Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն իրո՞ք սխալ է հասկացել ՀՅԴ-ին, թե՞ այդպես էր պետք ներկայացնել

Նոյեմբեր 16,2012 12:58

Երեկ «Բյուջե 2013 » օրենքի նախագծի վերաբերյալ իր ամփոփիչ ելույթում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ իրենք հաշվի են առել ՀՅԴ-ի առաջարկությունները, և Կոռուպցիայի դեմ պայքարի մոնիթարինգի հանձնաժողովի տեղերի 1/3-րդ մասը հատկացվելու է ընդդիմությանը, 1/3-րդը՝ ընդդիմադիր կեցվածք ունեցող հասարակական կազմակերպություններին, 1/3-ը՝ կառավարությանը: Այս հայտարությանը հետևեց ՀՅԴ-ի կողմից պարզաբանումը: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ճշգրտեց, թե վարչապետը իրենց սխալ է հասկացել:

Իսկ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտարարել էր.  «Մեր առաջարկները ներկայացրել ենք և արագ կերևա՝ արդյո՞ք կառավարող ուժն անկեղծ է իր հայտարարությունների մեջ: Եթե իսկապես ուզում է կոռուպցիայի դեմ պայաքարի համար գործողություններ ձեռնարկել, պիտի ընդունի նաև մեր առաջարկները»:

Արդյո՞ք կառավարության անկեղծության աստիճանը պարզ է, կամ վարչապետն իրո՞ք ՀՅԴ-ին սխալ է հասկացել, թե՞ ուղղակի այդպես է ձեռնտու ներկայացնելը: Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ պարոն Մինասյանից: Նա պատասխանեց. «Տեղի է ունեցել թյուրիմացություն: Իսկապես վարչապետը  ճիշտ չի հասկացել մեր ասածը: Մենք առաջիկայում գրավոր կներկայացնենք մեր առաջարկությունը և կհրապարակենք, որ ունենանք հստակ տեսակետ: Շնորհակալ ենք համագործակցության համար, բայց այն, ինչ ասաց վարչապետը, վերաբերում է մոնիթորինգի հանձնաժողովին, որն այսօր էլ կա: Սակայն մենք խոսում ենք հակակոռուպցիոն անկախ մարմնի մասին: Իսկ անկախ մարմինը պետք է լինի հնարավորինս զերծ իշխանության կամ կառավարող ուժի ազդեցությունից, վայելի հասարակության վստահությունը: Եվ որպես լուծում  մենք առաջարկում են ընդդիմության դերի և կշռի բարձրացումն այդ մարմնում: Առաջիկայում մենք առաջարկն ավելի մանրամասն գրավոր կհրապարակենք, որ նման թյուրիմացություններ չլինեն»: Մեր այն դիտարկմանը` մի՞թե դա այն խճճված հարցն էր, որ կարող էր թյուրիմացության պատճառ դառնալ, Ա. Մինասյանը պատասխանեց. «Այդպիսի շատ մարմիններ կան, միգուցե թյուրիմացությունն այդ պատճառով է տեղի ունեցել: Իսկ անկեղծության առումով գնահատական տալու համար մի քիչ էլ սպասենք, որ ավելի պարզ լինի կոնկրետ հակակոռուպցիոն գործողությունների հարցում մոտեցումները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930