Եղանակային փոփոխությունը ազդում է մարդու ֆիզիկական և հոգևոր վիճակի վրա: Քանի որ աշնանը խախտվում են գիշեր-ցերեկ ժամանակային հարաբերությունները, նկատվում է էներգիայի, վիտամինների պակաս: Մարդիկ կարող են հակված լինել տխուր զգացողությունների, ունենալ անբավարարվածության, մեղավորության զգացում: Սա կոչվում է աշնանային դեպրեսիա: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշնանային դեպրեսիայից տառապում է երկրագնդի յուրաքանչյուր 5-րդ բնակիչը, ընդ որում՝ կանայք երկու անգամ ավելի հաճախ, քան տղամարդիկ: «Կանայք ավելի նրբանկատ են, շուտ են հուզվում, շատ տղամարդիկ նրանց համարում են թույլ էակներ, իսկ իրենց՝ ուժեղ սեռ: Նրանց բնորոշ է «ծանրություններ» կրել իրենց ուսերին, այնքան էլ չեն սիրում արտահայտել իրենց զգացումները, բողոքել իրենց վիճակից»,-ասում է հոգեբան Աննա Վարդանյանը: Վերջինիս խոսքով՝ այս ընթացքում սովորաբար ընկնում է մարդկանց տրամադրությունը, որն էլ ազդում է աշխատունակության վրա:
Ըստ որոշ գիտնականների ՝ միայնակ մարդիկ ավելի շատ են հայտնվում նման վիճակում, սակայն թիրախում հիմնականում դեռահասներն են: Գիտնականները պնդում են նաև, որ խոնավության մեծ տոկոսը և բորբոսը նպաստում են դեպրեսիվ վիճակին: «Վերջերս անտրամադիր եմ, չեմ կարողանում զվարճանալ, ժամանակ անցկացնել ընկերներիս հետ, խուսափում եմ մարդկանցից: Նույնիսկ չեմ կարողանում դասերս անել, անընդհատ ուզում եմ հանգստանալ, չի ստացվում: Չգիտեմ, գուցե պատճառը եղանակն է, սիրում եմ անձրև, սակայն տխրում եմ ու ինձ միայնակ զգում»,-աում է 18-ամյա Մարինեն:
Աշնանային դեպրեսիայի ժամանակ տեղաշարժեր են նկատվում նաև մարդու օրգանիզմում, անկախ սննդակարգից՝ կարող է ավելանալ կամ պակասել մարդու քաշը: Այս վիճակից ազատվելու համար հոգեբանը խորհուրդ է տալիս ավելի հաճախ շփվել մարդկանց հետ, գնալ գնումների, դիտել կոմեդի ժանրի ֆիլմեր, լիաթոք ծիծաղել և այլն: «Կարող եք փոխել ձեր սանրվածքը: Դեպրեսիայից ազատվելու հարցում օգնում է նաև վառ գույներով հագուստը: Օրինակ՝ կանաչը հանգստացնում է, լավացնում է լսողությունը, իջեցնում է աչքի և արյան ճնշումը, դեղինը մարդուն հաղորդում է առույգություն, տրամադրում զրույցի»,-ասում է Վարդանյանը:
Նազենի Բաղդասարյան