Լրահոս
Օրվա լրահոսը

«Սովետական համակարգից հրաժարվենք, հետո՝ պրեզիդենտականն ու պառլամենտականը քննարկենք»

Նոյեմբեր 16,2012 15:04

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի համոզմամբ, նախ մտածողության փոփոխություն է անհրաժեշտ

«Առավոտը»  Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է մշակույթի ոլորտի բյուջեավորման մասին: Պարոն Բաբայանը պատասխանեց, որ այս օրերին ընթացող քննարկումներին չի հետեւում, քանի որ ավանդաբար չի լուծվում մշակույթի ոլորտի ֆինանսավորման հարցը, չի ստեղծվում համապատասխան օրենսդրական դաշտ, օրինակ՝ օրենք հովանավորչության մասին: «Միշտ էլ բյուջետային ֆինանսավորումը կլինի ցածր, որովհետեւ պետությունը փորձում է իր վրա վերցնել մշակույթի ֆինանսավորումը, այսպես ասած, 100 տոկոսանոց ձեւով, իսկ դա  չի աշխատում: 20 տարուց ավելի Հայաստանն  անկախ երկիր է, բայց մեզ մոտ դեռ  սովետական մտածողություն է տիրում՝ կենտրոնացում եւ մեկ աղբյուրից ամեն ինչի ֆինանսավորում: Իհարկե դա  մի կողմից լավ հնարավորություն  է տալիս ամեն ինչ ավելի լավ վերահսկել, մյուս կողմից էլ՝ պետությունը պետության վերահսկումը բերում է չինովնիկների չարաշահման»,- փաստում է տիկնիկային թատրոնի ղեկավարը: Նրա համոզմամբ, հովանավորչության մասին օրենքի ընդունումը ոչ միայն ֆինանսավորման հարց կլուծի, այլեւ կբերի մտածողության փոփոխության. «Դա կկապի մշակույթը արտադրության, բիզնեսի ոլորտի հետ, եւ մեկը մյուսի վրա կարեւոր ազդեցություն կունենան:  Այդ ճանապարհը վաղուց անցել են Եվրոպան, ԱՄՆ-ը, որտեղ եւս ժամանակին թշնամություն կար բիզնեսի եւ մշակույթի միջեւ, իսկ հիմա բիզնեսը շահագրգիռ է մշակույթով, որովհետեւ  գիտակցում է, որ մշակույթն է հասարակությունը դարձնում ավելի քաղաքակիրթ, իսկ դա կարգին բիզնեսի գրավական է: Այդ խելոք քաղաքականության արդյունքում մշակույթի գործիչները կհասկանան, որ կապված են հասարակության հետ եւ պետք է հասարակության որոշակի կարիքներ բավարարեն»:

Ռուբեն Բաբայանի ձեւակերպմամբ, ներկայումս հետաքրքիր վիճակում ենք հայտնվել. «Եթե մեր երկրում դեռ  կան մշակույթ ստեղծողներ, ապա մշակույթ սպառողների քանակը կատաստրոֆիկ պակասում է…Ու կարող է ստեղծվել մի վիճակ, որ իսկական մշակույթը հանկարծ սպառող չունենա: Ուզում եմ ասել, որ չընդունել հովանավորչության մասին օրենք եւ փորձել   վերահսկել ամեն ինչ,  դա նշանակում է՝ անջատել մշակույթը հասարակությունից»:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ պետպատվերի շրջանակում բեմադրվող   ներկայացումներին եւ պետպատվերի մեջ ընդգրկվելու անորոշ չափանիշներին: Այս մասին պարոն Բաբայանը հետաքրքիր առաջարկ արեց. «Պետպատվերով բեմադրված ներկայացումներից քանի՞սն են այսօր թատրոնների խաղացանկի մեջ, քանի՞սն են որոշակի փառք բերել մեր թատրոններին, մասնակցել միջազգային  փառատոների, եթե նայեք, կտեսնեք, որ  ահավոր փոքր թիվ է: Օրինակ, մեր թատրոնի լավագույն  ներկայացումները, որոնցով շրջել ենք  ամբողջ աշխարհում ու երկիր ներկայացրել, պետպատվերի շրջանակում չեն: Ես առաջարկում եմ՝ պետպատվերը ձեւակերպել  ներկայացումը ստուգելուց հետո. եթե ներկայացումն ապացուցեց, որ մտել է խաղացանկի մեջ, բերում է հանդիսատես, գնում է տարբեր միջազգային փառատոների եւ լավ է ընկալվում, թող դրանից հետո միայն ձեւակերպվի որպես պետպատվեր: Նախ՝ այդ դեպքում կստացվի, որ պետությունը 100 տոկոսանոց հաջողված պետպատվեր է տալիս, հետո էլ  կվերանա սուբյեկտիվ մոտեցումը, որովհետեւ այսօր  հնարավոր չէ հասկանալ՝ ո՞վ է ստանում պետպատվեր: Գնահատանքի չափանիշները չկան,  իրավիճակը չի վերլուծվում, դրա համար որոշ ներկայացումներ խաղացվում են մեկ-երկու անգամ, ու… այլեւս չկան»:

Զրույցի ավարտին Ռուբեն Բաբայանը, ընդհանրացնելով խոսքն՝ ասաց. «Վերջերս շատ  է շոշափվում՝  պրեզիդենտական, թե պառլամենտական համակարգն է լավը: Մինչ էդ ամենը քննարկելը, արժի նախ սովետական համակարգից հրաժարվել, հետո նոր՝ լավուվատ անել»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930