Լրահոս
Օրվա լրահոսը

Գոնե նախկին անթերի բյուջեներից օրինակ վերցրեք

Նոյեմբեր 16,2012 11:31

Հիմա Հայաստանի քաղաքական միտքն աշխատում է երկու ուղղությամբ:
Առաջինը ԲՀԿ-ՀՅԴ-ՀԱԿ-«Ժառանգություն» «ընդդիմության» քննարկումների դեռ չձեւավորված գործընթացն է, որում մեր հայրենի գործիչներին առավելապես հետաքրքրում է ոչ թե երկրի կառավարման նպատակահարմար համակարգի ընտրությունը, այլ այն, թե մինչեւ նախագահի ընտրությունները ով ում հետ կմիանա, ինչ ուժ կներկայացնի իրենից:
Գրեթե բոլորն էլ գիտակցում են, որ կառավարման համակարգի ձեւի ընտրություն եթե կատարվի էլ (որ չի կատարվի) լինելու է զուտ ձեւական եւ մեր իրականության մեջ ոչինչ չի փոխելու: Իսկ այս կամ այն ձեւի առավելությունների մասին խոսակցությունները ներկայիս Հայաստանի հետ որեւէ առնչություն չունեն եւ ավելի հիշեցնում են քաղաքական-տեսական բնույթի հեքիաթներ` անձնական հարաբերությունների դաշտում:
«Քաղաքական մտքի» երկրորդ թիրախը 2013-ի բյուջեն է, որի քննարկումները առաջինի համեմատ ավելի բուռն էին ու անիմաստ «զգացմունքային», քանի որ բյուջեն այն թեման է, որը տալիս է ժողովրդի աչքին լավիկը երեւալու հնարավորություն:
Այս հնարավորությունը պատգամավորների մանավանդ ընդդիմադիր հատվածը փորձեց օգտագործել առավել «արդյունավետությամբ»: Այսպես, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը համեմատեց 2013-ի բյուջեն «փակվող օբյեկտի» բյուջեի հետ։
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ այն անվանեց «տարկետման բյուջե»: Ըստ Վարդանյանի, կառավարությունը վատ է սովորել, վատ է աշխատել, մնացել է նույն դասարանում. տարկետման մեջ է:
Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ քննարկման ժամանակ այս ամենի մասին ասել է հետեւյալը. «Մենք ամենայն պատասխանատվությամբ քննարկում ենք բյուջեն, իսկ մյուսները ամբողջ օրը թերթերում խոսում են, թե գալիս են, հեսա հաղթելու են: Ի՞նչ ա պատահել, կհաղթեք, կգաք, նոր բյուջե կներկայացնեք, ինչի՞ եք այդպես ծանրաբեռնված քննադատում»: Ըստ նրա, ընդդիմադիրները փորձում էին ԱԺ ամբիոնը վերածել Ազատության հրապարակի հարթակի:
Թերեւս այս ամենը բնական ընթացք է, եւ երբեւէ իշխանություն չունեցած ընդդիմադիրների քննադատությունը շատ դեպքերում ընդունելի է ու տեղին: Եթե բյուջեի ե՛ւ եկամուտները, ե՛ւ ծախսերը ավելացել են, բայց չեն բարձրանալու ոչ աշխատավարձերը, ոչ կենսաթոշակներն ու նպաստները, այն էլ կանխատեսվող գնաճի պայմաններում, իհարկե, քննադատելի է եւ իրոք քննարկման նյութ:
Կառավարության գործունեության մեջ, եթե նույնիսկ բյուջեի նախագիծը մի կողմ դնենք, լիքը բացթողումներ ու այլակերպումներ կան, որոնց մասին անընդհատ պիտի խոսել, որ կառավարությունը նիրվանայից դուրս գա:
Թող հանկարծ այն տպավորությունը չստեղծվի, թե կառավարության գովքն ենք անում։ Քավ լիցի: Բայց կարծում ենք` թե բյուջեն, թե կառավարությանը իրավունք ունեն ամենախիստ ձեւով քննադատելու բոլորը, բացի նրանցից, ովքեր ժամանակին սրանից ավելի վատ բյուջեներ են ներկայացրել խորհրդարան:
Օրինակ, բյուջեի նախագծի քարը քարին չթողեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որը ժամանակին ինչ-որ անհայտ թվաբանություն էր ներկայացնում գոյություն չունեցող տնտեսության գոյություն չունեցող աճի մասին եւ ակնկալում միամիտներիս հավատը: Միամիտներս էլ, ճարած հացի խմորագունդը կուլ տալով, հրճվում էինք, որ «աճել ենք»:
Առնվազն տարակուսանք է հարուցում այն հանգամանքը, որ նախկին վարչապետն իր դիտողություններն անում էր ուսուցանողի ոճով` կասկածելով ինչ-ինչ հաշվարկների ճշտության վրա: Պարոն Բագրատյանը հիշո՞ւմ է արդյոք, որ իր վարչապետության օրոք Երեւանից հացը որպես դասակարգ վերացավ ճիշտ երկու օր հետո իր այն հայտարարությունից, թե հանրապետությունն ապահովված է ալյուրի անհրաժեշտ քանակով: Այդ ի՞նչ «ճշգրիտ» հաշվարկներ էին կատարվել:
Եվս մեկ տհաճ հիշեցում նախկին վարչապետի «հաշվարկներից». 1993 թվականին Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարը հայտարարություն արեց, ըստ որի, ՌԴ-ն չի պատրաստվում «ինֆլյացիա արտահանել»: Էությունն այն էր, որ դադարում են անվճարունակ Հայաստանին հավասար գործընկեր ճանաչելուց: Դրա նպատակը նաեւ ՌԴ տնտեսական ստինքներից կախված կաթնակերների սննդաբաժնի «դոզավորումն էր»:
Հայաստանում սրան հետեւեց առաջին անհրաժեշտության ապրանքների գների աննախադեպ թռիչք, եւ վարչապետ Հրանտ Բագրատյանն արեց մի ապշեցուցիչ հայտարարություն. «Տեղի է ունեցել մեր կողմից մինչեւ վերջ չբացատրվող գների աճ»: Իրականում, սակայն, ոչ թե «մինչեւ վերջ», այլ ընդհանրապես չբացատրվող: Նման հայտարարություն անող պաշտոնյան, այն էլ տնտեսագետ, պարզ է, որ պիտի ստանձնի խորհրդատուի պատվավոր դերը:
1992 թվականին (ուշադրություն` 92-ին, երբ դեռ զինադադար չէր հաստատվել) Գյումրիում կալանվեց 14 բեռնատարներից բաղկացած մի շարասյուն, որը վաճառելու համար Վրաստան էր տեղափոխում 100 տոննա ալյումին եւ 126 տոննա պղինձ: Ընդ որում, զտված պղինձ: Վաճառքը թույլատրել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը (նախարար՝ առաջին փոխվարչապետ Հրանտ Բագրատյան): Վաճառքի թույլտվություններ` հ. 4853372001001,30 եւ հ.4853372001001,31։
Ընդ որում, գործարքը մինչեւ վերջ հասցնելուն Գյումրիում պատահաբար խանգարել էր մի սովորական ավտոտեսուչ, որին կասկածելի էր թվացել ավտոշարասյունը:
Ինչու հիշեցինք սա. որովհետեւ սա այն քիչ դեպքերից է, որ ռազմավարական հումքի հսկայական քանակ է վաճառքի ուղարկվում Վրաստան: Նման հումք հիմնականում վաճառվում էր Իրանում:
Հիմա թեկուզ սխալվենք, բայց կասկածենք, որ շարասյունը կարող էր հասնել նաեւ Թուրքիա, իսկ հումքը, զենք ու զինամթերքի փոխարկված, ուղարկվել Ադրբեջան: 1992 թվականն է, հիշեք:
Իսկ 25 ԳՐԱՄ զտած պղինձը մեկ փամփուշտ է…

Ավիկ Մարության

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930