Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավոր. «Մեխեր եմ կուլ տվել, դիմել հացադուլի, բայց՝ ապարդյուն»

Նոյեմբեր 16,2012 14:59

Նոյեմբերի 13-ին «Aravot.am»-ում անդրադարձել էի ոստիկանության Մաշտոցի բաժնում խոշտանգումների ենթարկված Արման Դավթյանի խնդրին: Նա գտնվում է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի այն նույն խցում, ինչ Հրաչյա Գեւորգյանը:

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հրաչյա Գեւորգյանի նամակները՝ ուղղված «Առավոտին», պարբերաբար կորչում են: Մի քանի անգամ կորչելուց հետո, վերջապես՝ 27.07.2012-ի թվագրությամբ, նամակը հասավ տեղ:

Կալանավորը տեղեկացնում է, որ անցյալ տարվա հոկտեմբերի 18-ից գտնվում է անազատության մեջ:

Նրան բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին: Կալանավորի տեղեկացմամբ, քննչական բաժնում՝ մի քանի օպերլիազորների մասնակցությամբ, նրան դաժան ծեծի են ենթարկել. «Կոտրել են ձեռքս երկու տեղից, ստիպում էին, որպեսզի ես գրավոր եւ բանավոր ընդունեմ իմ կողմից չկատարված հանցանքը»:

Կալանավորն ասում է, որ անցյալ տարվա հոկտեմբերի 20-ից մինչ նոյեմբերի 29-ը հայտարարել է հացադուլ, բողոքելով այն բռնությունների դեմ, որ կիրառվել է իր նկատմամբ ոստիկանության բաժնում:

Հ. Գեւորգյանը դիմել է ՀՀ նախագահին, Ամենայն հայոց կաթողիկոսին, գլխավոր դատախազին, ԱԱԾ պետին, ԱԺ նախագահին, ՀՔԾ պետին, Մարդու իրավունքների պաշտպանին, իրավապաշտպան կառույցներին, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Կալանավորն իր բողոքում նաեւ հայտնել էր, որ ոստիկանության Մաշտոցի բաժնում իրեն հոգեբանորեն ճնշելու համար բերման են ենթարկել նաեւ թոշակառու, 72-ամյա մորը, ահաբեկելով, որ եթե տղան շարունակի բողոքել իրենց դեմ, վրան կդնեն բռնաբարության դեպք, կդատեն:

«4 ամիս անց իմ վրա դրեցին դիմադրություն օրգանի աշխատողների նկատմամբ, 5 ամիս հետո էլ՝ բռնաբարության դեպքը: Եթե իրոք ես մեղավոր էի, հանցանք էի կատարել, ինչո՞ւ նույն օրը այդ բոլոր հանցագործությունները չդրեցին իմ վրա»,- գրում է Հ. Գեւորգյանը:

Կալանավորը տեղեկացնում է, որ իր հետ որեւէ առերեւսում մինչ օրս չի եղել:

«Օրգանին դիմադրելու եւ բռնաբարության համար գոնե ձեւի համար քննություն չի եղել, մի ստից հարց չի տրվել մինչ օրս: Իսկ առեւանգման համար քննիչը չի թողել, որ գրեմ իմ ցուցմունքը, որով կբացահայտվեր ողջ ճշմարտությունը: 19 վկաներից ոչ մեկին քննիչը չի կանչել հարցաքննության»,- տեղեկացնում է Հ. Գեւորգյանը:

Կալանավորն ասում է, որ ունի հիմնավոր ապացույցներ ու կարող է ցանկացած քննության դեպքում պնդել իր հետ կատարվածը, ոստիկանների գործողությունների մասին՝ մասնավորապես:

«Գրել եմ Ազգային անվտանգության ծառայություն, որ ինձ տանեն առերես հարցաքննության ոստիկանների ու վկաների հետ, օրենքով սահմանված կարգով, սակայն որեւէ պատասխան մինչ օրս չեմ ստացել: Ինձ ոչ ոք չի ուզում հասկանալ, ընդառաջել, խնդրում եմ տպագրել իմ այս նամակը, որպեսզի գոնե ուշադրություն դարձնեն կալանավորիս գործի վրա: Շուրջ 10 ամիս է, ինչ ոտնահարում են իմ մարդկային արժանապատվությունը: 10 ամիս է, որ փորձում եմ ապացուցել անմեղությունս: Ուստի դիմել եմ ծայրահեղ միջոցների՝ մեխեր եմ կուլ տվել, հայտարարել հացադուլ, բայց՝ ապարդյուն»,- գրում է Հ. Գեւորգյանը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930