Իմ սուբյեկտիվ ընկալմամբ՝ այսօրվա քաղաքական օրակարգի ամենակարեւոր խնդիրը ոչ կուսակցությունների միջեւ ձեւական «կոնսուլտացիաներն» են, ոչ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը, ոչ էլ նույնիսկ նախագահական ընտրությունները: Այսօր ինձ համար շատ ավելի կարեւոր է, որքան էլ դա տարօրինակ թվա, Տիգրան Առաքելյանի ազատ արձակումը ու Վարդան Օսկանյանի նկատմամբ հետապնդման դադարեցումը: Տիգրանի՝ ոստիկանի հետ վիճելը, քաշքշելն ու «աքլորանալը» հաստատ այն արարքը չի, որի համար երիտասարդը պիտի նստի 6 տարի: Օսկանյանի «փող լվալն» ընդհանրապես «սեւ հումորի» շարքից է: Այդ երկու հարցերի լուծումը կօգնի մտածող եւ չքաղաքականացված մարդկանց համոզվելու, որ այն փոփոխությունները, որոնք դանդաղ եւ վարանոտ քայլերով ձեռնարկում է իշխանությունը, իսկապես շարունակվում են, եւ այլեւս ոչ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվի:
Մեր հասարակությունը չի կարողանում կենտրոնանալ կոնկրետ խնդիրների վրա եւ քաղաքական ուժերի դրդմամբ մաքսիմալիստական խնդիրներ է դնում: Ես հիշում եմ, երբ 2002-ին Քոչարյանը փակեց «Ա1+»-ը, մարդիկ, հեռուստադիտողները խիստ վրդովված էին եւ դուրս էին եկել փողոց: Սակայն քաղաքական ուժերը, որոնք հայտնվեցին Ազատության հրապարակի հարթակում, սկսեցին խոսել ոչ թե «Ա1+»-ի մասին, այլ «գլոբալ» խնդիրներից՝ ինչպես միշտ, «ռեժիմից ազատվելու», «օր առաջ իշխանափոխության» եւ այլնի մասին, ու բնականաբար՝ ոչ փոքր, ոչ էլ մեծ նպատակներին չհասան:
Քաղաքականացված մարդիկ ընկնում են բառերի հետեւից՝ կարծելով, թե որքան խայթող կամ ստորացնող լինեն դրանք եւ որքան բարձր արտասանվեն, այնքան գործն առաջ կգնա: Որպես օրինակ բերեմ «բռնապետ» եւ «դեմոկրատ» բառերը: Եթե ներկայիս նախագահը բռնապետ է, ապա բռնապետներ էին նաեւ առաջին եւ մանավանդ՝ երկրորդ նախագահները՝ նրանց ժամանակ, ի դեպ, չկար էթիկայի հանձնաժողով, որը նկատողություն էր անում ամբարտավան կեցվածք ունեցող օլիգարխներին. որպես հետեւանք՝ վերջիններս շատ ավելի սանձարձակ էին, քան հիմա: Եթե Գագիկ Ջհանգիրյանը դեմոկրատ է, ապա Աղվան Հովսեփյանը նույնպես դեմոկրատ է. հակառակ դեպքում ինչպե՞ս է ստացվել, որ «ռեժիմի ծառա» գլխավոր դատախազը իր կողքին տարիներ շարունակ հանդուրժել է այսպիսի առաջադեմ հայացքներ ունեցող տեղակալին: Ամեն ինչ, ինչպես տեսնում եք, խիստ հարաբերական է, եւ եթե սկսենք վիճել բառերի մասին՝ թե ով է օլիգարխ, ով՝ ֆեոդալ, ով է հայրենասեր, իսկ ով՝ ապազգային, դա մեզ շատ հեռուն կտանի, եւ դրանից ոչ նվազագույն աշխատավարձը կբարձրանա, ոչ անարդար դատավճռով ազատազրկված երիտասարդը դուրս կգա բանտից:
Եթե, այնուամենայնիվ, պետք է բղավել ու վանկարկել, ապա ես պատրաստ եմ. միայն նախօրոք տեղյակ պահեք՝ ինչ է պետք գոռալ՝ «Լեւո՞ն նախագահ», «Գագի՞կ նախագահ», թե՞ «Վարդան նախագահ»:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ