Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

101 հազար դրամն ընդդեմ 2,5 միլիոն դրամի

Նոյեմբեր 16,2012 13:48

Թիվ մեկ ընտրատարածքում ընտրական կրքեր են բորբոքվում

«Մենք ընկերներ ենք եղել, մենք մի բակում ենք մեծացել, եւ երբ նա ամուսնացել է իմ քրոջ հետ, թաղապետ կամ քաղաքապետ չի եղել: Ես հպարտ եմ, որ իմ փեսան դարձավ քաղաքապետ, ի՞նչ վատ բան կա դրանում: Ես հարգում եմ Տարոն Մարգարյանին՝ որպես մարդ, որպես փեսա, ընտանիքի հայր, քաղաքապետ, որպես լավ մարդու զավակ: Տարոն Մարգարյանի հետ ես նաեւ կուսակից ընկեր եմ»,- «Առավոտի» հարցին այսպես՝ վրդովմունքով արձագանքեց մայրաքաղաքի Ավան վարչական տարածքն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու, ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը: Վերջինս քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է, եւ այդ փաստը բավականին շահարկվեց: Պատգամավորության թեկնածուից «Առավոտը» փորձում էր ճշտել՝ արդյոք դա իր միա՞կ արժանիքն է: Հիշեցնենք, որ մայրաքաղաքի Ավան վարչական տարածքն ընդգրկող թիվ մեկ ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին կայանալու են ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրություններ: Այդ ընտրատարածքից պատգամավոր դառնալու համար կպայքարեն ՀՀԿ-ից՝ Ռոբերտ Սարգսյանը, «Ժառանգությունից»՝ Ստեփան Սաֆարյանը, Հայաստանի Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը եւ ԺԿ անդամ Էդուարդ Պետրոսյանը: Ի դեպ, Ռոբերտ Սարգսյանը ակնհայտորեն խուսափում է լրագրողների հետ շփումներից: «Առավոտը» ՀՀԿ-ական թեկնածուի հետ փորձում էր հանդիպման մասին պայմանավորվածություն ձեռք բերել դեռ թեկնածությունների առաջադրումներից սկսած: Չէր հաջողվում: Երեկ, ընտրողների հետ հանդիպումից հետո, կարողացանք ճեղքել ՀՀԿ-ական թեկնածուին ուղեկցողների շարքը: Մի քանի հարցերի, այնուհանդերձ, պատասխանեց: Իսկ ընտրողների հետ հանդիպումը, այսպես ասած, բազմաբովանդակ էր՝ մինչ ՀՀԿ-ական թեկնածուի հասցեին հիացմունքի եւ նրա նկատմամբ սիրո ու հավատի հավաստիացումներ էին հնչում, կողքի կանգնած մի տարեց մարդ հուսահատ թափ տվեց ձեռքն ու դուրս եկավ՝ ասելով. «Կարո՞ղ ա չընտրվի, մեկ ա՝ ինքն ա լինելու»:

ՀՀԿ-ական թեկնածուից հետաքրքրվեցինք՝ թիվ մեկ ընտրատարածքի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն իրեն աջակցո՞ւմ է: Հիշեցնենք, որ վերջինս «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ողբերգական դեպքերից հետո վայր դրեց մանդատը: «Ռուբեն Հայրապետյանը մեր համայնքի հիմնադիր թաղապետն է եղել, իմ կուսակցության խորհրդի անդամ է, բավականին մեծ աշխատանք ունի կատարած մեր համայնքում եւ հանրապետությունում: ՀՀԿ-խորհրդի ողջ կազմը եւ Ռուբեն Հայրապետյանը, Տարոն Մարգարյանը, վստահաբար կարող եմ ասել՝ նաեւ թիվ մեկ ընտրատարածքի բնակչության մեծամասնությունը սատարում են ինձ, եւ դրա համար ես միայն շնորհակալ եմ բոլորից»:

Ռոբերտ Սարգսյանը տեղեկացրեց, որ ինքը 1998 թվականից ՀՀԿ-անդամ է, 2001-ից՝ Ավանի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ, նույն համայնքում եղել է ավագանու անդամ, աշխատում է գործադիրում՝ կադաստրի պետական կոմիտեում, Երեւանի տարածքային ստորաբաժանման պետի տեղակալն է, ու իր գործունեությունն է եղել պատճառը, որպեսզի կուսակից ընկերները գնահատեն իր փորձն ու փորձառությունը: «Գործադիրում աշխատած տարիներիս փորձը նպաստավոր կլինի օրենսդիր աշխատանքն ավելի բարձր մակարդակով կատարելու համար»,- կարծում է ՀՀԿ-ական թեկնածուն: Իսկ «Առավոտի» դիտարկմանը, որ ինքը բավականին լուրջ մրցակից ունի՝ ի դեմս «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանի, քանի որ վերջինս արդեն ապացուցել է, որ լավ օրենսդիր է, բացի այդ՝ իր քաղաքացիական կեցվածքով առավել հանրաճանաչ է, քան ՀՀԿ-ական թեկնածուն, Ռոբերտ Սարգսյանը հակադարձեց. «Թե Ստեփան Սաֆարյանը, թե Արմենակ Դովլաթյանը, թե Էդուարդ Պետրոսյանն ինձ համար մրցակիցներ են: Ես երեքին էլ հավասար եմ նայում: Ես գնահատում եմ իմ բոլոր մրցակիցների փորձը, քանի որ բոլորն էլ մեր ընտրատարածքում ունեն իրենց որոշակի համակիրների բանակը»:

ՀՀԿ-ական թեկնածուն գոհ է քարոզարշավից, լավ տպավորություններ ունի:

Իր նախընտրական բուկլետում իշխանական թեկնածուն գրել է, որ պայքարելու է ամենաթողության, կոռուպցիայի ու հովանավորչության, միջակության, իրավական կամայականության եւ աղքատության դեմ: Ի դեպ, Ստեփան Սաֆարյանը «ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հեգնել էր այս «պաստառները»: ՀՀԿ-ական թեկնածուին խնդրեցինք բերել մեկ օրինակ՝ ինչպե՞ս է պատրաստվում կյանքի կոչել այս ամենը: Պարզվում է՝ վերջինս պատրաստվում է պայքարել միջակ չինովնիկների դեմ. «Միջակությունը պետք է վերացնել, միջակ կարողությունների եւ ընդունակությունների տեր մարդը չի կարող բարձր պաշտոններ զբաղեցնել»: Պետության, իշխանության եւ նրանց կողմից վարվող քաղաքականության նկատմամբ հանրության բացասական վերաբերմունքը ՀՀԿ-ական թեկնածուն պայմանավորում է հենց միջակ չինովնիկների գործունեությամբ, որոնք ծնում են բյուրոկրատիա: Ավելին՝ կարծում է, որ արտագաղթի հիմնական պատճառներից մեկն էլ դա է: Բերելով Ավան համայնքի օրինակը՝ ասում է, որ բոլոր այն դրույթները, որոնք իր նախընտրական բուկլետում կան, գործնական կիրառում գտել են կյանքում, ու դրանով է բացատրում այն, որ Ավան համայնքը առանձնացավ մայրաքաղաքի մյուս համայնքներից. «Օրենքը հարգելը եւ կատարելը բոլորիս համար հավասար պայման էր, ինչը դարձավ մեր համայնքի զարգացման նախադրյալն ու օրինակը»: Ռոբերտ Սարգսյանը հավատում է երկրի առաջին դեմքի՝ կոռուպցիայի դեմ սկսած պայքարի քայլերին:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տրամադրած տեղեկանքի համաձայն՝ դեկտեմբերի 2-ին Ավանում կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցող չորս թեկնածուներից ամենաշատ փող ունեցել եւ ծախսել է հենց Ռոբերտ Սարգսյանը: Նրա նախընտրական հիմնադրամ մուծվել է 2,5 միլիոն դրամ, հիմա կա 4895 դրամ, Ստեփան Սաֆարյանի հիմնադրամ մուծվել է 101 հազար, հիմա կա 980 դրամ: Էդուարդ Պետրոսյանը նախընտրական հիմնադրամ չի բացել: Արմենակ Դովլաթյանը բացել է, բայց ոչ մի լումա մուտք չի եղել եւ հետեւաբար՝ չի ծախսվել:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930