթի ոլորտի նվազ ֆինանսավորման մասին էլ հավելում է. «Հասկանալի է, որ քաղաքական վիճակը գերլարված է, Սիրիայի, Թուրքիայի եւ մնացած դեպքերի պատճառով տագնապների մեջ ենք, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն՝ վիճակում: Բայց բյուջեն քննարկելիս, պիտի հաշվի առնվեր գնաճը, որը ամեն օր սովորական քաղաքացին, հատկապես ցածր վարձատրվող մշակույթի ոլորտի աշխատակիցն իր մաշկի վրա զգում է: Չպետք է պակասեցնեին մշակույթին ուղղված գումարը, պետք է գտնեին ռեսուրսներ, մանավանդ՝ մշակույթը մեր դեմքն է, այսօր դրանով պարծենում ենք: Գոնե ես գիտեմ, որ մեր կերպարվեստն առաջատար է ու մրցունակ ամբողջ աշխարհում: Չեմ ասում, թե ամենալավն ենք, բայց ցանկացած երկրում հանգիստ կարող ենք ազգ ներկայացնել: Չգիտեմ, թե ում պարտականությունն է դա, բայց ինձ թվում է, որ ամբողջ խորհրդարանը պետք է լրջորեն մտածի մշակույթի մասին՝ բյուջեն քննարկելիս»:

Մեր դիտարկմանը, որ «մշակութային» գումարների մի լրջագույն մասն ուղղվել է Երեւանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք լինելու միջոցառումների վրա, Ռոբերտ Էլիբեկյանը պատասխանում է. «Գրքի մայրաքաղաքը հասկացանք, բայց գոնե մեկ գրախանութ չբացեցին, կինոփառատոն են անում 1,5 կինոթատրոնում, էդպես ո՞նց կլինի: Մշակույթը այն ասպարեզն է, որտեղ տարիքային ցենզը չի աշխատում: Գիտեմ, որ խիզախ երիտասարդներ կան, որոնք հետաքրքիր մտքեր ունեն, ու պետք է թույլ տալ, որ կարողանան արտահայտվել՝ թե թատրոնում, թե կինոյում, թե կերպարվեստում: Թե չէ մշակույթը հո էն ծա՞ղրը չէ՝ Երեւանի փողոցներում դրված քանդակների տեսքով՝ Չարենցի, Սեւակի, Տիգրան Պետրոսյանի, Հրանտ Մաթեւոսյանի, որ հրամցրել են մեր ժողովրդին…Ասում են ժամանակավոր է, բայց ի՞նչ նշանակություն ունի, ժամանակավոր լինելը: Երեխան կարող է մեկ օր տեսնի, ու պղտորվի նրա ճաշակը: Ի վերջո մշակույթը միայն մշակույթի նախարարությունը չէ եւ ոչ էլ քաղաքապետարանը, որն ունի գումարներ, բայց ծախսում է էժանագին, դիլետանտական բաների վրա»:

Չնայած վիճակին, Ռոբերտ Էլիբեկյանը լավատես է, ասում է՝ առանց լավատեսության եւ հոգեկան նորմալ վիճակի, արվեստագետը չի կարող վրձինը ձեռքը վերցնել ու արարել:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930