«Այս գաղափարն ընկած է Ռուսաստանի նախագահի տեսլականում: Սա աշխարհաքաղաքական նախագիծ է, միության հետապնդած նպատակները աշխարհաքաղաքական են, ավելի կոնկրետ, Ռուսաստանի առաջին մտահոգությունը հետևյալն է՝ նա ձգտում է իր ազդեցության գոտիները պահպանել, ազդել իր ազդեցության տակ գտնվող երկրների արտաքին քաղաքական կուրսի վրա, լավագույն դեպքում դանդաղեցնել նրանց ընթացքը դեպի Եվրամիություն»,- «Կոնգրես» հյուրանոցում «Համաձայնություն» կենտրոնի «Հայաստան-Եվրասիական միություն» թեմայով կազմակերպած քննարկման ժամանակ իր տեսակետը բարձրաձայնեց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը: Մինչ այդ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ այս միությանը Հայաստանի անդամակցության հարցը դիտարկելով զուտ տնտեսական հարթությունում, վկայակոչել էր 1990-ականների սկիզբը, երբ ակադեմիկներ Սախարովը, Սոբչակը, Ստարավոյտովան եւ այլք, համանման ծրագիր էին ներկայացրել ՌԴ նախագահին, փաստելով, որ Եվրասիական միության գաղափարը նոր չէ եւ դեռ տասնամյակներ առաջ բարձրացվել է նման հարգարժան մարդկանց կողմից:Ստեփան Սաֆարյանը հակադրվեց: Նրա դիտարկմամբ եվրասիական միության գաղափարը Ռուսաստանի նախագահի գաղափարն է, գոնե այն տեսքով, ինչպես որ իրականացնելու փորձ է արվում:
Ըստ Արամ Կարապետյանի, այդ միությունը զուտ տնտեսական հարթությունում դիտարկելու համատեքստում, Սաֆարյանը նկատեց, որ Եվրասիական միությանն անդամակցող երկրները դեմոկրատ երկրներ չեն, հետեւաբար, միությանն անդամակցող երկրների հասարակությունները ոչինչ էլ չեն շահելու դրանից: Հնարավոր բոլոր շահույթները որոշ ընտանիքների ձեռքին է կենտրոնանալու: Նրա համոզմամբ, եթե այդ միությանն անդամագրվող երկրների շուկաները ազատ շուկաներ չեն, երկրները ժողովրդավար չեն, եթե վարչախմբերը բռնապետություն են հիշեցնում, ապա կարելի է ասել, որ միությանն անդամագրվող երկրների հասարակությունները քիչ կշահեն կամ ընդհանրապես չեն շահի, հետևաբար Եվրասիական միության կազմում տնտեսական առումով կհզորանան տնտեսվարողները: Ու քանի որ մենք ընդհանուր սահման չունենք այդ միության հետ, բանախոսի կարծիքով, հարկային և մաքսային մեր ռեժիմները դրանից չեն փոխվի:
Սաֆարյանի գնահատմամբ, խնդիրը հիմնականում քաղաքական հարթության մեջ է. ՌԴ-ն ցանկանում է հակակշիռ ստեղծել Եվրոպական միությանը ու դա մատուցում է տնտեսական փաթեթավորմամբ: Բանախոսն ուշադրություն է հրավիրում նաեւ այն հանգամանքին, որ Հայաստանն ունի նաև ԼՂՀ-ի չկարգավորված և շրջափակման խնդիրներ, հետևաբար հարց է հնչեցնում՝ եվրասիական մոդելի պաշտպաններն ինչպե՞ս են տեսնում եվրասիական միության կազմում այս խնդիրների լուծումը: «Կարծում եմ՝ մեր ազգային անվտանգությանը ևս հարված կհասցնի, քանի որ արտաքին քաղաքակության մեկ այլ ուղղություն ևս կվտանգվի: Խոսքը մեր քաղաքականության եվրոպական ուղղության մասին է»,- ասաց Սաֆարյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ