Գարեգին Ա Հովսեփյանց Կաթողիկոսի այս խոսքերը վկայում են, որ կնոջը մեծագույն դեր եւ առաքելություն է վստահված: Այդ դերի եւ առաքելության մասին Մալաթիայի Սբ. Աստվածածին եկեղեցու կից սրահում «Մանանա» երիտասարդական ծրագրի հերթական հանդիպմանը երիտասարդների հետ զրուցեց Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբան Արսեն սարկավագ Զոհրաբյանը:
Հոգեւորականի խոսքով` Սուրբ Գրքի հենց առաջին գլխում տեսնում ենք, որ կինն ընկերն է տղամարդու. նրանք մի ներդաշնակության մեջ են: Աստված ստեղծեց կնոջը, ասելով. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի: Նրա նմանությամբ մի օգնական ստեղծենք նրա համար»: Մեկնաբանություններից մեկի համաձայն` Եվան չստեղծվեց Ադամի գլխից, որպեսզի նրանից ավելի վեր չլինի, չստեղծվեց ոտքերից, որպեսզի նրա ենթական, ստրուկը չլինի, այլ ստեղծվեց Ադամի կողոսկրից, որպեսզի միշտ նրա կողքին լինի եւ սրտին ավելի մոտ»,-ասում է հոգեւորականը:
Խոսելով տղամարդու եւ կնոջ հավասարության մասին` բարեշնորհ սարկավագը նշեց, որ հասարակության մեջ պետք չէ խտրականության ենթարկել կանանց, բայց պետք է հիշել նաև կնոջ և տղամարդու միջև բնական տարբերությունը: Եթե կարդում ենք Հին Կտակարանը, տեսնում ենք, որ այստեղ առավելապես ընդգծվում է տղամարդու դերի կարեւորությունը` նահապետական կարգերի ուժով, սակայն Սուրբ Գիրքը երբեք ետին պլան չի մղում կնոջը: Այստեղ հանդիպում ենք բազմաթիվ օրինակների, երբ կանայք են ղեկավարում Իսրայելը կամ կարևոր դեր են ունենում Իսրայելի կյանքում: Իսկ արդեն Նոր Կտակարանում մենք տեսնում ենք, որ Քրիստոս հավասար վերաբերմունք է ցուցաբերում և’ կանանց, և’ տղամարդկանց: Նա նույնիսկ մեծ առանձնաշնորհում է տալիս կանանց. Խաչելության պահին, երբ տղամարդիկ փախան, կանայք էին կանգնած Հիսուսի մոտ, հենց կանայք ստացան Փրկչի Հարության ավետիսը, Հիսուսին Հարությունից հետո առաջինը տեսնողը ևս կին էր:
Վաղ քրիստոնեկան շրջանում Պողոս Առաքյալի խոսքով՝ բոլորը հավասար էին: Նրա` Գաղատացիներին ուղղված թղթում կարդում ենք. «Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտվեցիք, Քրիստոսով զգեստավորվեցիք, ուրեմն խտրություն չկա ոչ հրեայի, եւ ոչ հեթանոսի, ոչ ծառայի եւ ոչ ազատի, ոչ արուի եւ ոչ էգի, որովհետեւ դուք ամենքդ մեկ եք ի Քրիստոս Հիսուս»: Սակայն Պողոս առաքյալը ևս չի շրջանցում կնոջ և տղամարդու բնական տարբերությունը և համապատասխան պատգամներ է հղում ամուսնական կյանքով ապրողներին. «Կանայք իրենց մարդկանց թող հնազանդ լինեն, ինչպես կհնազանդվեն Տիրոջը, որովհետեւ մարդն է գլուխը կնոջ, ինչպես որ Քրիստոս գլուխն է Եկեղեցու, եւ Ինքն է փրկիչը այդ մարմնի: Եվ ինչպես Եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, նույնպես եւ կանայք թող հնազանդվեն իրենց մարդկանց ամեն ինչում»: Նա պատվիրում է սիրել կանանց` ինչպես իրենց մարմինները, եվ «ով սիրում է իր կնոջը, իրեն է սիրում, որովհետեւ ոչ ոք երբեք իր անձը չի ատում, այլ սնում եւ խնամում է այն, ինչպես որ Քրիստոս Եկեղեցին»:
Խոսելով տղամարդու եւ կնոջ միության մասին` Արսեն սարկավագը նշեց, որ Հայ Եկեղեցին Պսակի խորհրդի միջոցով օրհնում է ամուսնացող զույգի միությունը և իր պատգամներով օգնում է նորապսակներին` կազմելու իրենց «դրախտի ընտանքը», որտեղ նրանք «միախորհուրդ եւ միաշունչ» կղեկավարեն ու կկազմակերպեն իրենց կյանքը: Սուրբ Պսակի խորհրդի ժամանակ «տեր» եւ «հնազանդ» խոսքերն առավելապես կապվում են հոգատարության և ծառայության հետ: Նմանվելով Տիրոջը, ով աշխարհ եկավ ծառայելու, ոչ թե ծառայություն ընդունելու, տղամարդը, որպես տեր, պարտավորություն ունի խնամելու կնոջը և ծառայելու իր ընտանիքին: Ծննդոց գրքում կարդում ենք. «Տղամարդը թողնելով իր հօրն ու մօրը` պէտք է միանայ իր կնոջը, եւ երկուսը պէտք է լինեն մի մարմին» (Ծննդոց 2:22-24): Եվ, իբրեւ մի մարմնի տերեր, պարտավոր են խնամել, այսինքն` տեր լինել մեկը մյուսին»,-նշում է հոգեւորականը:
Խոսելով կանանց բռնության խնդրի մասին` բանախոսը նշեց, որ այն որեւէ կապ չունի քրիստոնեության, Սուրբ Գրքի հետ: Վերջին տարիներին հաճախ կարող ենք լսել որոշ անհիմն մեղադրանքներ, որոնց համաձայն քրիստոնեության մեջ և հատկապես Պսակի խորհրդի ժամանակ կանանց դերը ստորադասվում է, իսկ տղամարդկանց տրվում է անսահմանափակ իշխանություն կնոջ հետ վարվելու իր ուզածի պես: Սա էլ կանանց բռնության ենթարկվելու պատճառ է դառնում: Սակայն նմանատիպ մտածումներ ունեցողները պարզապես ծանոթ չեն Սուրբ Գրքի պատգամներին և Հայ Եկեղեցու Պսակի խորհրդին:
Ընդգծելով կանանց դերի կարեւորությունը, նա նշեց, որ Հայ Եկեղեցին մշտապես առանձնահատուկ դեր է շնորհել կանանց, եւ պատահական չէ, որ մեր պատմության մեջ բազմաթիվ սրբուհիներ կան, կանայք, իշխանուհիներ, ովքեր եկեղեցիներ են կառուցել, ձեռագրեր պատվիրել, շարականներ գրել եւ այլն: Հետաքրքրական է, որ 1917թ., ավելի վաղ, քան Եվրոպայում, Գևորգ Ե Կաթողիկոսի կոնդակով վերականգնվում է կանանց ընտրելու և ընտրվելու իրավունքը:
Խոսելով ներկա շրջանում Եկեղեցում կանանց դերի մասին, Արսեն սարկավագը նշեց, որ բազմաթիվ կանայք և աղջիկներ ակտիվ դերակատարություն ունեն Հայ Եկեղեցու թեմերում` իբրև վարչության անդամներ, երիտասարդաց միության ատենապետներ, կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներ և այլն:
Անդրադառնալով կանանց քահանայության խնդրին` հոգեւորականը նշեց, որ Հայ Եկեղեցում քահանայությունը շնորհվում է Քրիստոսի օրինակով: Բացի այդ` առաքյալները եւս եղել են տղամարդիկ, հետևաբար տղամարդկանց է առանձնաշնորհված քահանայագործումը, ինչպես կանանց` մայրությունը: Իսկ այն կանայք, որոնք չեն ամուսնանում (միանձնուհիներ)` իրենց ամբողջովին նվիրաբերելով Աստծուն, Գարեգին Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքով` «արդեն իսկ օծված են Աստծո սիրով»:
Յուրաքանչյուրս` կին կամ տղամարդ, հավասար ենք Աստծուն ծառայելու մեջ. քահանայագործելով, որդեծնությամբ, լավ երեխա դաստիարակելով, լավ ուսուցիչ լինելով, հարեւանին բարի խոսք ասելով եւ այլն:
Մարիամ Ավետիսյան