Այսօր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հրավիրած ասուլիսում հարցին՝ վարչապետն ասել է, որ քանի դեռ ԲՀԿ առաջնորդը չի հայտարարել, որ կոալիցիոն հուշագիրն այլեւս ուժի մեջ չէ, այն դեռ գոյություն ունի, պատասխանեց. «Եթե վարչապետը կարողանա ապացուցել, որ ՀՀԿ, ՕԵԿ, ԲՀԿ կոալիցիա գոյություն ունի, կանդրադառնանք նրա ասածին»:
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ հորդորել էր լրագրողներին ԲՀԿ-ին հարցնել՝ իրենց օրակարգում Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու հարց կա՞: Նաիրա Զոհրաբյանը այս հարցին չպատասխանեց՝ ասելով, որ առջեւում նախագահական ընտրություններ են, իսկ իրենք ասել են, որ նախագահական ընտրություններին առնչվող հարցերին կպատասխանեն ավելի ուշ:
Aravot.am-ը ճշտեց՝ Լեւոն Զուրաբյանն ասում էր, որ արտահերթ նիստ հրավիրելու հարցի շուրջ ձեզ բոլորիդ միավորում է իշխանափոխության հարցը, տիկին Զոհրաբյանը պատասխանեց, որ արտահերթ նիստը հրավիրվել է մեկ հստակ օրակարգով՝ ՀԱԿ-ի ներկայացրած ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Քանի որ նախագիծը կարող էր օրակարգ դրվել միայն գարնանը, ԲՀԿ-ն միացավ դրան: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի այն հայտարարությանը, որ քվորում չի լինելու, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Մենք հրավիրում ենք արտահերթ նիստ, գործընթացները ցույց կտան: եթե իրենք գտնում են, որ այդքան սարսափելի է նաեւ քննարկելը, ես այստեղ ավելացնելու բան չունեմ»:
Անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ասածին` «տիկնոջ» եւ «դուռը թակելու» մասին նա նշեց, որ կոմպետենտ են «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի, Հովսեփ Խուրշուդյանի եւ արտաքին հարցերի շուրջ Ստեփան Սաֆարանի մոտեցումները. «Իսկ այլոց տեսակետները, թույլ տվեք չմեկնաբանել: Կա «Ժառանգության» տարածած մամլո հաղորդագրությունը, որտեղ հստակ նշվել է, որ խորհրդակցությունները եղել են նախապես պայմանավորված»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ