Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազերինֆորմի» «լավագույն ավանդույթները» չեն մոռացվել

Նոյեմբեր 16,2012 12:07

Ադրբեջանական քարոզչամեքենան շատ հաճախ այնպիսի «տեղապտույտներ է տալիս», որ ակամա խղճում ես թե՛ «ղեկապետին», թե՛ հատկապես նրանց, որ լծվել են խորհրդային արտադրության «ԳԱԶ-51» հիշեցնող այդ խլյակին եւ փորձում են «առաջ մղել»` աղտոտելով իրենց դեմքը: Այս դերում ավելի հաճախ հայտնվում են ժամանակին Բաքվի դժոխքից մի կերպ գլուխներն ազատ ռուսախոս մտավորականներ եւ լրագրողներ կամ խորհրդային պատժիչ ուժերի պաշտոնաթող սպաներ, որոնք «մի բաժակ թունդ արաղի» դիմաց ե՛ւ անցյալն են կեղծում, ե՛ւ ներկան:

Այս շարքի հերթական «զոհը» Իսրայելի հեռուստաընկերություններից մեկում ինչ-որ հաղորդաշար վարող` նախկին բաքվեցի եւ «ազերինֆորմական» Դավիթ Կոնն է դարձել: 1990-ի օգոստոսին թողնելով Բաքուն եւ հաստատվելով պատմական հայրենիքում, Կոնը միայն վերջերս է «կարոտախտով հիվանդացել»: Այս հարցում նրան, իհարկե, մեծապես օգնել են Բաքվից:

Ի՞նչ է հիշել նախկին բաքվեցի «ազերինֆորմականը»: Պարզվում է, նա «եղել է այնտեղ. երբ ամբոխը Ստեփանակերտից շարժվել է Աղդամի վրա, երբ այնտեղ կանայք նրանց (ո՞ւմ- Վ. Ա.) բաժանել են»: Նա «այնտեղ է եղել, երբ հայկական կողմից հնչել է առաջին կրակոցը, որի հետեւանքով սպանվել է առաջին ադրբեջանցին, դա հակամարտության առաջին կրակոցն էր»:

Նախկին բաքվեցու հիշողությամբ «ինչպե՞ս է եղել. ամբոխը շարժվել է ամբոխի վրա, նրանք կանգ են առել, վիճել, բղավել, միլիցիան փորձել է ինչ-որ բան անել եւ հանկարծ` կրակոց, մարդը ընկել է»: Այսօրվա ընթերցողին`թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմերի, այս պատմությունը ոչինչ չի հուշում: Բացի` որ ադրբեջանական քարոզչությունը նոր սերնդին հետեւողականորեն ներշնչում է, թե հակամարտության «առաջին զոհը եղել է ադրբեջանցի, սպանվել է հայերի կողմից»:

Խոսքը 1988-ի փետրվարի 22-ի իրադարձությունների մասին է: Բայց Դավիթ Կոնը փաստերը ներկայացնում է գլխիվայր. ոչ թե Ստեփանակերտից է «ամբոխը շարժվել Աղդամի վրա», այլ Աղդամից է միքանիհազարանոց խառնամբոխը շարժվել Ասկերանի վրա` «հայերին դաս տալու նպատակով»: Տարածաշրջանում «ադրբեջանական գործոնի» առաջին հիշեցումն էր դա: Փաստացի ապացույցը Ադրբեջանի ղեկավարներից մեկի, հետագայում` ՆԳՆ նախարար Ասադովի ասածն է, թե «100 000 ադրբեջանցի պատրաստ է ամեն վայրկյան ներխուժելու եւ գերեզմանոց դարձնելու Լեռնային Ղարաբաղը»:

Սպառնալիքը հնչել է 1988-ի փետրվարի 20-ին, եւ երկու օր անց խառնամբոխը գրոհել է Ասկերանը: Նույնիսկ ժամանակի խորհրդային մամուլն է անզոր գտնվել` կեղծելու ակնհայտ իրողությունները: Մոսկովյան թերթերում գրվել է, որ ամբոխը դեպի Ասկերան ճանապարհին ավերել է հայկական գյուղերի խաղողի այգիները, հրկիզել Խանաբադի կոլտնտեսության էլեկտրաաղացը:

Հարձակումը կասեցվել է Ասկերանում, եւ կրակոցներ, այո, հնչել են: Բայց ո՞ր կողմից: Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն «Երկրորդ հանրապետության վախճանը» գրքում, հիմք ընդունելով զոհված ադրբեջանցու հարազատների վկայությունները, փաստում է, որ նա սպանվել է… ադրբեջանցի «միլիցիոների կրակոցից»:

Շուտով կլրանա այդ ողբերգության 25-ամյակը: Քառորդ դար անց ի՞նչ իմաստ ունի եւս մեկ անգամ կեղծել փաստերը: Ի՞նչ է ուզում ասել «իլհամպրոպը»` որ հայերն «առաջինն են կրակել-ադրբեջանցի սպանել եւ արժանի են վրիժառությա՞ն»: Ըստ երեւույթին` այո, դա է ասելիքը: Բաքվում գերադասում են դա ասել ուրիշի բերանով` նախկին «ազերինֆորմականի»: Բայց չէ՞ որ ամեն ինչ սկսվել է հենց «Ազերինֆորմի» կեղծ-հավակնոտ-մեծապետական քարոզչությունից: Չէ՞ որ եղել է խնդիրը խաղաղ ճանապարհով հարթելու հնարավորություն: Մեկ անգամ այն բաց է թողնվել: Այսօր, ինչպես տեսնում ենք, «Ազերինֆորմի» «լավագույն ավանդույթները շարունակվում են»: Վստահաբար` ի վնաս ադրբեջանական ժողովրդի:

Վահրամ Աթանեսյան

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930