Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Սերժ Սարգսյանն ընդունի ՀՅԴ-ի 7 կետերը, դաշնակցությունը կպաշտպանի նրա թեկնածությունը. «Անձը մեզ համար երկրորդական է»

Նոյեմբեր 16,2012 13:40

Ձեր քաղաքական օրակարգում կա՞ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու հրամայականը: Այսօր հրավիրած ասուլիսում այս հարցին ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Մենք բազմիցս ենք ասել, որ երբ կենտրոնում դնում ենք անձին եւ փորձում ենք անձին հեռացնելու կամ անձին պաշտպանելու քաղաքականություն վարել՝ մենք միշտ ձախողվելու ենք: Որովհետեւ անձնապաշտությունը կամ անձնատյացությունը երբեք չի բերում ժողովրդի բարեկեցության բարձրացմանը: Փրկիչի ինստիտուտը չի աշխատում, որովհետեւ քրիստոնյա աշխարհն ունեցել է մի փրկիչ, նրան էլ խաչել են: Հիմա նոր փրկիչ մենք չենք կարող գտնել՝ ի դեմս  մարդու: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մենք գաղափարների, ծրագրի շուրջ համախմբվենք: Իսկ դա նշանակում է համակարգի փոփոխություն: Այսօրվա համակարգը պարտադրում է միայն կոռուպցիա, խմբիշխանություն, մենաշնորհ: Հետեւաբար միայն նախագահ Սերժ Սարգսյանին հեռացնելով՝ համակարգը չի փոխվի: Մենք ասում ենք համակարգային փոփոխություն, որը ենթադրում է նաեւ գործող անձանց փոփոխություն»:

Լրագրողները ճշտեցին, այսինքն, դուք գաղափա՞ր եք առաջադրելու, թե՞ մարդ: Նա պատասխանեց. «Մենք  հիմա առաջադրել ենք կոնկրետ 7 կետանոց մոտեցումներ, հրավիրել ենք քննարկումների: Եթե այդ 7 կետը ընդունում են, առաջ է գալիս այն անձը, որը երաշխավորում է, որ այդ փոփոխությունները կարող է իրականացնել: Դրա արդյունքում կարող է ծնվել թեկնածուի շուրջ համախմբումը: Եթե թեկնածուն ձեւականորեն ընդունում է, բայց դուք էլ եք տեսնում, որ նա ի վիճակի չի լինելու դա անել, ո՞նց կարող եք դա պաշտպանել: Այսօր, անկեղծ լինելով, պիտի ասենք, դրա ամենամեծ շանսն ունի իշխանությունը: Եթե իշխանությունը ընդունի, որ փոփոխության է գնալու, որ փոխվելու է երկրի կառավարման համակարգը, որ պառլամենտում չեն լինելու այլեւս օլիգարխներ, այդ իշխանությանը պետք է ծափ տալ եւ աջակցել, որ անի: Մյուս կողմից, մենք չենք տեսնում այն ուժերին, որոնք որ ընդունում են այդ գաղափարներն ամբողջությամբ, դրա համար այսօր համախմբել ենք»:

Հնարավո՞ր է, որ ձեր թեկնածուն լինի Սերժ Սարգսյան՝ Արծվիկ Մինասյանը վստահեցրեց. «Եթե Սերժ Սարգսյանն ընդունի 7 կետերը՝ ինչո՞ւ ոչ: Չէ՞ որ մեզ համար անձը երկրորդական նշանակություն ունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930