Այսօր ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում մեկնարկեց ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը: «Համալսարանը ղեկավարում են ուսանողները» ծրագրի մեկնարկը տրվեց «Ուսանողական ռեկտորատի նիստով», որին մասնակցում են բացառապես ուսանողները: ԵՊՀ ուսանողական խորհրդի կողմից նախապես հայտարարված «եթե ես լինեի ԵՊՀ ռեկտոր…» խորագրով Էսսեի մրցույթում հաղթած ուսանողը որպես «նորընտիր ռեկտոր» այսօր ստանձնելու է ռեկտորի պարտականությունները: Այս տարի հաղթող է ճանաչվել ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ուսանողուհի Ռիմա Կաբրլյանցը: «Էսսեում մենք խոսել ենք այն մասին, թե ինչպիսին ենք ուզում տեսնել մեր համալսարանը: Այն ես համեմատել եմ ընտանիքի հետ, որտեղ պետք է լինի ջերմ մթնոլորտ, որն օգնում է ճիշտ իրականացնել նպատակները: Ընտանիքում պետք է հայրենասիրություն տիրի, քանի որ հայ ուսանողը պետք է հայրենասեր լինի եւ գիտելիքներն օգտագործի հայրենիքի պատիվը բարձր պահելու գործում: Խոսել եմ նաեւ այն մասին, որ յուրաքանչյուր ուսանող պետք է կիրառի գիտելիքի տված ուժը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ռիման:
Խոսելով իր առաջիկա պարտականություններից` նա նշեց, որ ուսանողները առաջադրել են մի շարք խնդիրներ, որոնց մտադիր են լուծել առաջիկա հինգ տարվա ընթացքում. «Առաջնայինը վարչական մարմինների հետ կապված կարգապահությունն է: Ամեն ուսանող չէ, որ կարողանում է հարցերին լուծում տալ, քանի որ տարբեր դժվարությունների է հանդիպում: Պետք է լուծվեն նաեւ կոռուպցիայի եւ ուսանողական գործուղումների հետ կապված հարցերը: Նախորդ տարի ընդունել ենք կոռուպցիայի դեմ ուղղված ծրագրերի փաթեթ, որը կշարունակենք կիրառել: Հատուկ հանձնաժողով կստեղծվի, որը կվերահսկի քննությունների ընթացքը»:
Հավելենք, որ այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում տեղի կունենա ուսանող, զոհված ազատամարտիկներ Արա Ավանեսյանի, Էդուրադ Ավագյանի, Սարգիս Խոջյանի եւ Տիգրան Պետրոսյանի անունները կրող լսարանի բացման արարողությունը, որին ներկա կլինեն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ