Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդմոնդ Մակարյան. «Ժամանակն է արժեւորում տվյալ ստեղծագործողին կամ նրա ստեղծագործությունները»

Նոյեմբեր 16,2012 13:00

Էդմոնդ Մակարյանը ստեղծագործում է 8 տարեկանից: Երաժշտական ունակությունները ի հայտ են եկել խիստ պատահական: Պատմում է, որ հայրը, չլինելով երաժիշտ, լացը հանգստացնելու համար բոլոր հնարքներն օգտագործելուց հետո բացել է դաշնամուրն ու մեկ ձեռքով նվագել ռուսական «Արջերի պարը»: Ինչպես Մակարյանն ասաց` դա միակ գործն էր, որ հայրը կարողանում էր նվագել: Նա լացը դադարեցրել է, իսկ մի քանի շաբաթ չանցած, ինքն է արդեն սկսել նվագել այն: Ասում է` իրեն ոչ ոք չի օգնել այդ գործում, պարզապես հայրն այնքան է նվագել, որ իր մոտ տպավորվել է:

«Երեկոները հայրս էր նվագում, ցերեկները ես էի փորձեր անում: Դաշնամուրը դարձավ իմ այդ տարիքի լավագույն խաղալիքը»,- ասում է Էդմոնդ Մակարյանը:
Դեռ մանկության տարիներից, ինչպես բոլորը, այնպես էլ Էդմոնդը, փորձել է մի շարք ասպարեզներում կայանալ. նախ նկարում էր, հետո բանաստեղծություններ գրում: Անցել է որոշակի ժամանակ ու սկսել է մերօրյա հայոց պատմությունը գրել, որից հետո էլ ֆուտբոլային մեծ տետրեր պատրաստել, բայց ճակատագրականը միայն դաշնամուրն էր՝ երաժշտությունը:
Մակարյանի կարծիքով` կոմպոզիտոր ծնվում են, այլ ոչ թե դառնում:
Հիշում է իր առաջին ստեղծագործությունը: Այն կոչվում էր «Վալս», սակայն այն այդպես էլ ոչ մի տեղ չի կատարել: Դրա փոխարեն «հաջողության դափնիները» հասել են իր հաջորդ ստեղծագործություններին:
«Մոցարտի Ժպիտը» և «Հայաստան» երգով ես մասնակցեցի 1996 թվականին պատանի կոմպոզիտորների «Ամադեուս» մրցույթին, որտեղ հաղթահարելով առաջին փուլը, այդպես էլ բախտ չվիճակվեց շարունակել, քանզի երկրորդ փուլի նախորդ օրը ես ստիպված էի բարձր ջերմության պատճառով լուսացնել հիվանդանոցում:Նույն «Հայաստան» երգն ու դաշնամուրային «Գարնանային Շողեր» ստեղծագործությունները հնչեցին այդ նույն թվականի հունիսի 1-ին՝ Հանրային հեռուստաընկերության «3-րդ ալիք» հաղորդման շրջանակներում»,- պատմում է Էդմոնդը: Ասում է՝  իր ստեղծագործությունների թիվը 200-ից անցնում է: Դրանց մեջ են ինչպես մանուկ հասակի մանկական պիեսները, երգերը, անսամբլները, այնպես էլ հասուն տարիքում գրված սիմֆոնիկ պոեմները, կամերային մեծ կտավի գործերն, նաև էստրադային երգերը: Կարծում է` այս թիվը կարող էր ավելի շատ լինել, եթե դպրոցն ավարտելուց հետո Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի  ուսանող չլիներ, քանի որ ուսանելու 4 տարիների ընթացքում գրել է ընդհամենը մեկ երգ` «Հրաժեշտ»: Այն կատարել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Սյուզան Մարգարյանը:
«Յուրաքանչյուր ստեղծագործող, դա կլինի նկարիչ, բանաստեղծ, թե կոմպոզիտոր, իր գրած բոլոր ստեղծագործություններին վերաբերվում է ինչպես իր երեխաներին»,- կարծում է

Էդմոնդ Մակարյանի առաջին նոտաները

Էդմոնդ Մակարյանի առաջին նոտաները

Ստեղծագործելուն, որպես խոչընդոտ, կոմպոզիտորի համար եղել է միայն ժամանակը: Ասում է` այն միշտ չէ, որ բավականացնում է:
Այս պահի դրությամբ Էդմոնդը նախապատրաստրաստվում է գրել իր կյանքի ամենասպասված ստեղծագործությունը՝ «Օպերան»: Իր խոսքով, այդ ստեղծագործությունը իր մտքում ապրում է արդեն մի քանի տարի, դրա  մեջ ներառված են հայի գերհզոր կերպարներ: Դրանք ներկայացնելու համար կոմպոզիտորը նախընտրել է մանրամասնորեն ուսումնասիրել ու ինքն իր մեջ պատրաստ լինել ամբողջացնելու այդ ամենը:
Բացի իր սեփական ստեղծագործությունից, կոմպոզիտորը պետք է գրի ֆիլմի համար սաունդթրեք: Պատվիրել են: Անկեղծանում է` պատվիրատուներն այդքան էլ շատ չեն, քանի որ Կոնսերվատորիայում սովորելու տարիներին ինքն ավելի շատ կենտրոնացած է եղել դասական երաժշտության վրա: Չնայած դրան, Էդմոնդը հիշում է, որ եղել են դեպքեր, երբ ինքն է հաճույքով նվիրել իր էստրադային երգերը նրանց, ովքեր ցանկություն են հայտնել կատարել դրանք:
«Վերջին շրջանի կատարված երգերի օրինակներից է Դալիթայի` «Դեպի նոր մի կյանք» երգը, որի խոսքերը գրել է հենց Դալիթան, ինչպես նաև Սոֆի Մխեյանի` «Իմ Մամ» երգը, որի բառերը գրել է Ավետ Բարասեղյանը »,-ասում է Է. Մակարյանը:
Կոմպոզիտորական այսօրվա վիճակից խոսելով՝ չի ցանկանում քննադատել կամ վատաբանել այն մարդկանց, ովքեր չունեն անգամ տարրական երաժշտական կրթություն, բայց կարողանում են մի քանի նոտա կապելով երգ գրել ու գումար աշխատել: Ըստ նրա, դա բավական հեռու է երգ կոչվելուց: Համոզված է` նրանք մեղավոր չեն, մեղավորը այն մարդիկ են, ովքեր շարունակում են նմանօրինակ երգերի «պրոպագանդան»: Սակայն վստահաբար ասում է, որ ունենք բարձրակարգ երաժիշտներ, մարդիկ, որոնց շնորհիվ աշխարհը վաղը ճանաչելու է  Հայաստանն ու մեր մշակույթը: «Ամեն դեպքում, ժամանակն է արժեւորում տվյալ ստեղծագործողին կամ նրա ստեղծագործությունները»,- ասում է Էդմոնդ Մակարյանը:

 

 

 

Արամ Արարատյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930